Փորձագետ․ Ադրբեջանում շարունակվում է գերիների հետ անմարդկային վերաբերմունքի գործելաոճը

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 55 հայ կա։ Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է շատ ավելի մեծ թվով գերիների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնապես հաստատված է, որ ադրբեջանական գերության մեջ են գտնվում 6 քաղաքացիական անձ, 41 զինվորական և Արցախի 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, նրանք համարվում են քաղբանտարկյալներ։ Բացի այդ, կան ոչ պաշտոնական տվյալներ առնվազն 80 զինվորականների և քաղաքացիական անձանց մասին։ Նրանց ճակատագրերը պարզելու համար ջանքեր չեն գործադրվում, փաստել է Սահակյանը։

Փորձագետը նշել է գերիներին այցելելու անհնարինության խնդիրը։ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տալիս նրանց այցելել միայն ԿԽՄԿ ներկայացուցիչներին, և գերիներն ամբողջ ընթացքում չեն կարողացել հանդիպել կտտանքների դեմ պայքարի անկախ կառույցների ներկայացուցիչների հետ։ ԿԽՄԿ այցելություններն էլ, որպես կանոն, ուշացած են։ Բարձրաստիճան արցախյան գործիչների պարագայում այն կայացել է միայն մի քանի շաբաթ անց։

«Բոլոր վերադարձած անձինք վկայում են վատ վերաբերմունքի և կտտանքների մասին։ Համեմատելով տվյալները՝ կարծում ենք, որ Ադրբեջանում չկա մեխանիզմ, որը բացառում է կտտանքները։ Անկախ փորձագետների այցելությունների արգելքի պայմաններում նման անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը շարունակվում է»,- նշել է Սահակյանը։

Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ շատ կառույցներ հարցը կապում են Միջազգային հումանիտար իրավունքի հետ, իսկ այս ոլորտում հիմնական դերը հատկացվում է ԿԽՄԿ-ին։ «Նման մոտեցումն անընդունելի եմ համարում։ ԿԽՄԿ մանդատը չի հետապնդում կտտանքների փաստերին իրավական գնահատական տալը։ ԿԽՄԿ-ն չի կարող անգամ հրապարակայնորեն հայտարարել նման փաստերի մասին»,- նշել է Սահակյանը՝ ավելացնելով, որ ՄԱԿ զեկուցողները փորձել են այցելել Ադրբեջան, բայց անհաջող։

News.am