Ֆաբիան ՍԱԼՎԻՈԼԻ․ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԶԱՏՎԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների աջակցման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին մամուլի ասուլիսում ներկայացրել է Հայաստան կատարած 10-օրյա պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ նախնական եզրակացությունները։
Հատուկ զեկուցողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին բաց լինելու և աշխատանքում աջակցության համար։ Նա ասել է, որ եղել է Սյունիքում, Ջերմուկում, Եղեգիսում, հանդիպել փախստականների, զոհվածների հարազատների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, դիվանագետների, ԱԳՆ-ի, Արդարադատության նախարարության, Անվտանգության խորհրդի, ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարության, ՊՆ-ի ներկայացուցիչների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, կրթության նախարարության, առողջապահության նախարարության ներկայացուցիչների, օմբուդսմենի, պատգամավորների հետ։
Այցի նպատակն է հաստատել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները։ Վերջնական զեկույցն ուղղված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կառույցներին, այն կներկայացվի 2024 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում։
Զեկույցն անդրադառնում է ՀՀ անկախության ողջ պատմության գրեթե բոլոր ոլորտներին՝ սկսած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից, խորհրդային տարիներին բռնաճնշումների զոհերից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների ոտնահարումից և 2023 թվականի սեպտեմբերին տեղահանությունից, Զինված ուժերում կասկածելի մահերից, բանտերում խոշտանգումների դեպքերից, ընտրական իրավունքի խախտումներից։
Հատուկ զեկուցողն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի հանձնաժողովի ստեղծմանը և նշել, որ չեն բացահայտվել այս իրադարձությունների ժամանակ 10 մարդ սպանողները։ Նա անդրադարձել է նաև 2016-ի 4-օրյա պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի հարցերով հանձնաժողովներին։ Նա անդրադարձ է կատարել նաև անցումային արդարադատության հարցին։ Զեկուցողը նշել է իրավական համակարգի բարեփոխումները և ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վերջին վավերացումը: Ըստ հատուկ զեկուցողի, չնայած բարեփոխումներին, պաշտոնյաներին պատժելու ջանքերը դեռևս անբավարար են։ Որպես օրինակ՝ նա բերել է ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառումը, որով ոստիկանությունը շարունակում է գործել նույն ոգով, ինչ նախորդ տարիներին։ «Բազմաթիվ բողոքներ կան Զինված ուժերում և դատական համակարգում ոչ մարտական մահերի վերաբերյալ», - նշել է Սալվիոլին: Նա հատկապես շեշտեց օրենսդրության անկատարությունը մարդու իրավունքների խախտման զոհերին փոխհատուցում վճարելու վերաբերյալ՝ սկսած խորհրդային տարիներին բռնաճնշումների զոհերից։ Մյուս խնդիրն այն է, որ իրավունքների խախտումներից տուժածներին տրվում է 3 տարի ժամկետ՝ բողոք ներկայացնելու և փոխհատուցում պահանջելու համար, ինչը սահմանափակում է հնարավորությունները, տրամադրվում է միայն դրամական փոխհատուցում, իսկ գումարը համեմատաբար փոքր է։
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Ադրբեջանում ջարդերի և պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կա, նշվում է Անհայտ կորածների օրը, բայց պաշտոնյաները ոչ միշտ են մասնակցում այս օրվա միջոցառումներին»,- նշել է հատուկ զեկուցողը` խոսելով հիշողության պահպանման խնդիրների մասին։ Նույն մասում նա նշեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին տեքստերը դպրոցական ծրագրում ներառելու հնարավոր քաղաքական ուռճացման մասին։
Չկրկնվելու երաշխիքների մասին հատվածում նա նշեց տարբեր տարիների բարեփոխումները իրավապահ համակարգում, քրեակատարողական հիմնարկներում, դատական համակարգում։ Կոռուպցիայի դեմ պայքարի առումով ստեղծվել են հակակոռուպցիոն մասնագիտացված քննչական կառույցներ։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, անկախությունից ի վեր Հայաստանը ղեկավարած վարչակազմերը մի շարք միջոցառումներ են իրականացրել մարդու իրավունքների խախտումները վերացնելու և ժողովրդավարությանն անցնելու կամ վնասը փոխհատուցելու համար։ Սակայն առաջընթացը եղել է անհետևողական, կարծում է հատուկ զեկուցողը:
Ֆաբիան Սալվիոլին կոչ է արել իշխանություններին ստեղծել անկախ մարմին՝ այս հայտարարության մեջ նշված կատեգորիաներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար։ Նա կոչ արեց դատախազներին և դատարաններին կրկնապատկել իրենց ջանքերը՝ իրենց պարտականությունները կատարելու և բանակում և բանտերում կասկածելի մահվան դեպքերը հետաքննելու համար։ Նա հայտարարել է, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մշակվել են որոշակի միջոցառումներ, սակայն առաջընթացը դանդաղ է՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակի և Ադրբեջանի հետ հակամարտության սրմամբ։ Նաև հաղորդվում էր, որ նշանակումները թափանցիկ չեն, ասել է նա: «Ես կոչ եմ անում երկրի իշխանություններին խորացնել բարեփոխումները և ազատել պետական կառույցները կոռուպցիայից և քաղաքական ազդեցությունից։ Ժողովրդավարության նկատմամբ հարգանքն այլ կերպ անհնար է»,- ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։