Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ, ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ
«Հրապարակ»-ը հարցեր է ուղղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։ Հարցազրույցը՝ ստորև․
- Տեղեկացանք, որ խցում միայնակ եք մնում` ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք կարդում, հետևո՞ւմ եք քաղաքական անցուդարձին։
- Արդեն 6 ամիս է, ինչ կալանքս անցկացնում եմ մենախցում՝ սեփական դիմումի հիման վրա։ Միայնակ եմ, որպեսզի իմ նկատմամբ անառողջ ուշադրության ու չհիմնավորված խստությունների պատճառով չտուժեն իմ պոտենցիալ խցակիցները։ Ռուս մեծ պոետ Բրյուսովը գրում էր, որ կալանքը սահմանափակ տարածքում ժամանակի ավելցուկ է։ Գերնպատակս է՝ թե՛ այստեղ, թե՛ հետագայում ազատության մեջ, մնալ մարտունակ և մրցունակ՝ ե՛ւ հոգով, ե՛ւ մարմնով։ Ուստի շատ կարդում եմ, հաճախ՝ գրում, փորձում չմոռանալ նաև ֆիզիկականի մասին։ Ուշքումիտքս դրսում է՝ ընտանիքիցս մինչև հայրենիք։ Սեպտեմբերի 19-ին և դրանից հետո առայսօր հոգեվիճակս շատ ավելի ծանրացած է՝ հասկանալի պատճառներով։ Մշտապես կարդում եմ անգլալեզու քաղաքագիտական նյութեր, գեղարվեստականներից Բլոկի և Ախմատովայի հատորներն են ինձ ընկերակցում։ Ավարտում եմ Սամուել Հանթինգտոնի «Ո՞վ ենք մենք» աշխատությունը, հաջորդը Նասիմ Թալեբի «Skin in the game» գիրքն է լինելու։ Լրահոսի դեֆիցիտն առկա է։ Հեռուստաալիքներից «Երկիր Մեդիայի» անջատումից հետո քաղաքական լրահոսի միակ աղբյուրը «5-րդ ալիքն» է (պատկերացնում եմ, թե ոնց են մարզերում լվանում մարդկանց ուղեղները, երբ չկա արբանյակային կամ ինտերնետ TV): Փաստաբաններիս միջոցով ստանում եմ նաև նախորդ օրվա մամուլի մշտադիտարկումը։
- ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեև հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը և ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։
- «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետևում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երևանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաև, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ և մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձևը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար և անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետևանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։
- Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ-ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար։
- Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում և զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաև Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձևը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռևս Երևանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արևմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արևմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլև խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
- Հայաստանում աճում է քաղբանտարկյալների թիվը, մեղադրանք են առաջադրում «բռնության կոչերի» համար, ինչո՞ւ է իշխանությունը բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին։
- Ճակատագրի դառը հեգնանք է, որ այսօր մոտ 50-ական հայ քաղբանտարկյալ կա թե՛ Երևանի, թե՛ Բաքվի բանտերում։ Իրականում սա օրինաչափ է՝ ազատազրկել այն մարդկանց, որոնք դեմ են հայկական շահերի հաշվին Հարավային Կովկասի վերաֆորմատավորմանը։ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, և նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արևմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ-բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արևմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է։
- Ոչ ոք չէր սպասում, որ Արցախի կորստից հետո ընդվզումի ալիք չի լինի, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ պետք է անեն ընդդիմությունը և հասարակությունը։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
- Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով և մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երևանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով և հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսացող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են։
- Բրյուսելի և Մոսկվայի հարթակներից տեղափոխվեցին տետատետ ֆորմատի` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, փոխվարչապետների մասնակցությամբ։ Սա ի՞նչ հետևանքներ կունենա։
- Բանակցային ֆորմատների շուրջ պայքարը, իհարկե, կարևոր է, բայց չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը ոչ մի բանակցային ձևաչափում մրցունակ լինել չի կարող։ Ինչպես Կռիլովի հայտնի առակում․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»: Անշուշտ, երկկողմ ֆորմատն ամենավտանգավորն է՝ արդեն քանիցս մատնանշած պատճառով․ առանց միջազգային երաշխիքների ու դերակատարների Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տալն ինքնասպանություն է։ Հայ- ադրբեջանական հարաբերությունները գերտերությունների բախման խաղատախտակին դնելը՝ նույնպես։ Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիևի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։