ՄԻՆՉ ՀՀ ԱԱԾ-Ն ՓՆՏՐՈՒՄ Է ՄՏԱՑԱԾԻՆ «ՎԱԳՆԵՐԱԿԱՆՆԵՐԻՆ», ԵՐԵՎԱՆՈՒՄ ԶԲՈՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՑ ԵԿԱԾ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»

Սեպտեմբերի կեսերին իշխանամետ ԶԼՄ-ները խոսակցություններ տարածեցին, թե Հայաստանում են «Վագներ» ՄՌԸ-ի մոտ 3 հազար (հետո թիվն աճեց մինչև 12 հազարի) մարտիկներ, որոնք իբր եկել են պետհեղաշրջում կատարելու և Փաշինյանին տապալելու։ Այն ժամանակ, ելույթ ունենալով խորհրդարանում, Նիկոլն ինքը խրոխտ հայտարարեց, որ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ԶԼՄ-ների հրապարակումներին Եվ հավելեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, «ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրատարակված տեղեկատվությունը»։

ԴՐԱՆՑ ՀԵՏՈ ԱՆՑԵԼ Է ՄՈՏ ԵՐԵՔ ԱՄԻՍ, սակայն Ազգային անվտանգության ծառայության ստուգման որևէ արդյունքներ չկան, համենայնդեպս մամուլում ոչինչ չի հաղորդվել խորհրդավոր վագներականներին հայտնաբերելու և բռնելու մասին։ Կա՛մ նրանք առհասարակ չեն եղել մեզ մոտ, կա՛մ էլ Հայաստանի հատուկ ծառայությունները կորցրել են իրենց մասնագիտական հմտությունները և ոչ մի կերպ չեն կարողանում գտնել պատրաստվող «հեղաշրջման» հնարավոր մասնակից հազարավորներից գոնե մեկին։ Այդուհանդերձ ԱԱԾ-ն, ինչպես պարզվեց, համառորեն շարունակում է իր որոնումները, ինչի մասին տեղեկացրել են հենց ծառայությունից, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնելով, թե «ստուգման գործողություններն առայժմ շարունակվում են»։

Իհարկե, ԶԼՄ-ների հրապարակումներին ցուցաբերվող այդքան օպերատիվ արձագանքը և իրողություններին դրանց համապատասխանության մանրազնին ստուգումը ուրախացնում է և վկայում հատուկ ծառայությունների զգոնության ու ջանադիր աշխատանքի մասին՝ հանուն անվտանգության...Շատ կուզենայի գրել՝ «հանուն երկրի և նրա բնակչության անվտանգության», բայց ձեռքս չի զորում։ Քանզի ԱԱԾ-ն, դատելով ըստ ամենայնի, նման ջանք ու եռանդ է դրսևորում միայն այն դեպքերում, երբ խոսքը Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգի մասին է, ընդ որում՝ բացահայտ քաղաքական երանգով։

Բոլորովին այլ պատկեր է գծագրվում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի շարքային քաղաքացիներին։ Արդեն որերորդ անգամ ԶԼՄ-ներում և սոցցանցերում հրապարակվում է հերթական տեսանյութը Երևանից, նկարահանված, ինչպես հավաստացվում է, ադրբեջանցիների կողմից, որոնք ծածուկ կամ միանգամայն անարգել եկել են մեր երկիր։

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է սեպտեմբերին բռնկված սկանդալը՝ կապված նկարահանումների հետ, որոնք Երևանի Կոնդ թաղամասում կատարել էր ադրբեջանական նկարահանող խումբը։ «ԳԱ»-ն հանգամանորեն գրել է այդ մասին, տալով հարցեր. իրո՞ք կադրերն արել են ադրբեջանցիները Երևանում, իսկ գլխավորը՝ ո՞վ է տվել նկարահանման թույլտվությունը։ Հիշեցնենք, որ տելեգրամ-ալիքներում տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ «Իրևանի թաքցված ժառանգությանը» սադրիչ վերնագրով ֆիլմը նկարահանվել է Երևանում, ԿԳՄՍՆ-ի ուղղակի աջակցությամբ, որին օժանդակելու խնդրանքով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն. «Ֆիլմի նկարահանումները վերահսկել է մշակույթային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Աստղիկ Մարաբյանը»,- պնդում էին աղբյուրները։

Սակայն նախարարությունը ժխտեց իր մասնակցությունը, հայտարարելով, որ թույլտվություն չի տվել և չի մասնակցել Երևանում նկարահանումների կազմակերպմանը։ Եվ սակայն սույն գերատեսչությունը, նախարարի գլխավորությամբ, որի շուրջ չեն դադարում սկանդալները, չպատասխանեց գլխավոր հարցին. այդ դեպքում ո՞վ է թույլատրել այդ նկարահանումները, եթե նման թույլտվությունը հենց ԿԳՄՍՆ-ի իրավասությունն է։ Եվ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համար, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Երևանի կենտրոնում անթաքույց անցկացվում են այդքան սադրալից վերնագրով ֆիլմի նկարահանումներ։

ՕՐԵՐՍ ԲԱՔՎԻ ԿԱՅՔԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑԻՆ ՀԵԹԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ մեկուկես րոպե տևողությամբ։ Այս անգամ դրանք Կոմիտասի պողոտայի 5ա շենքի բակերից մեկում, Շիրվանզադեի դպրոցի շրջակայքում նկարահանված կադրեր են, որոնք հայերեն և ադրբեջաներեն լեզուներով շնչեղ մեկնաբանում է հեղինակը։ Նա հաղորդում է, թե «վերադարձել է հայրենիք», այնտեղ, որտեղ «ծնվել է և մեծացել», անցնում է շենքի մուտք, ցույց տալիս «իր» բնակարանի դուռը։ Այդ ամենը, ինչպես հավաստիացնում է հեղինակը, նկարահանվել է Երևան կատարած գաղտնի այցելության ընթացքում, որտեղ իրեն հաջողվել է անարգել ներթափանցել։ Սակայն այս անգամ դա պարզապես նկարահանող խումբ չէ, այլ բավական հայտնի, կարելի է ասել՝ խորշելի անձնավորություն։

Թելման Գասիմովը, որը ներկայանում է որպես տեսանյութի հեղինակ, մեկն է այն «բնապահպան» կոչեցյալներից, որոնք անցած տարվա դեկտեմբերին փակեցին Լաչինի միջանցքը։ Համաձայն «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած տեղեկատվության, նա ռազմական հատուկ հետախուզության սպա է, որը ներկայանում է որպես ռազմական փորձագետ և հայտնի է իր հայատյացությամբ։ Ավելին, սոցցանցերում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս իր կապը «Գորշ գայլեր» ահաբեկչական ազգայնամոլական խմբավորման հետ։

Գասիմովը սոցցանցի իր էջում տեղադրել է նաև իր լուսանկարը բուդապեշտյան մարդասպան-մոլագար Ռամիլ Սաֆարովի հետ, որը, հիշեցնենք, 2004 թվականի փետրվարին գիշերը կացնով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012 թվականին ազատ արձակվեց Իլհամ Ալիևի տված փրկագնով։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, հրապարակված տեսանյութի առնչությամբ իրենք դիմել են ԱԱԾ՝ մեկնաբանությունների համար, բայց պատասխան առայժմ չկա։

Հիմա հարց. իսկ ո՞ւր է ԶԼՄ-ների հաղորդագրությունները ստուգելու իրավապահ մարմինների պարտականությունը, ինչի մասին մեծադղորդ հայտարարեց Փաշինյանը։ Ինչո՞ւ ոչ մի համապատասխան կառույց, այդ թվում ԱԱԾ-ն, ոչ մի կերպ չարձագանքեց բազմաթիվ հաղորդումներին՝ Կոնդում հակահայկական ֆիլմի նկարահանումների մասին, որոնք ոչ միայն խեղաթյուրում են Երևանի պատմությունը, այլև բացորոշ հայտարարում Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների մասին։ Ինչո՞ւ ոչ մի փորձ չարվեց՝ պարզելու, թե ով է թույլատրել ու կազմակերպել այդ նկարահանումները։

Արդյոք ո՞չ այն պատճառով, որ թույլտվությունը տրված է բարձրագույն մակարդակով՝ Ալիևի երկրպագու և հայ ժողովրդի դեմ հանցագործություններում նրա ոճրակից Նիկոլ Փաշինյանի կողմից։

ԱՅԺՄ ԽՈՍՔՆ ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐ ԿԱՊԸ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության հետ և լուսանկար հրապարակում նրա հետ, ով Ադրբեջանում հերոս է հռչակվել հայ սպանելու համար։ Մի կերպարի, որը մասնակցել է Արցախի շրջափակմանը։ Եվ սրանք միայն բաց աղբյուրներից վերցված տեղեկություններն են Գասիմովի մասին։ Ինչպե՞ս է դրան հաջողվել ներթափանցել Հայաստան և հանգիստ զբոսնել Երևանում։ Եթե սա ֆեյք է, եթե կադրերն արվել են վաղուց, ինչպես շտապեց գրել իշխանամետ կայքերից մեկը, ապա ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հայտարարում այդ մասին։ Թե՞ Հայաստան մտնել արդեն թույլատրված է յուրաքանչյուր ադրբեջանցու, նույնիսկ ահաբեկչական կազմակերպության հետ կապված հատուկ ծառայությունների սպային։

Համենայն դեպս հիշեցնեմ, որ Փաշինյանի անձնական կարգադրությամբ արգելված է Սփյուռքի այն գործիչների մուտքը Հայաստան, որոնք «համարձակվել են» դեմ հանդես գալ նրա թուրքամետ ու հակահայկական քաղաքականությանը։ Եթե վերոնշյալ բոլոր տեղեկությունները ճիշտ են, ապա ստացվում է, որ Նիկոլին քննադատող բոլոր սփյուռքահայերին արգելված է այցելել պատմական Հայրենիք, իսկ այ ադրբեջանցիները, նույնիսկ լինելով հայատյաց ու ահաբեկիչ, կարող են ազատ ժամանել մեր երկիր և տեսախցիկով նկարել այն ամենը, ինչ մտքներով անցնի։

Իսկ գերատեսչությունը, որն իրեն անվանում է «Ազգային անվտանգության ծառայություն», համառորեն լռում է և լոկ կուրորեն կատարում այն անձի հրամանները, որը սպասարկում է ապազգային շահերը և իր իշխանավարման ամեն օրվա հետ ավելի ու ավելի է խորացնում երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված ահռելի խնդիրները։

Հասկանալի է, որ այս ամենն արվում է նպատակաուղղված, ադրբեջանցիների զանգվածային «վերադարձը» նախապատրաստելու շրջանակներում և նպատակ ունենալով ստիպել ՀՀ բնակիչներին համակերպվել այն մտքին, որ նրանց հետ կողք-կողքի «խաղաղ» կյանքն անխուսափելի է։ Նման պայմանավորվածության առկայության մասին արդեն գրվում և խոսվում է ամենուր, և դա ոչ մի կերպ չի հերքվում իշխանությունների կողմից։

Բայց եթե վաղը, Աստված մի՛ արասցե, Հայաստան ազատ ներթափանցող նույն այդ ադրբեջանցիները ահաբեկչական գործողություն կազմակերպեն մեր երկրում, ո՞վ է պատասխան տալու։