«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԻՆՔՆ ԱՅՑԵԼԵԼ ՄԱՐԶԵՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի մասին նաև պաշտոնական հաղորդագրություն տարածվեց․ «Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»։
Նախաձեռնող խումբը կամ, այլ կերպ ասած՝ կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում է ՔՊ երևանյան գրասենյակում և քննարկում տարբեր հարցեր: Այս անգամ Փաշինյանը որոշել է խախտել ավանդույթը այն պատճառաբանությամբ, թե ինքը դժգոհություններ է ստացել մարզերի կուսակցականներից, թե իբր մինչ ուզում են գրանցվել նախաձեռնող խմբի նիստերին մասնակցելու համար, տեղերը լրացած են լինում: Բանն այն է, որ ՔՊ գրասենյակի դահլիճը սահմանափակ է, և մի քանի տասնյակ մարդ է միայն մասնակցում կուսակցական հավաքներին, ուստի Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր և հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։
Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ֆորմատի փոփոխության ավելի ծանրակշիռ պատճառներ կան, բացի տեղի խնդիրներին ծանոթանալը, նա փորձում է մարզերում տրամադրությունները ստուգել և կողմնորոշվել իր վարկանիշի ու դիրքի ամրության հարցում»։