ՁԱԽՈՂՄԱՆ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ճակատագրի դառը հեգնանքն այն է, որ Ղարաբաղի առաջին պայքարը հանուն Արցախի ազատության, հանուն նրա հայ լինելիության, շահեց այն սերունդը, որը դաստիարակվել էր և գիտակից կյանք մտել Խորհրդային Միության օրոք։ Իսկ Արցախը ոչնչացման հանձնեց այն սերունդը, որը դաստիարակվել և գիտակից կյանք է մտել անկախ Հայաստանում։ Արդարության համար մղվող պատերազմը շահեց «տոտալիտար» պետությունում դաստիարակված սերունդը, իսկ տանուլ տվեց «անկախ» պետության աճեցած սերունդը։

ԻՍԿ ԳՈՒՑԵ ՈՉ ՄԻ ՀԵԳՆԱՔ ԷԼ ՉԿԱ՞։ ԳՈՒՑԵ ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶ ՆԵՆԳԱՓՈԽՄԱՆ ՀԵ՞Տ։ Իրականում Խորհրդային Միությունում դաստիարակված սերունդն իր ոգով, մտածելակերպով, ազատության ձգտումով շատ ավելի ազա՞տ էր, քան «ինքնիշխան» Հայաստանի դաստիարակած սերունդը։ Սերունդ, որը շատ ավելի մեծ կախվածություն ունի։ Կախվածություն գլոբալ կեղծիքից, որն ամեն օր մարդկանց ականջներն է լցվում համակարգիչներից և հեռուստացույցներից։ Արդի աշխարհի արժեքներից, կողմնորոշված բացառապես անձնական բարեկեցության ուղղությամբ, որին կարելի է հասնել ցանկացած գնով, և Հայրենիքը հանձնելն այնքան էլ մեծ գին չէ՞։

Первую карабахскую борьбу за свободу Арцаха выиграло поколение, воспитанное в Советском Союзе

Հավանաբար, այո, Խորհրդային Միության սերունդը ավելի միամիտ էր, ուստի ավելի շատ էր հավատում արդարությանը։ Դրա համար էլ միամիտ կարգախոսներ էին գրում. «Լենին-կուսակցություն-Գորբաչով», իսկ հետո գնում կռվելու, մեռնելու և հաղթելու։ Քանզի դաստիարակվել էին Շիրազի ու Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և Սիլվա Կապուտիկյանի հզոր գրականությունն ունեցւղ «տոտալիտար» երկրում։ Կարո՞ղ է որևէ մեկը այսօրվա Հայաստանի գրականության մեջ տալ համանշանակ անուններ։ Դժվար թե։ Որովհետև այսօրվա «անկախ» սերունդը այլ իդեալներով է ապրում։

Եվ այլ հերոսներ ունի։ ԽՍՀՄ-ի դաստիարակած սերնդի հերոսներն էին Բեկոր Աշոտը և Շահեն Մեղրյանը, Վարդան Բաշխյանը և Լեոնիդ Ազգալդյանը, Թաթուլ Կրպեյանը և Վազգեն Սարգսյանը։ Մեր ժամանակի հերոսներն են Ալեն Սիմոնյանն ու Վահագն Սարգսյանը, Խաչատուր Սուքիասյանն ու Ստյոպա ՍաֆարյանըԱյդ մարդիկ ի բնե չէին կարող պայքարել հանուն արդարության, քանզի չափազանց լկտի էին, որպեսզի միամիտ կարգախոսներ գրեին ու գնային կռվելու…Մանավանդ որ առաջին տիկինն ասում է, թե դա պատերազմ է «հանուն ոչնչի»….

Միգուցե բանը արժեքների նենգափոխման մեջ է։ Այն փաստի, որ ԽՍՀՄ-ի այն ժամանակվա Հայաստանն իրականում շատ ավելի ինքնիշխան երկիր էր, քան հիմա։ Այնքան ինքնուրույն, որ կառուցում էր քաղաքներ ու գյուղեր, տնտեսություն և մշակույթ, և հարևաններից ոչ մեկը չէր համարձակվում ինչ-որ հարցում առարկել։ Այն աստիճան ինքնիշխան էր, որ կառուցեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, և ոչ մի Անկարա, էլ չասենք՝ Բաքու, չհամարձակվեց ծպտուն անգամ հանել։

Իսկ այսօրվա «ինքնիշխան» Հայաստանն այնքան է կախված աշխարհի բոլոր ծայրերից հայտնված տարբեր «բարի կամեցողներից», այնքան է կախված տարբեր երկրների նետած ողորմություններից, որ երբ հուշարձան է կանգնեցնում «Նեմեսիս»-ի հերոսների հիշատակին, «ինքնիշխան» երկրի «ինքնիշխան» առաջնորդները հետո արցունքն աչքին ներողություն են խնդրում Անկարայից։ Իբր՝ ներեք մեզ ողորմածաբար, այնպես չէ, թե մենք ուզում էինք դա, մի տեսակ պատահաբար ստացվեց, սա ընդհանրապես մեր ուղեգիծը չէ

Ուրեմն ո՞ր Հայաստանում էր մարդն ավելի ազատ. այն «տոտալիտար»-ում, թե՞ այսօրվա «ինքնիշխան»-ում։