Սի Ծինփինը Պաղեստինի անկախ պետության ստեղծման կոչ է արել

Պաղեստինի ժողովրդի կյանքի և սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով արված ուղերձում Չինաստանի նախագահը գրել է, որ խաղաղ բանակցությունները Պաղեստինի և Իսրայելի միջև պետք է վերականգնվեն ամենակարճ ժամկետում։

Սի Ծինփինը ընդգծել է, որ տասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության ցավոտ դասը վկայում է այն մասին, որ միայն ընդհանուր անվտանգության հայեցակարգը կկարողանա օգնել հասնելու կայուն անվտանգության։

Չինաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հրապարակել է փաստաթուղթ հինգ կետից բաղկացած, որը վերաբերում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման մասին Չինաստանի դիրքորոշմանը։ Չինաստանը, մասնավորապես, կոչ է անում արագ դադարեցնել մարտական գործողությունները, պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Պեկինը կողմ է «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին վերադառնալուն և անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967թ. սահմանների հիման վրա, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

News.am