Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՈՐԴԵԳՐԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՀ իշխանությունները անբարոյական դիրքորոշում են որդեգրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ մյուս նախկին առաջնորդների նկատմամբ, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«ՀՀ իշխանությունը, ըստ էության, բախտի քմահաճույքին է հանձնել այդ մարդկանց՝ ոչինչ չանելով նրանց ազատ արձակման համար և ոչ մի պահանջ չներկայացնելով ադրբեջանական իշխանություններին»,– ասաց նա։

Ըստ Զուրաբյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած «ռազմապատժիչ հանձնաժողովի» անդամ է։

«Նա էլ է օգնում, որ Նիկոլ Փաշինյանը չունենա որևէ լուրջ հակառակորդ որևէ համայնքում, որևէ համայնքում չլինի ընդդիմադիր ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է հարուցում, օրինակ, Ալավերդիի ղեկավարի դեմ, Ալիևն էլ` Ռուբեն Վարդանյանի»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Նրա խոսքով`այսօր իշխանությունը պետք է գոնե մի քիչ համերաշխության կեցվածք ունենար ու այդ ստոր ծրագրին դադար տար, տեր կանգներ Արցախի` կալանավորված նախկին ղեկավարությանը։

Sputnik Արմենիա