Խանդանյան․ Լավ կլինի, որ բանակցությունները շարունակվեն Վաշինգտոնում և Բրյուսելում

Օրվա և պայմանների մասին որևէ տեղեկատվություն չկա, բայց ինչպես գիտեք, Հայաստանը միշտ կողմ է այդ ֆորմատում ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների շարունակմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ պետքարտուղար Բլինքենը Վաշինտոնում սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղության շուրջ բանակցելու համար:

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի մեր գործընկերները բավարար ջանք և գուցե նաև ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները Վաշինգտոնում շարունակվեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մոսկվայում հնարավոր բանակցություններին, Խանդանյանն ասաց. «Մոսկվայում բանակցությունների անցկացման կոնկրետ, շատ հստակ ժամկետներ և առաջարկներ, որքանով ես տեղյակ եմ, չեն հնչել: Շատ կարևոր բանակցությունների տրամաբանության շարունակականության ապահովումը: Ձևավորվել է մի տրամաբանություն, որ ԱԳ նախարարների մակարդակով ընթացել են բանակցությունների փուլեր Վաշինգտոնում, և երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում, և շատ լավ կլինի, որ ամեն ինչ նոր կետից չսկսելու համար այդ շարունակականությունը ապահովվի: Մենք սպասում ենք և ակնկալում ենք, որ այդ բանակցությունները շարունակվեն»:

News.am