«Հրապարակ». ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵ՞Ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 5-ին և 8-ին տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա դեմ ցուցմունք էր տվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը:

Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով։ Լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը մտադիր է Չալաբյանին կրկին կալանավորել, և պատճառներից մեկը «Հայաքվե» նախաձեռնությունն է և դրա հետ կապված զարգացումները։

Հիշեցնենք, որ Չալաբյանը «Հայաքվեի» նախաձեռնողներից է: Չալաբյանի պաշտպան Վարազատ Հարությունյանը պատահական չի համարում, որ դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 օր ինտերվալով դատական նիստ է նշանակում, այսինքն` շտապում են։

«Ամսի 8-ի դատական նիստից հետո չեմ բացառում, որ Մնացական Մարտիրոսյանն արգելանքի տակ վերցնի Չալաբյանին՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշեց նա։ Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո, հիշեցնենք, Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց»:

News.am