ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐՈՒՍԱՂԵՄ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՅԵՐ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԿՈՎԵՐԻ ԱՅԳՈՒ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Երուսաղեմի հայերը վախենում են, որ իրենց փոքր, բայց սերտ համայնքը չի գոյատևի, եթե կորցնեն Հայկական թաղամասի Կովերի այգին: Այստեղ շատ հայեր են ապրում, որոնք այստեղ են տեղափոխվել 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են Հայկական թաղամաս իր տան մոտի տարածքը բուլդոզերով մաքրելու համար, 80-ամյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ Կարո Նալբանդյանը միացել է Կովերի այգի տարածքի ակցիային։ «Մենք չենք հեռանա»,- ասել է Նալբանդյանը։
Հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքարանը հայտարարել էր, որ չեղարկում է 2021 թվականի գաղտնի պայմանագիրը անշարժ գույքի ընկերության հետ, որը ենթադրաբար կապված է վերաբնակների շահերի հետ:
Այնուհետև Xana Gardens ընկերության ներկայացուցիչները կապալառուներ, զինված վերաբնակիչներ և բուլդոզերներ է ուղարկել զավթելու հողը, որը ներառում է նաև հայկական եկեղեցու ունեցվածքը, ինչպես նաև Նալբանդյանի և չորս այլ ընտանիքների տները:
Հայկական թաղամասում կենտրոնացած է 1600-ամյա պատմություն ունեցող հայ համայնքը։
Այս հայկական համայնքի` աշխարհի ամենահին հայկական սփյուռքի բնակչությունը մեկ դար առաջ մոտավորապես 27 000 էր, սակայն նվազել է մինչև 1000-ի:
Գործարքի պայմաններով Նալբանդյանների ընտանիքը վտանգված է կորցնելու այն տունը, որտեղ ապրում է 1969 թվականից։
Կարոյի կինը՝ Հռութը, որի ընտանիքը դեռ 8-9-րդ դարերում ապրել է Երուսաղեմում, ասել է. «Ուր էլ գնանք, թվում է, թե Հայաստանում ենք»։
Կարոն իր հերթին նշել է. «Մեր գեղեցիկ հայկական թաղամասը նման չէ մյուսներին։ Մենք պետք է պաշտպանենք այն»։
Հայերը գիշերում են Այգու տարածքում, իսկ համայնքի մյուս անդամները նրանց բերում են սնունդ, թեյ և վրաններ՝ շուրջօրյա հերթապահության համար։