ԴՈՔԵՐԹԻՆ ԻՐԵՐՆ ԱՆՎԱՆԵՑ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ. ԱՐԱԲԱԹԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՀԱՆԱԼ

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նոր դեսպանատան պաշտոնական բացումը: Արարողությանը ներկա Արարատ Միրզոյանը վերամբարձորեն անվանեց նոր դեսպանատունը «մեր ժողովուրդների բարեկամության և համագործակցության փարոս»: Եվ հավելեց, որ «Լոնդոնի հենց կենտրոնում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր լիցք հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների»:

Դժվար է ասել, թե որքանով կտուժեր «խորացնելու և նոր լիցք հաղորդելու» ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը, եթե առանձնատունը գտնվեր ոչ թե Լոնդոնի հենց կենտրոնում, այլ, ասենք, մի փոքր հեռու։ Բայց փաստը մնում է փաստ. Փաշինյանի կառավարությունը հետպատերազմյան բարդագույն պայմաններում շուրջ 20 միլիոն դոլար է ծախսել բրիտանական մայրաքաղաքի պատվաբեր շրջանում պատմական շենք գնելու վրա:

Եվ դա արվել է ոչ միայն գլուխ գովելու համար. բացման արարողության հաջորդ օրը կողմերը հայտարարություն ստորագրեցին երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով, իսկ ընդամենը մեկ շաբաթ անց տարածաշրջանային շրջագայության շրջանակներում տարվա մեջ երկրորդ անգամ Երևան այցելեց Եվրոպայի հարցերով բրիտանական նախարար Լեո Դոքերթին:

Ի դեպ, հենց այս տարվա մայիսին նույն Դոքերթիի Հայաստան կատարած այցի շրջանակներում էր ազդարարվել ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Նոյեմբերի 14-ի հայտարարության մեջ խոսվում է տարբեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին: Մասնավորապես, զինծառայողներին, ՊՆ և ՆԳՆ աշխատակիցներին կսովորեցնեն անգլերեն, իսկ հայ սպաներին բրիտանացիները կսովորեցնեն լինել «առաջնորդներ»: Լոնդոնում խոստանում են նաև աջակցություն ցուցաբերել Հայաստանի սահմանների կառավարման հարցում՝ անվտանգության և ներգաղթի խնդիրները լուծելու համար:

Մի խոսքով, անհավանականը՝ ակնհայտ. Երևանը դինամիկ զարգացող «ռազմավարական երկխոսություն» է վարում մի երկրի հետ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ առնվազն վերջին մեկուկես դարում եղել է չարագուշակ-ճակատագրական: Նախկին կայսրության հետ, որը երբեք չի թաքցրել իր շահերը տարածաշրջանում՝ անքակտելիորեն կապված էներգակիրների և թուրքական շահերի հետ, ինչպեսև իր պատրաստակամությունը՝ հանուն իր նպատակների իրագործման տասնամյակներ շարունակ առատորեն հեղել հայի արյունը։ Մի երկրի հետ, որն ամենաուղղակի կերպով մեղավոր է և՛ 20-րդ դարասկզբի Ցեղասպանության, և՛ վերջին 5 տարիներին Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ։

Վերջապես՝ այն երկրի, որին անվանում են Ադրբեջանի ստվերային կառավարիչ՝ ի դեմս Բրիթիշ Պետրոլիում կորպորացիայի, և որից Հայաստանն ու հայ ժողովուրդը սկզբունքորեն չեն կարող որևէ դրական ակնկալիք ունենալ, դա պարզապես բացառված է։ Եվ ահա այդ երկրի հետ ՀՀ օկուպացիոն կառավարությունը մտել է ռազմավարական երկխոսության մեջ ու մտադիր է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

2018թ. գարնան հեղաշրջման ու իշխանության զավթման կազմակերպման և իրականացման, հետագա գործընթացների, իսկ ամենակարևորը՝ արցախյան եռամյա աղետի մեջ Մեծ Բրիտանիայի դերը առանձին և բազմակողմանի ուսումնասիրության թեմա է: Այստեղ տեղին է հիշել և՛ 2020թ. աշնանը Արցախում պատերազմի անհապաղ դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության արգելափակումը Մեծ Բրիտանիայի կողմից, և՛ պատերազմի ավարտից անմիջապես հետո Բաքվում անգլիական դեսպանի ջերմ շնորհավորանքները հաղթանակի կապակցությամբ, և՛ Թուրքիայի հետ ամենամտերիմ կապեր ունեցող բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի սենսացիոն այցը Երևան՝ Արցախի շրջափակման հենց սկզբում, 2022թ. դեկտեմբերի 16-ին, և այլն։

Բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է Լեո Դոքերթիի մեն-միակ հայտարարությունը, որը ցանկացած այլ պետության համար պետք է դառնար սթափեցում, եթե առկա է բացարձակ անհասկանալի արբեցում այն երկրի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարներով, որը երբեք չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր, մեղմ ասած, ոչ բարեկամական, իսկ կոպիտ ասած՝ անթաքույց սպառողական վերաբերմունքը։

Լոնդոնում Միրզոյանը, զուտ հանուն պարկեշտության, իր հիացական ելույթներում հպանցիկ անդրադարձավ նաև Արցախի հարցին։ Այսպես, Միացյալ Թագավորության պառլամենտի արտաքին հարաբերությունների հատուկ հանձնաժողովի նախագահ Ալիսիա Քըրնսի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ «կարևոր է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամենը կոչել իրենց անուններով»։

Դոքերթին, Երևանից մեկնելով Բաքու, անմիջապես արձագանքեց նորահայտ «ռազմավարական» բարեկամ Արաբաթի ցանկությանը։ Եվ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Առանց Ադրբեջանի չէր լինի խաղաղություն և անվտանգություն Եվրոպայում»: Սա «հիասքանչ երկիր է», և ինքը «հպարտ է երկարամյա երկկողմ հարաբերությունների հարուստ պատմությամբ», զգացմունքների առատությունից քիչ մնաց շնչահեղձ լիներ բրիտանացի նախարարը։ Եվ ընդգծեց, որ «Ադրբեջանը ոչ միայն դեպի Եվրոպա էներգակիրների կարևոր մատակարար է, այլև Հարավային Կովկասի կարևոր ու պատասխանատու երկիր»:

Ըստ էության, այդ բառազեղումների մեջ ոչ մի տարօրինակ բան չկա. հենց այդպես էլ պետք է արտահայտվի Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչն Ադրբեջանի մասին՝ բացատրության կարիք վաղուց չունեցող պատճառներով։ Դոքերթին ամեն ինչ ասաց բաց ու անկեղծ՝ փաստացի ուղիղ տեքստով հավանություն տալով Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի գործած բոլոր ոճիրներին: Անձամբ բրիտանացու դեմ դժգոհություններ լինել չեն կարող, քանզի Անգլիայի կառավարության անդամից այլ բան ակնկալելը միամտության գագաթնակետը կլիներ։

Իսկ այ թե ինչպես է դա տեղավորվում Արարատ-Արաբաթի և նրա երևանյան շեֆի էյֆորիայի մեջ, փոքր-ինչ դժվար է ասել, քանի որ Դոքերթիի հայտարարությանը Երևանից ոչ մի արձագանք, բնականաբար, չհաջորդեց։ Ավելին, կարելի է չկասկածել, որ ռազմավարական երկխոսությունն անշեղորեն կշարունակվի՝ Բաքվին և Անկարային Լոնդոնի հետագա, ինչպես միշտ հետևողական քաղաքականության խորապատկերին։ Այդ թվում՝ հայ ժողովրդի դեմ հանցագործությունների խրախուսման և ակտիվ մասնակցության ուղղությամբ։

Իսկ մյուս կողմից՝ ո՞վ ասաց, թե Փաշինյանն ու Միրզոյանը համամիտ չեն իրենց բրիտանացի գործընկերոջ գնահատականներին։ Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Երևանում բազմած թուրքական դրածոները չեն կիսում Լոնդոնի դիրքորոշումը։ Մի՞թե այդ մասին չի վկայում «կառուցողական» Ալիևի հետ բանակցելու անսասան ձգտումը, չնայած կատարված ամենին, չնայած Արցախում ցեղասպանությանն ու էթնիկ զտումներին և Հայաստանի 200 քառ. կմ տարածքի բռնազավթմանը:

Ի դեպ, Բաքվում Դոքերթին նաև բացահայտ քամահրանք արտահայտեց անձամբ Նիկոլի և վերջին շրջանում նրան համակած սևեռուն գաղափարի նկատմամբ։ Պատասխանելով «խաղաղության խաչմերուկի» նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին՝ բրիտանացին սկսեց դատողություններ անել «Միջին միջանցքի» մասին. մի նախագծի, որի իրականացման վրա անխոնջ աշխատում է Ադրբեջանը, ընդ որում դրա կարևոր մասը համարելով տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ փաշինյանական նախաձեռնության մասին բրիտանացին ոչ մի բառ չասաց։

Բայց Նիկոլն ու Արաբաթը, բնականաբար, դա էլ կուլ կտան։ Եվ կշարունակեն ռազմավարական երկխոսություն վարել Լոնդոնի հետ։ Ի վերջո, հո իզո՞ւր չեն 20 միլիոն դոլար ծախսել դեսպանատան վրա։