«ՀայաՔվե»․ Առաջիկայում ներքաղաքական կյանքի գլխավոր թեման կարող են դառնալ ընտրությունները

Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանում տեղի է ունենում հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու տրանսֆորմացիան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Ուր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Նա լավ է սերտել երևակայական համայնքների վերաբերյալ դասը, որ ազգերը, ժողովուրդները ոչ թե այնպիսին են, ինչպիսին կան, այլ այնպիսին են, ինչպիսիք իրենք իրենց երևակայության մեջ իրենց պատկերացնում են: Հիմա տեղի է ունենում հայ ժողովրդի վերափոխում: Խոսքը արժեքների մասին է, պատմության մասին է, խորհրդանիշների մասին է: Սա արտահայտվում է նաև պետական տարբեր ինստիտուտների ինքնավարության նվազմամբ, սա նաև դրսևորվում է ժողովրդավարական ինստիտուտների հետընթացով, որպեսզի ինքնության փոփոխությունները տեղի ունենան շատ ավելի սահուն ու հեշտ»,-ասաց նա:

Սողոմոնյանի խոսքով, նույնը կարողացավ անել Էրդողանը 15 տարիների ընթացքում. «Թուրքական հասարակությունը, թուրքական գերատեսչությունները, որոնք առաջ իրենց մեջ կրում էին աշխարհիկ պետության առանցքը, Թուրքիայի աշխարհիկ պետության իմիջը, դա հիմա փոխվել է և դրա փոխարեն իսլամիստ-ազգայնական ինքնություն է հիմա ներարկվում, որն էլ առաջ է բերում ավելի հավակնոտ արտաքին քաղաքականություն:

Հայաստանի պարագայում, ցավոք, դրա հակառակն է տեղի ունենում, ավելի կրավորական, ավելի համաձայնողական, հանձնվողական արտաքին քաղաքականության է բերում ինքնության փոփոխության գործընթացը: Այդ գործընթացը կարևոր հանձնարարությունն է ձեր նշած անձի և դա է նրա առաքելությունը»,- ընդգծեց Սողոմոնյանը:

Նրա կանխատեսեց, որ առաջիկայում ակնկալելի է, որ ներքաղաքական կյանքի գլխավոր թեման կարող են դառնալ ընտրությունները:

News.am