Սի Ծինփինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել են Պեկինում

Չինաստանը պատրաստ է Բելառուսի հետ համատեղ պաշտպանել միջազգային արդարությունը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով չինական լրատվամիջոցններին, Պեկինում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Չինաստանը պատրաստ է Բելառուսի հետ համատեղ աջակցել Գլոբալ զարգացման նախաձեռնության և Գլոբալ անվտանգության նախաձեռնության իրականացմանը, պաշտպանել միջազգային արդարությունը»,-ասել է Չինաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է սերտ փոխգործակցություն պահպանել Բելառուսի հետ, փոխշահավետ երկկողմ համագործակցություն իրականացնել ներդրումային, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:

ՉԺՀ ղեկավարը նշել է, որ Մինսկը միշտ հաստատուն աջակցություն է ցուցաբերել Պեկինին նրա արմատական շահերին վերաբերող հարցերում, և Չինաստանը բարձր է գնահատում դա:

Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ Պեկինը վճռականորեն աջակցում է Մինսկին զարգացման սեփական ուղուն հետևելու հարցում, դեմ է արտաքին ուժերի միջամտությանը երկրի ներքին գործերին:

«Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Բելառուսին այն զարգացման ճանապարհին, որը համապատասխանում է նրա ազգային իրողություններին, և դեմ է արտաքին ուժերի միջամտությանը Բելառուսի ներքին գործերին՝ ցանկացած պատրվակով»,-ասել է ՉԺՀ նախագահը:

Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Բելառուսի հետ համատեղ բացահայտել տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը, ուժեղացնել փոխադարձ քաղաքական վստահությունը, նպաստել չին-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացմանը, ավելի շատ օգուտ բերել երկու երկրների ժողովուրդներին:

Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ հարաբերությունների մակարդակի պատմական բարձրացումը հզոր ազդակ է հաղորդել ավանդական ուղղությունների խորացմանը, Մինսկի և Պեկինի միջև համագործակցության նոր վեկտորների ու մեխանիզմների մեկնարկին:

«Բելառուսը Չինաստանի համար հուսալի գործընկեր է եղել, կա և կլինի»,-ասել է նա:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը վաղուց է կողմնորոշվել, որ համագործակցելու և բարեկամանալու է Չինաստանի հետ:

«Այս բարեկամությունն ավելի քան 30 տարեկան է, և այդ ուղուց մենք ոչ մի անգամ չենք շեղվել։ Ո՛չ ձախ, ո՛չ աջ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք` նախորդ անգամ Լուկաշենկոն Չինաստան էր այցելել այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը։ Բելառուսի փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովի գնահատմամբ՝ այցի շրջանակում ձեռք բերված և ձևակերպված պայմանավորվածությունների տնտեսական արդյունքը գերազանցել է 3,5 միլիարդ դոլարը:

Բելառուսի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին բելառուսա-չինական ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 5,8 միլիարդ դոլարի։ Դեպի Չինաստան բելառուսական ապրանքների արտահանումը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 1,6 միլիարդ դոլար:

Sputnik Արմենիա