ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստում երկու փաստաթուղթ էր ներկայացվել, մեկը` «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, մյուսը` «Հայաքվե» նախագծի մասին հայտարարությունը, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մինասյանի ներկայացրած հայտարարության քննարկումը հետաձգվեց 2 ամսով, իսկ հետո 3 կողմ, 7 դեմ ձայնով մերժվեց նախագիծը։
Sputnik Արմենիան այս կապակցությամբ զրուցեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանի հետ։
«Շատ բացասական եմ գնահատում նման քվեարկության արդյունքները։ Հանձնաժողովի անդամ ՔՊ–ական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին` նույնիսկ դրա հիմնավորումը չունենալով և չներկայացնելով քննարկման ժամանակ»,–ասաց Չալաբյանը։
Նա ընդգծեց` այդ քայլի պատճառն այն է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո սահմանափակելու և կաշկանդելու էր նրանց` Արցախը թղթով Ադրբեջանին հանձնելու հնարավորությունները։
Հավելենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները հանձնաժողովի նիստում քննարկումից հետո խնդրեցին նախագիծը լրամշակելու հնարավորություն տալ իրենց, բայց այդ խնդրանքը մերժվեց։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողովի ՔՊ–ական անդամները, հնարավորություն չտալով լրամշակել «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, կանոնակարգի խախտում են թույլ տվել։
Մինասյանը ընդգծեց, որ առաջիկայում իրենք նախագիծը մերժելու վերաբերյալ հատուկ կարծիք կներկայացնեն։
Sputnik Արմենիա