ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համալիր պայմանավորվածությունների հունով»,-նշել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանն ու քաղաքացիական հասարակության գծով շփումներին:
Sputnik Արմենիա