ԵՍ ՁԵԶ` ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԴՈՒՔ՝ ԻՆՁ ՀԱՃԵԼԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Կառավարության նիստում կոռուպցիոն գործերով դատական գործընթացների քննարկումը ուղղակի միջամտություն է դատական իշխանությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում գործադիրի նիստում շուրջ 40 րոպե տևած քննարկումն այս կերպ բնորոշեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` հիշեցնելով, որ քննարկմանը ներկա էր թե՛ գլխավոր դատախազը, թե՛ հակակոռուպցիոն կոմիտեի ու քննչական կոմիտեի ղեկավարները, բայց չկար դատական իշխանության որևէ ներկայացուցիչ։

«Բոլորը մեղքը իրենց վրայից գցեցին ու ասացին` դե, մենք շատ լավ ենք աշխատում, դատարանն է մեղավոր։ Իսկ դատական իշխանությունից մարդ չկար, դատավոր չկար, որ ձեռքը խփեր սեղանին ու ասեր` հերիք եղավ, բոլ եղավ։ Այսպիսի քննարկումը ուղղակի միջամտություն է դատական իշխանությանը։ Չի կարող իրեն իրավական պետություն համարող երկրում այսպիսի քննարկում տեղի ունենալ»,– ասաց Վարդազարյանը։

Անցած շաբաթ գործադիրի վերջին նիստում բուռն քննարկման արժանացավ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը և պատկան կառույցների աշխատանքը։ Վարչապետ Փաշինյանը խորը մտահոգություն ու դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեպքերով դատական գործերի վերաբերյալ։

«Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է»,-ընդգծեց Փաշինյանը` հավելելով, որ իրեն պետք են մեղադրական դատավճիռներ։

Կոռուպցիայի դեմ պայքարի անբավարար մակարդակի մասին հնչած տեսակետին Վարդազարյանը համաձայն է, բայց վարչապետի վերջին ուղերձն անթույլատրելի է համարում։

«Առաջին 30 րոպեն ես զարմացած էի, թե ինչպիսի ճիշտ, խորը գնահատականներ տրվեցին այն պրոցեսներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Շատ ճիշտ էր ասված, որ հանրությունը չի վստահում այսօրվա դատական համակարգին և շատ էլ ճիշտ է անում, որ չի վստահում, որովհետև ոչ մի հանրություն չի կարող վստահել ստրկացած, կառավարության գրպանում գտնվող դատական համակարգին։ Ես շատ զարմացած էի ու առաջին 30 րոպեն մտածում էի, որ վարչապետը ի վերջո կարողացավ ճիշտ գնահատականներ հնչեցնել, ճիշտ քննադատություն անել։ Բայց այդ 30 րոպե ճիշտ տնային աշխատանքից հետո ասաց. «Ինձ պետք են մեղադրական ակտեր», և այդ ճիշտ գնահատականները, ճիշտ ակցենտները այդ մի արտահայտությամբ հօդս ցնդեցին»,– ասաց Վարդազարյանը։

ԲԴԽ նախկին նախագահն անդրադարձավ նաև դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններին` նշելով. «Շատ պարզունակ մոտեցում է` ես ձեր աշխատավարձերը բարձրացնում եմ, դու էլ իմ քաղաքական քիմքին հաճելի դատական ակտեր պետք է տաք։ Այդպես չի լինում։ Այդ մեխանիզմով հնարավոր չէ ունենալ որակյալ դատական իշխանություն»։ Իսկ քաղաքական իշխանությանը հաճելի դատական ակտեր ստանալու համար, Վարդազարյանի համոզմամբ, իշխանությունը պետք է բռնաճնշումներ կիրառի դատավորների ու դատական իշխանության նկատմամբ։

«Եթե պետությունն ուզում է ունենալ որակյալ դատական ակտ, ապա դատական իշխանության գործունեությանը չի խառնվում, ընդամենը ապահովում է բարձր աշխատավարձ և հստակ վերահսկողություն, որպեսզի կոռուպցիոն դեպքեր չլինեն։ Իսկ եթե պետությունն ուզում է ընդամենը իրեն հաճելի դատաան ակտեր ունենալ, ապա ո՛չ աշխատավարձը կօգնի, ո՛չ վերահսկողությունը։ Երկու հանգամանք է պետք` ճնշում և գործարք»,– նկատում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է դատավորների` 1500 դոլարին համարժեք աշխատավարձերին, ԲԴԽ նախկին նախագահը վկայակոչում է համաշխարհային ուսումնասիրության այն թեզը, որի համաձայն, եթե որևէ երկրում դատավորների աշխատավարձը ցածր է 8000 դոլարից, այդտեղ կոռուպցիան անխուսափելի է։

Բացի այդ, Հայաստանում ոչ միայն Ռուբեն Վարդազարյանի, այլև արդարադատության նախարարության դիտարկմամբ, անբավարար է նաև դատավորների թիվը։ ՀՀ–ի պես երկրի դատական համակարգում պետք է 1200-1300 դատավոր լինի, մինչդեռ մեր դատական համակարգում նրանց թիվը շուրջ 300 է։

Sputnik Արմենիա