Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԵՆՔՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՂՄՈՒԿԻ ՀԱՄԱՐ Է
Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի իշխանությունների որոշումը Էդուարդ Շարմազանովի համար երկու հարց է առաջացնում` արդյոք սա նույն պոպուլիստական քայլը չէ, ինչ երկրի համար անօգուտ «Սու-30ՍՄ»-ների գնումը, և ինչու նման սպառազինություն չգնվեց ռուսական և իրանական շուկայից։ Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ է Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Այն, որ Հայաստանը պետք է զենք գնի, Շարմազանովի խոսքով, անառարկելի է։ Ավելին, ըստ նրա, Հայաստանը պետք է 2018 թվականից հետո շարունակեր այն ռազմական սպառազինության վերակառուցման գործընթացը, որը դրվել էր Ապրիլյան պատերազմից հետո, սակայն իշխանությունը հենց այդ ժամանակից գնացել է ավելի շատ քարոզչության հետևից։
«Մենք մշտապես կողմնակից ենք եղել, որ ՀՀ–ն կարողանա դիվերսիֆիկացնել իր անվտանգային համակարգը, իր պաշտպանությունը։ Եթե ֆրանսիական սպառազինությունը կարող է լուրջ, ռադիկալ ազդեցություն ունենալ հայկական պաշտպանունակության բարելավման ուղղությամբ, ես խնդիր չեմ տեսնում, բայց այստեղ հարցեր են առաջանում` ինչ զենք–զինամթերք է գալիս Հայաստան, արդյո՞ք սա ավելի շատ քարոզչություն չէ»,–նշեց Շարմազանովը։
Քաղաքական գործիչը կասկածում է, որ ֆրանսիական զենքը ձեռք է բերվում ավելի շատ աղմուկի, քան գործնական կիրառման համար։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` Հայաստանն իրավունք էր ունենում ռուսական ներքին գործարանային գներով ձեռք բերելու զենք և զինամթերք։ Ինչպես նաև կարելի էր զենք ձեռք բերել հարևան Իրանից։
«Բայց այսօր ՀՀ–ն փաստացի գնում է այլ ուղղությամբ։ Եվ ակնհայտ է, որ ոչ միայն արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, այլ նաև անվտանգային մի համակարգից փորձում են անցում կատարել այլ համակարգի»,–ասում է նա։
Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից ՀՀ–ի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքին, Շարմազանովը վստահ է` Արևմուտքի իրական նպատակը ոչ թե Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդումն է կամ վերազինումը, այլ այդկերպ նա լուծում է իր` Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու գերխնդիրը, ինչը երբեք չի թաքցրել։
Նա ընդգծում է` այս տարածաշրջանում կան երեք հիմնական ուժեր` Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Եվ Հայաստանը այժմ փոխարեն իր բնական դաշնակիցների` ՌԴ–ի և Իրանի հետ դաշնակցելու, «փրկիչներ» է որոնում Արևմուտքում կամ օվկիանոսից այն կողմ` շատ լավ գիտակցելով, որ արևմտյան որևէ զինվոր չի գալու և պաշտպանի Հայաստանը թուրք–ադրբեջանական հնարավոր ագրեսիայից։
«Տարածաշրջանում կա երկու հզոր բանակ` ռուսական և թուրքական, կա՛մ պետք է դաշնակցել մեկի հետ, կա՛մ` մյուսի։ Հայաստանի իշխանություններն ընտրել են թուրքական հովանոցի տակ ապրելը, սա է խնդիրը»,–ընդգծեց նա։
Բացի դա Շարմազանովը համոզված է, որ Թուրքիան թույլ չի տա, որ որևէ արևմտյան ռազմական ներկայություն գա մտնի Հարավային Կովկաս։ Իսկ ՀՀ իշխանությունների վերոնշյալ անհեռատես քաղաքականությունից հմուտ կերպով օգտվում է Ադրբեջանը։
«Թշնամին, ՀՀ արտաքին քաղաքական պատասխանատուների փնթի գործելաոճից օգտվելով, Հայաստանի դաշնակիցներին դարձնում է իրեն դաշնակիցները։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում կնքվեց ռուս–ադրբեջանական դաշնակցային հռչակագիր, ինչպես նաև Ալիևը Իրանի հետ կոնկրետ ռազմավարական երկխոսություն է նախատեսում»,–ասաց նա։
Ամփոփելով խոսքը` Շարմազանովը նշեց, որ ինչպես 100 տարի առաջ հայ ժողովուրդը սխալվեց և հույսը դրեց Արևմուտքի վրա, այսօր էլ նույն պատմությունն է կրկնվում, իսկ Արևմուտքի մոտ շատ լավ ստացվում է գեղեցիկ, հայանպաստ հայտարարություններ անելը։