«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔՊ-Ն ԽԱԲԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ խնդիրը ՀՀ ապագան է, և իմ լիազորություննների շրջանակը ՀՀ Սահմանադրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ. կենտրոնացված եմ այդ խնդրի վրա». երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ Նույն Փաշինյանի ղեկավարած ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում, սակայն, սևով սպիտակի վրա գրված է.
«Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»:
Նախընտրական այս խոստումը Նիկոլ Փաշինյանը չի կատարել: Իրականությունն էլ այն է, որ Հայաստանն Արցախին միայնակ թողեց, ավելին՝ Փաշինյանը սեպտեմբերյան ագրեսիայի օրերին հայտարարեց, որ ԼՂՀ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված էլ կա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»:
Այս բաժնում կարդում ենք. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»:
Այս խոստումներից որևէ կետի իրացման ուղղությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին»։