Օ'ԲՐԱՅԸՆԻ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ ԵՎ ԱԼԻԵՎԻ «ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐՎՈՒՆՔԸ»
Երբ Փաշինյանն ինչ-որ բանի համար պայքարում է չափից ավելի եռանդագին, դա մեծ տագնապ է ծնում։ Քանզի նա հետո կորցնում է դա։ 2020 թվականի հոկտեմբերի կեսին կարելի էր դադարեցնել պատերազմը. Վլադիմիր Պուտինը ասել էր ռազմական գործողությունները դադարեցնելու Ալիևի համաձայնության մասին։ Հարցի գինն այն էր, որ Շուշիի նախկին ադրբեջանցի բնակիչները իրավունք ստանային վերադառնալ քաղաք, որը կշարունակեր մնալ հայկական հսկողության տակ։ Փաշինյանը հրաժարվեց։ Նա ասաց, որ կռվելու է։ Արդյունքում մենք հանձնեցինք Շուշին շատ ավելի վատ պայմաններով։ Եվ ոչ միայն Շուշին։
Հետո Փաշինյանը նոր օբյեկտ գտավ անզիջում պայքարի համար։ Նրա համար, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով տարանցման հնարավորություն չունենա դեպի Նախիջևան։ Ինչպես գրված է 9.11.2020-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետում, որտեղ ասված է նաև, որ տարանցման վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը։
Իհարկե, Փաշինյանը կեցվածք էր ընդունել ոչ հենց այնպես։ Նման դասավորությանը դեմ էին ամերիկացիներն ու անգլիացիները, հատկապես Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսվելուց հետո։ Արևմուտքին ձեռնտու չէ Ռուսաստանի ազդեցության աճը Հայաստանի հարավում, Իրանի սահմանի հարևանությամբ։ Փաշինյանն ընդունեց պատվերը և արեց ամեն ինչ, որպեսզի չտա այդ ճանապարհը Բաքվին, չնայած Մոսկվայից ստացած մի շարք նախազգուշացումներին։
Փաշինյանը սկսեց կատաղի կռիվ տալ «միջանցքի» դեմ, և, որպեսզի ոչ ոք չմտածի, թե ընդ որում ինքը հրաժարվում է Արցախից, ավելացրեց ֆինանսական օգնությունը Ստեփանակերտին, հուրախություն տեղի վերնախավի։ Արդյունքում սկզբում կորցրեցինք Լաչինի միջանցքը, հետո՝ բուն Արցախը։ Փոխարենը Արևմուտքը դատափետեց Ադրբեջանին, իսկ հատուկ հանձնարարություններով Փաշինյանի դեսպան Էդմոն Մարուքյանը հիանալի առիթ ստացավ ասելու, թե քանի որ ամեն ինչ այսքան վատ ստացվեց, ապա նշանակում է՝ Եռակողմ հայտարարությունը շունչը փչել է, և ռուսական սահմանապահ զորքերը չեն տեսնի Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկողություն, ինչի տակ իր ստորագրությունը դրել է Փաշինյանը 9.11.2020-ին։
Արդյունքում Բաքուն դեպի Նախիջևան ճանապարհ բացել Իրանի միջով։ Այդժամ ամերիկացիներն իրարով անցան։ Բայց, մի րոպե, չէ՞ որ իրենք դեմ չէին «միջանցքին»։ Իրենք դեմ էին, որ «միջանցքը» վերահսկեն ռուսները։ Ամերիկացիներն իրենք են ուզում վերահսկել դա՝ Փաշինյանի կաշառակեր կառավարության միջոցով։ Ամերիկացիներին բոլորովին դուր չեկան Ալիևի մտադրությունները և նրանք փորձեցին ճնշում գործադրել Բաքվի վրա։ Պետքարտուղար Բլինկենի օգնական Ջեյմս Օ'Բրայընը ահեղ հայտարարություններ արեց Ալիևի հասցեին, իբր՝ ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն արդեն «առաջվանը չեն լինի»։ Վաշինգտոնը նույնիսկ չեղարկեց ադրբեջանցի պաշտոնյաների մի քանի այց։ Ա՜խ, ինչպիսի բալասան էին Սպիտակ տան այդ քայլերը Հայաստանու իշխող թիմի սրտին։
ԿԱՐՃ ՀՆՉԵՑ ԵՐԳ ՈՒ ՆՎԱԳԸ։ ԲԱՎԱԿԱՆ ԷՐ ԱԼԻԵՎԸ ՇՇՊՌԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ԱՀԵՂ Օ'ԲՐԱՅԸՆԸ մեկներ Բաքու, ապաշխարեր Ալիևի առջև և հայտարարեր. «ԱՄՆ-ը ողջունում էԱդրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի և էներգետիկայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինկենը հույս է հայտնում շուտով Վաշինգտոնում ընդունել արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը Օ'Բրայընի խոսքերն ուրախ հաստատեց։
Վաշինգտոնը դադարեցնում է ճնշումը Բաքվի վրա։ Ավելին, դատելով ամենից, այնտեղ պատրաստ են համոզել Երևանին, որ այնուամենայնիվ տրամադրի «միջանցքը» Բաքվի պայմաններով. պայմաններ, որոնք արդեն Օ'Բրայենի հետ հանդիպելուց հետո Ալիևը բնորոշեց այսպես. «Ադրբեջանից Նախիջևան հասնելը պետք է դյուրամատչելի լինի։ Չպետք է լինեն որևէ մաքսատնային խոչընդոտներ, ստուգումներ կամ գործողություններ սահմանի վրա։ Դա մեր օրինական իրավունքն է»։
Բայց գլխավորը նույնիսկ այն չէ, որ հուսահատ դիմադրելով հանդերձ, Փաշինյանն այնուամենայնիվ կտա Ալիևին Հայաստանի տարածքով «հեշտացված տարանցումը» դեպի Նախիջևան։ Կտա, ինչպես որ տվեց Շուշին, Լաչինի միջանցքը, Արցախը։ Գլխավորն այն է, որ հիմա Փաշինյանի թիմն ամեն Աստծու օր հայտարարում է, թե եռանդագին պայքարում է հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Սրա մեջ է թաքնված գլխավոր վտանգը, քանզի վկայությունն է այն բանի, որ գալիք 2024 թվականը վճռորոշ է դառնալու այն հարցի պատասխանի առումով, թե կպահպանվի՞ արդյոք հայոց պետականությունը։
Հ.Գ. - Հիշում եմ հին անեկդոտը. հայկական ռադիոյին հարցնում են՝ «Արդյոք կլինի՞ նոր համամոլորակային պատերազմ»։ Հայկական ռադիոն պատասխանում է. «Պատերազմ չի լինի, բայց այնպիսի պայքար կգնա հանուն խաղաղության, որ քարը քարին չի մնա»։