Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Արևմուտքի համար տարածաշրջանի կարևոր երկիրն Ադրբեջանն է, իսկ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողը իմիտացիա է, քողածածկույթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Այս ամենը, ըստ նրա, տեղի է ունենում Հայաստանի համար, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բխի Արեմուտքի շահերից։

«Հայաստանի համար աշխարհաքաղաքական մանևրի տարածքը փոքրանալու է։ Երբ խախտվում է ուժերի հավասարակշռությունը խոշոր խաղացողների միջև և դրանցից մեկի ազդեցությունը թուլանում է, սպառնալիքները դառնում են էական։ Ո՞ր երկրների ընկերություններն են ակտիվորեն ներգրավված Ադրբեջանի էներգետիկ նախագծերում։ Եվ այդ շահերը չեն փոխվել։ Ադրբեջանն իր ռազմական գործողությունների պատճառով չի հայտնվել իրական ճնշման տակ։ Ուստի Հայաստանը «Արևմուտքը մեզ կօգնի» կարգախոսով գնում է ինքնասպանության»,- ավելացրել է փորձագետը։

ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում նա անվանել է բնական։

«Այն տեղավորվում է Ռուսաստանին հետխորհրդային տարածքից դուրս մղելու տրամաբանության մեջ, այդ թվում այդ նույն հետխորհրդային երկրների պետականության կորստի գնով»,- ընդգծել է Ղևոնդյանը։

Նա կոչ է արել գործընթացներին նայել պետությունների շահերի պրիզմայով, այլ ոչ թե մտածել «լավ», թե «վատ» կատեգորիաներով։

«Մի պետությունը փորձում է առաջ տանել իր շահերը, իսկ մյուսը ձգտում է դիմակայել դրան։ Փոքր երկրները, որոնց մոտ նկատվում է փորձի պակաս, կարող են տուժել այդ գործընթացում։ Հետխորհրդային տարածքում արդեն երեք երկիր իրեն առաջադրել է որպես գործիք այդ աշխարհաքաղաքական դիմակայությունում։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի մասին է»,- ամփոփել է քաղաքագետը։

News.am