Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քրեական գործը հոկտեմբերի 27-ին մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութություն) հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջալալ Հարությունյանը զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ ,հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նշենք, որ խոսքը 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների դրվագի մասին է։