The Economist. ԶԵԼԵՆՍԿՈՒ ԵՎ ԶԱԼՈՒԺՆԻԻ ՄԻՋԵՎ ԲԱՑ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հարաբերությունները սարսափելի են համարվում»,- գրում է բրիտանական The Economist ամսագիրը՝ վկայակոչելով մի քանի զրուցակիցների։ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան աղբյուրը ամսագրին հայտնել է, որ երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության միջև բաց հակամարտությունը «կանխատեսելի է» և երկարատև հակահարձակողական գործողության արդյունք է, որը «չընթացավ ըստ պլանի»:

Լրատվամիջոցները գրում էին, որ Զելենսկու և Զալուժնիի կարծիքները տրաբերվում են դեռևս 2022 թվականի ամռանից, բայց այս հակամարտությունը բացվեց մոտ մեկուկես տարի անց՝ The Economist-ում Զալուժնիի հետ ռեզոնանսային հարցազրույցի հրապարակումից հետո, որում ռազմական առաջնորդը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի իրավիճակը փակուղի է մտել:

«Պարոն Զելենսկին հրապարակավ կշտամբեց իր գեներալին նման վերնագրերի համար։ Ավելի ուշ տված հարցազրույցում նա, ըստ երևույթին, զգուշացրել է պարոն Զալուժնիին, որ կենտրոնանա ռազմական գործերի վրա, այլ ոչ թե քաղաքականության»,- ասվում է DW-ի թարգմանած հոդվածում։

Ըստ The Economist-ի ուկրաինական կառավարության աղբյուրներից մեկի՝ «Զալուժնին, հնարավոր է, անխոհեմ է վարվել՝ հրապարակայնորեն առարկելով նախագահի ավելի լավատեսական դիրքորոշմանը»։ «Սակայն իշխանության մեջ քչերը կարող են հերքել նրա (Զալուժնի-Խմբ.) սթափ դատողությունները»,- հավելել է զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այժմ Ուկրաինայում խաղում են «ո՞վ է մեղավոր» խաղը և պարզում են, թե ով է պատասխանատու ճակատում ձախողումների համար: «Քաղաքական գործիչներն ասում են, որ իրենց գեներալները ԽՍՀՄ ժամանակների պատրաստվածությամբ ապուշներ են։ Իսկ գեներալներն ասում են, որ քաղաքական գործիչները ապուշներ են, որոնք իրենց խանգարում են»։ «Հաղթանակը շատ հայրեր ունի, բայց ոչ ոք չի ուզում լինել պատային վիճակի ծնող»,- հայտարարել է պաշտոնյան։

Ըստ The Economist-ի՝ 2022 թվականի փետրվարին և մարտին Ուկրաինայի հարավի պաշտպանության ձախողման պատճառների քրեական հետաքննությունը, որը թույլ է տվել ռուսական բանակին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծել նոր ցամաքային միջանցք դեպի Ղրիմ, իր դերն է խաղացել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ուկրաինայի նախագահի հարաբերությունների սրման հարցում: Ուկրաինայի զինված ուժերը, պարզվեց, պատրաստ չէին այս իրավիճակին, կամուրջները, որոնք պետք է պայթեցվեին, ժամանակին չեն պայթեցվել, հետևում է հրապարակումից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Զալուժնին ներկայումս հետաքննությանը ներկայանում է միայն որպես վկա, սակայն դա կարող է վերածվել ավելի լուրջ բանի, նշում է The Economist-ը։ Նույն զրուցակիցն ասել է, որ Զալուժնին լրատվամիջոցներով խոսում է իրեն քրեական հետապնդումից ապահովագրելու համար։

Լրագրողների կարծիքով, այն, որ Զալուժնին դեռ ակտիվ քաղաքական քայլեր չի ձեռնարկել, չի նշանակում, որ նա վտանգ չի ներկայացնում Զելենսկու համար։ Ներքին հարցումների համաձայն, որոնց ծանոթացել է խմբագրությունը՝ Վլադիմիր Զելենսկու վարկանիշը Ուկրաինայի կառավարությունում կոռուպցիոն սկանդալների ֆոնին իջել է մինչև 32%, իսկ Վալերի Զալուժնիի ժողովրդականության մակարդակը հասել է 70%-ի։

Մինչդեռ, ըստ ուկրաինական հետախուզության, Ռուսաստանն արդեն փորձում է օգտագործել Ուկրաինայում առկա տարաձայնությունները ի շահ իրեն։ Նշվում է, որ այդ աշխատանքը Մոսկվան իրականացնում է երեք ուղղությամբ՝ ուժեղացնել աջակցությունը Ռուսաստանում, խարխլել վստահությունը Արևմուտքում և մեծացնել դժգոհությունը Ուկրաինայում։

News.am