ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՊԱՏԱՆԴՆԵՐ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը հաղորդեց, որ մի քանի օր առաջ Տավուշի մարզում սկսվել են հողաչափագրման աշխատանքներ: Հավանաբար, Փաշինյանը նախապատրաստում է այսպես կոչված անկլավների հանձնումն ադրբեջանական կողմին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց, որ մարզից բնակչության արտահոսք է նկատվում՝ կապված «անկլավների» հնարավոր հանձնման հետ: Այս տեղեկություններն անմիջական կապ ունեն գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ճակատագրի հետ։

Փաստաբան Միհրան Պողոսյանն օրերս հայտարարեց, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Խաչատուրովի խափանման միջոցը դատական համակարգի անկախության լուրջ փորձություն կլինի: Շնոհազրկված գեներալի գործը այդպիսի փորձություն է եղել առաջին իսկ պահից։ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ձեռնարկվեց անմիջապես այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստացավ ՔՊ խմբակցության աջակցությունը՝ քրեական հետապնդում հարուցելու պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի դեմ: «Հայաստան» խմբակցության ղեկավարը Գրիգորիի հոր՝ Յուրի Խաչատուրովի հետ որպես մեղադրյալ էր անցնում «երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ անձանց կողմից սահմանադրական կարգի տապալման» գործով։

Փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք ներկայացվեց առ այն, թե նա, իբր, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնակի խոշոր չափերի անշարժ գույքը: Իրականում Խաչատուրովի ընկերը սեփականաշնորհել է ՊՆ ոչ պիտանի զորանոցը, իսկ դատախազությունը դրա իրական տեր է համարել գեներալին։

Խաչատուրովին ձերբակալեցին շինծու մեղադրանքով, դատախազությունը կալանավորման միջնորդություն ներկայացրեց, սակայն հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը գեներալին ազատ արձակեց դատարանի դահլիճից: Փետրվարի 24-ին Գլխավոր դատախազությունը խափանման միջոցի վերանայման վերաբերյալ հատուկ բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան: Աննա Վարդապետյանի այս գործողությունը հիմնավոր կասկածներ ծնեց, որ գեներալի հետապնդումը նախաձեռնել է ռեժիմի պարագլուխը, որին ենթարկվում է գլխավոր դատախազը:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց, այդ ժամանակից ի վեր մարտական գեներալը՝ 2020թ. հուլիսի տավուշյան հայտնի իրադարձությունների հերոսը կալանքի տակ է: Խաչատուրովն այն 40 գեներալներից մեկն է, որոնք ստորագրել են 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով գլխավոր շտաբի հայտարարության տակ։ Հետագայում էլ գեներալը չնահանջեց իր դիրքերից, ուստի համարվում է ռեժիմի պարագլխի համոզված հակառակորդը, որը պատրաստ է դիմակայել Տավուշի տարածքում այսպես կոչված անկլավները հակառակորդին հանձնելու փորձերին։

Ամռանը վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշեց դիմել ՍԴ՝ Հիմնական օրենքին որոշ հոդվածների համապատասխանության հարցով, իսկ ավելի ուշ գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ ՍԴ-ն չի ընդունել Մարաբյանի դիմումը, իսկ դատարանը երկարաձգել է գեներալի կալանքը, թեև փաստաբանները մատնանշել են Առաջին ատյանի դատարանի կողմից մի շարք խախտումներ։ Նույն որոշման մեջ, Ենոքյանի հավաստմամբ, դատարանն ընդունել է, որ փողերի լվացման հանցակազմ չկա: Փաստաբանը նշեց նաև, որ ՍԴ-ն չի ընդունել դատավորի դիմումը՝ ժամկետից ուշացման պատճառով, իսկ ուշացման մեղքը Դատական դեպարտամենտինն է:

Գաղտնիության կնիքով գործերը (իսկ գեներալի գործը դրանցից է) պետք է ՍԴ մտնեն Դատական դեպարտամենտի միջոցով՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, սակայն դեպարտամենտն ուշացումով է ուղարկել։ Կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ վերջին որոշման դեմ նախապատրաստվել է վճռաբեկ բողոք: Խափանման միջոցը փոխելու հարցը հնարավոր է պարզվի այսօր՝ նոյեմբերի 27-ին։ Այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաև Խաչատուրովի ընկեր Էդգար Արշակյանին:

Խաչատուրովի գործը չի կարելի դիտարկել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Բաքվի բանտում գտնվող գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանի ճակատագրից զատ: Խաչատուրովն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը համարվում են Փաշինյանի պատանդները։ Իսկ Մնացականյանն ու Մանուկյանը Ալիևի պատանդներն են։ Եթե Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել անշարժ գույքի հետ կապված, որի սեփականատերն այլ անձ է, ապա Արզումանյանին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կալանքի տակ են պահում Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման գործում ցուցաբերած անփութության մեղադրանքով:

Արզումանյանի վերաբերյալ Փաշինյանը ԱԺ ամբիոնից արտասանեց (ճղավեց) հայտնի մենախոսություն այն մասին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարները ենթարկվել են ոչ թե իր, այլ մեկ այլ Գլխավոր շտաբի (ենթադրվում էր՝ ՌԴ գլխավոր շտաբի) հրամաններին։ Անթիվ բողոքներն ու միջնորդությունները ազդեցություն չունեցան, Արզումանյանի կալանքը շարունակ երկարացվեց։ Տպավորություն է ստեղծվում, որ դատավորները պարզապես չեն լսում պաշտպանող կողմի փաստարկները։ Պատճառը Փաշինյանի հիշյալ ելույթն է, որը դատավորներն ընդունեցին որպես ուղիղ ցուցում. ռեժիմի պարագլուխը երկրի ամենաբարձր ամբիոնից հասկացրեց, որ ուզում է տեսնել Արզումանյանին ճաղերի հետևում:

Հայտնի է նախկին հրամանատարի գործով առաջին վկան. դատարանն արդեն այդ կարգավիճակով հրավիրել է 44-օրյա պատերազմի մասնակից Սերյոժա Իվանյանին։ Հակակոռուպցիոն դատարան են ներկայանալու նաև պաշտպանության նախկին նախարար Օհանյանը, հրամանատարի պաշտոնում Արզումանյանի նախորդը՝ Ջալալ Հարությունյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ավելի վաղ հայտարարված վկաներից դատարանը չի կարող հարցաքննել միայն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, քանի որ նա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների հետ մեկտեղ գտնվում է Բաքվի բանտում: Արզումանյանի գործն արդեն ուղարկվել է դատարան։

Հիշեցնեմ, որ գեներալը հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը։ Առերեսումների ժամանակ նրա դեմ բոլոր վկայությունները հերքվել են։ Գեներալին են մեղսագրում Արեգա բարձունքից նահանջելու հրամանը մարտական ստորաբաժանմանը, թեև այդ պահին նա դեռ հրամանատար չէր, ուստի նման հրաման տալու իրավունք չուներ:

Գեներալը զբաղեցրել է հրամանատարի պաշտոնը պատերազմի 44 օրերից վերջին 12-ին, նրան կալանավորեցին «դիմակնեի շոուի» միջոցով։ Նա տևականոեն ազատազկված է՝ Շուշիի պաշտպանությունը անփույթ կազմակերպելու մեղադրանքով։ Ինչպե՞ս կարելի է Շուշիի անկման մեջ մեղադրել մի մարդու, որն ընդամենը 12 օր է ղեկավարել ՊԲ-ն։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի բազմաթիվ շարքային բնակիչներ խոսում էին այն մասին, որ շրջափակումը կարող է ճեղքել միայն «հրամանատար Միշան»։ Գուցե այդ պատճառով էլ նրան կալանավորեցին մտացածին մեղադրանքով, իսկ Խաչատուրովին «փակեցին», որպեսզի չխանգարի Տավուշում այսպես կոչված անկլավների հանձմանը։ Մարտական գեներալները Փաշինյանի և Ալիևի պատանդներն են։ Դեռ հարց է, թե ով է ավելի շատ ատում այդ գեներալներին. Ադրբեջանի նախագահը, թե ՀՀ վարչապետի աթոռին նստած անձը, որը ոչ վաղ անցյալում խորհրդարանի ամբիոնից վրդովվում էր, թե իբր՝ որ կողմ նայես, ամենուր հերոսներ են։