ԿԳՈՅԱՏԵՎԻ՞ ԱՐԴՅՈՔ «ԿՈՎԵՐՈՒ ՊԱՐՏԵԶԸ»: ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ 16-ԴԱՐՅԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ԵՐԵՎԱՆԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս է, ինչ շարունակվում է Երուսաղեմի հայ համայնքի դիմակայությունը «Կովերու պարտեզ» կալվածքը բռնի զավթելու փորձերին: Այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին այդ տարածքը վարձակալության հանձնելու գործարքը չեղարկվեց Պատրիարքարանի կողմից, Իսրայելից գրեթե ամեն օր տագնապալի լուրեր են ստացվում, որոնք վկայում են այն մասին, որ Հին քաղաքում հայկական դարավոր ներկայությունն իրապես վտանգված է:

Ровно месяц продолжается противостояние армянской общины Иерусалима попыткам силового захвата земельного участка «Коверу партез»

ՀԱԿԻՐՃ ՀԻՇԵՑՆԵՄ ԽՆԴՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ: Նոյեմբերի 1-ին ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանը հայտարարեց 2021 թվականի հուլիսի 8-ի համաձայնագրի չեղարկման մասին, ըստ որի՝ Հայկական թաղամասի «Կովերու պարտեզ» կալվածքը երկարաժամկետ վարձակալության էր տրվում հյուրանոցի կառուցման համար։ Հայտնի Սիոն լեռան վրա գտնվող տարածքը 14-րդ դարից ի վեր պատկանում է Հայ եկեղեցուն և կազմում թաղամասի տարածքի 25%-ը: Համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ դրա նկատմամբ վերահսկողության կորուստը խոցելի կդարձնի Հայկական թաղամասը և կհանգեցնի այնտեղ հայկական ներկայության աստիճանական կորստի:

Հայտարարությունից անմիջապես հետո կոշտ ճնշում սկսվեց հայ համայնքի վրա։ Կառուցապատող ընկերությունը, որին ակտիվորեն աջակցում է տեղի ոստիկանությունը, սկսեց ապօրինի քանդել պատերը՝ փորձելով ուժային ճանապահով դուրս մղել հայերին։ Ի պատասխան՝ ստեղծվեց Երուսաղեմի Հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժում։

Մինչդեռ իրավիճակը գնալով ավելի սպառնալից բնույթ է ստանում։ Ակտիվիստ Սեդրակ Բալյանը Sputnik Արմենիային պատմել է, որ առևտրային գործարքի հետևում իրականում կանգնած են արմատականները։ «Կարևոր չէ, թե հատկապես ինչ է կառուցվելու, պարզ է միայն, որ տարածքը որպես կենտրոն է ծառայելու արմատականների համար։ Հնարավոր է, որ հենց նրանց էլ բնակեցնեն այստեղ, որպեսզի աստիճանաբար տարածեն իրենց ազդեցությունն այս տարածքում»,- ասել է նա։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը հայտարարել է, որ Հայոց պատրիարքարանն իր 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ վտանգի տակ է, և որ գոյյաբանական-տարածքային սպառնալիքը տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա: Գոգչյանն այդ համայնքներին կոչ է արել սատարել Հայոց պատրիարքարանին, քանի որ վտանգված է քրիստոնյաների ներկայությունը Սուրբ Երկրում:

Ի պատասխան՝ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. նման բան, ինչպես ընդգծել Է Reuters գործակալությունը, լինում է չափազանց հազվադեպ: «Սադրանքները, որոնց դիմում են ենթադրյալ կառուցապատողները, սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այդ շրջանում՝ խարխլելով և վտանգելով քրիստոնեական ներկայությունը Սուրբ Երկրում», - հայտարարել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում՝ Հույն Ուղղափառ և Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու ղեկավարները:

Իրավիճակին արձագանքել է նաև Երուսաղեմի նախկին լատինական պատրիարք Միշել Սաբբահը՝ ի նշան համերաշխության այցելելով շարժման անդամներին: «Հառաջ՝ ձեր արդար պայքարով։ Արդարությունը կհաղթի»,- նշել է նա։

Ровно месяц продолжается противостояние армянской общины Иерусалима попыткам силового захвата земельного участка «Коверу партез»

Ի պաշտպանություն Հայոց Պատրիարքության հանդես է եկել Ֆրանսիան՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել ճնշումը Երուսաղեմի հայերի վրա: «Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ։ Դա պետք է անհապաղ դադարեցվի»,- ասվում է երկրի հյուպատոսության հաղորդագրության մեջ ։

Նոյեմբերի 6-ին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ «Քերքոնեան Դաջանի» ընկերությունը, փաստաբան Կարո Ղազարյանը, իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ են համայնքի ղեկավարների հետ: «Մեր հավաքական խնդիրն է` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ»,- նշված էր «Թաթոյան» հիմնադրամի հայտարարության մեջ։

Երուսաղեմի հայ համայնքին սատարելու որոշման մասին հայտարարեց նաև Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ՝ ընդգծելով, որ «Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»:

Խոսել այն մասին, թե ինչ է նշանակում ցանկացած քրիստոնյա ազգի համար ներկայությունը Սուրբ Երկրում, ավելորդ է։ Առավելևս երբ խոսքը վերաբերում է քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած ազգի 16-դարյա ներկայությանը։ Եվ մանավանդ մի իրավիճակում, երբ Արցախի կորստից հետո վտանգված է հայկական պետության բուն գոյությունը։ Երուսաղեմում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև կապը միայն առաջին հայացքից է թվում զուտ խորհրդանշական, իրականում կատարվող ամենն ունի միանգամայն հստակ, իրական և իսկապես գոյաբանական կապ: Եվ «համայն հայության համարժեք վերաբերմունքի» անհրաժեշտության մասին Հայ Դատի հայտարարությունը բխում է հենց այդ կապի ըմբռնումից։

Սակայն այս ամսվա ողջ ընթացքում Հայաստանում ոչ մի պաշտոնյա, իշխանության ոչ մի ներկայացուցիչ մի բառով անգամ չի հիշատակել «Կովերու պարտեզի» հետ կապված իրավիճակը։ Բերանը ջուր է առել և ամոթալի անգործության մատնվել (բնականաբար՝ Երևանից ստացած հրահանգով) Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։ «Սփյուռքի գործերով հանձնակատար» կոչեցյալ Զարեհ Սինանյանի մեռյալ լռության մասին խոսել ընդհանրապես չարժե. նա չափազանց մանր ու նողկալի արարած է այն իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է հնագույն հայկական համայնքներից մեկի գոյությանը սպառնացող իրական վտանգներին:

Ровно месяц продолжается противостояние армянской общины Иерусалима попыткам силового захвата земельного участка «Коверу партез»

Ըստ էության, դա վերաբերում է նաեվ դավաճանների իշխանության մյուս բոլոր ներկայացուցիչներին, որն ինքնին հայ ազգի առջև ծառացած գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների ամենամեծ ու վտանգավոր կրողն է։ Միամտություն, եթե չասենք՝ ծիծաղելի կլիներ Երուսաղեմի հայության իրավունքների պաշտպանություն ակնկալել Արցախն ուրացած ու ծախած փաշինյանական ոհմակից, որը պատրաստ է մաս-մաս ուրանալ ու ծախել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, միայն թե Ալիևից պոկի «խաղաղության պայմանագիր» անվանյալ ինչ-որ թուղթ։

Ցավոք, որևէ ակնկալիք չի կարող լինել նաև ապատիայի, պառակտման և հիասթափության վիճակում գտնվող հայ հասարակությունից։

Կարծում ենք, «Կովերու պարտեզի» հետ կապված իրավիճակում ամենավճռական խոսքերն ու գործողությունները պետք է բխեն Հայ Եկեղեցուց, որը պարտավոր է միավորել Սփյուռքը՝ հայ համայնքի իրավունքները պաշտպանելու և Սուրբ Երկրում ներկայությունը պահպանելու համար։

Հակառակ դեպքում մնում է համաձայնել «Рыбарь» տելեգամ-ալիքի հետ, որը մի քանի օր առաջ կանխատեսել է տխուր վախճանը. «Նայելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Անդրկովկասում, որտեղ հայերը վերջնականապես կորցրել են սուբյեկտայնությունը՝ Ղարաբաղում իրենց պատվարը հանձնելուց հետո, թվում է, որ սա լոկ սկիզբն է։ Իսրայելցիները կփորձեն ավարտին հասցնել գործը՝ նախ խլելով մեկ հողակտոր, իսկ հետո՝ ամբողջ թաղամասը»։