ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՊԿ-Ի ՇՈՒՐՋ. ԱԽՐ ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՍՏԵԼ
Հայաստանը հրաժարվել Է ՀԱՊԿ-ի օգնության փաթեթից՝ կազմակերպության իր գործընկերներին խնդրելով օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը, ընդ որում՝ դրա շուրջ աշխատանքների եզրափակիչ փուլում։
Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարման մասին՝ հայտարարելով խորհրդարանում, թե « ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր պարտավորությունների՝ պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, ու սա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք ուղղակի արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչի ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, հետո չստանալով ոչ մի արձագանք՝ թողնում հետ վերադառնում, հետո էլի նույն կերպ գնում ու գալիս»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացատրություններն այդ առնչությամբ հնչում էին այսպես. «Հայաստանը, սկսած 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, այդտեղից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը և սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»։
Թեմայի վերաբերյալ իր գրոշը ներդրեց նաև ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հակոբ Արշակյանը, հայտարարելով, թե Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա, իսկ օգնությունից Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է, քանի որ, ուշադրություն. «ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։ Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիրը»։
Առաջին և ամենակարևոր հարցը մեր իշխանություններին. դուք դա միտումնավո՞ր եք անում, թե՞ իսկապես չեք հասկանում, որ բոլոր այդ զառանցալի բացատրություններն այնպիսի լուրջ թեմայի շուրջ, ինչպիսին երկրի փոխգործակցությունն է ռազմաքաղաքական դաշինքի հետ (միակ դաշինքի, որին այս փուլում անդամակցության իրավունքով մասնակցում է Հայաստանը), առնվազն տարակուսանք են առաջացնում, չենք խոսում արդեն պետության հեղինակության մասին, որն այդ ամենատարբեր ուղղվածության ճամարտակումներով իջեցվում է պլինթուսի մակարդակի։ Եվ դա այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ին իսկապես կան առարկայական հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում։
Նույնիսկ չքննարկելով ՀԱՊԿ-ին Հայաստանի ղեկավարության «հազար ու մի» դիմումների թեման՝ խորհրդակցությունների, այլ ոչ թե օգնության համար (այն մասին, որ դրանք կանոնադրության տարբեր հոդվածներ են, նշվել է բազմիցս), կենտրոնանանք Արմեն Գրիգորյանի հետևյալ արտահայտության վրա. «2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար»։
Այստեղ հիշենք 2022 թվականի փետրվարին փաշինյանական իշխանության ներկայացուցչի հնչեցրած մեկ այլ արտահայտություն։ «Հայաստանում այն իրավիճակը չէ, որ ստիպված լինենք դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Մեր երկրում բավականին բարդ իրավիճակ է, բայց Հայաստանի իշխանություններն այն վերահսկում են»,- հայտարարեց այն ժամանակ Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցության շրջանակներում Հայաստանը ներկայացնող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ Հայաստանը «Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերի պատճառով ՀԱՊԿ-ին չի խնդրի ռազմական ուժ մտցնել իր տարածք»։
«Առկա սպառնալիքը համակարգային է։ Մենք ի վիճակի ենք այն չեզոքացնել։ Փաշինյանի գլխավորած քաղաքական իշխանության ուժը նրանում է, որ նախընտրում է խնդիրները կարգավորել բանակցությունների, ոչ թե կրակոցների միջոցով»,- ասաց Արսենյանը։
Լավ է, չէ՞։ Այն ժամանակ մենք գրել ենք. «Եթե դուք ի վիճակի եք չեզոքացնել սպառնալիքը, ուրեմն չեզոքացրե՛ք: Փաշինյանի գլխավորած քաղաքական ղեկավարության այդ ի՞նչ «ուժի» մասին է խոսքը, եթե ադրբեջանական ԶՈՒ-ն արդեն գրեթե մեկ տարի (2021թ. մայիսի 12-ից) գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և ինչ-որ չի երևում, թե նրանք մտադիր են դուրս գալ հայոց հողից՝ զիջելով բանակցելու ձեր հանճարեղ ունակություններին...»:
Ի դեպ, անհնար է չհիշել, որ ի սկզբանե հայկական ղեկավարությունն ընդհանրապես փորձում էր հերքել և հանրությունից թաքցնել Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման փաստը, հետո ստիպված եղավ ընդունել կատարված փաստը, և մեկ տարի անց՝ «Փաշինյանի գլխավորած քաղաքական ղեկավարության ուժի» մասին Արսենյանի ամբարտավան ճառի պահի դրությամբ այդ փաստը ոչ մի փոփոխություն չէր կրել։ Ինչպեսև առ այսօր:
Այսպիսով, ինչի՞ց է այսօր դժգոհում Արմեն Գրիգորյանը՝ ասելով, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և այդ պահից մինչև անցյալ տարվա սեպտեմբեր, երբ Ադրբեջանը ևս մեկ անգամ հարձակվեց Հայաստանի վրա, ՀԱՊԿ-ից որևէ օգուտ չի եղել, եթե ՀՀ ղեկավարությունն ինքն էր հայտարարում, թե վերահսկում է իրավիճակը, նախընտրելով չեզոքացնել «համակարգային սպառնալիքը» բանակցությունների միջոցով։
Ճիշտ է, Բաքուն թքած ունի, թե ինչ են նախընտրում Փաշինյանն ու իր թիմակիցները, բայց այն, որ ՀԱՊԿ անդամների մոտ ակնհայտորեն կոգնիտիվ դիսոնանս է առաջացել և դժվար թե դա այսօր անցած լինի, փաստ է, որն անհնար է կասկածի տակ առնել։ Ըստ էության, նույն կոգնիտիվ դիսոնանսի մեջ է նաև հայ հասարակությունը՝ ինքն իրեն հարցեր տալով. եթե Հայաստանը որպես երկիր, որպես դաշնակից պետություն դիմել է, ապա ինչո՞ւ ՀԱՊԿ-ը (և առաջին հերթին Ռուսաստանը) այնուամենայնիվ չմիջամտեց։ Անտեսելով հայաստանյան իշխանությունների շահարկումները, իրարամերժ հայտարարությունները, «ոչ այն հոդվածով» դիմումները։ Ի վերջո, հայկական պետությունը բնավ այս պահին այն ներկայացնող իշխանությունը չէ, այլ առաջին հերթին՝ հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:
Մյուս կողմից, կրկին իսկ անհնար է անտեսել այն փաստը, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ կոնկրետ օգնության առաջարկներ ՀԱՊԿ-ի կողմից եղել են բազմիցս։ ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի մեծաթիվ ռազմական համակազմի և զինտեխնիկայի ներգրավմամբ. այդ ամենից Հայաստանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե մասնավորապես Ռուսաստանի ռազմական ներկայությունը անվտանգային խնդիրներ կստեղծի մեզ համար։ Կրկնենք ևս մեկ անգամ. դաշնակցի ռազմական ներկայությունը անվտանգային խնդիրնե՞ր կստեղծի։ Դուք դա լո՞ւրջ եք ասում:
Մի խոսքով, ինչպես միշտ՝ պարզ է, որ ոչինչ պարզ չէ։ Իսկ Արշակյանի առեղծվածային արտահայտությունն այն մասին, թե «այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել»՝ ընդհանրապես դուրս է ամեն տեսակի սահմաններից։