«Հրապարակ». ԻՆՉՊԻՍԻ ՊԱՅՔԱՐ Է ՄՂՈՒՄ ՔՊ-Ն ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաև հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։

Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին 3 անդամ ունի, 2 անդամի թափուր հաստիք, որը պետք է լրացվեր այս ընտրությամբ։ Այսպիսով՝ հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:

Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից մեկը` Լիլիթ Ավետիսյանը, գործուղվելու է Ֆրանսիա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովում քվորումի խնդիր է առաջանալու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր հաստիքները լավագույն դեպքում կհամալրվեն մարտ ամսին:

Բայց իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար պարալիզացված պահել այս հանձնաժողովի աշխատանքները, որ իրենց ներկայացուցիչների դեմ հարուցված 25 վարույթները չավարտվեն: Ահա՝ այսպիսի պայքար կոռուպցիայի դեմ: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները երեկվանից դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա»։

Aysor.am