Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՑԱՎՈՔ, ԱՅՍ ՏԱՐԻՆ «ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Ադրբեջանը 9 ամսից ավելի շրջափակված պահեց մեր 120,000 հայրենակցի Արցախում, իսկ հետո էլ ենթարկեց զանգվածային ունեզրկման ու Հայրենիքից բռնի տեղահանման, զինված հարձակումներով զրկեց ապրելու իրավունքից, ենթարկեց ֆիզիկական ու հոգեկան անմարդկաին տառապանքների: Հետո սկսեց ամեն ինչ հերքել ու կեղծել: Այս ամենը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձում՝ ՄԻ պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

«Չդադարող այս անարդարություններից քաղած գլխավոր դասը պետք է լինի գիտակցումը, որ մեր լավագույն պաշտպանը հենց մեր իսկ պետությունն է, պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունը:

Պետության ներսում պետք է լինի հարգանք իրար նկատմամբ, համերաշխություն, պատասխանատվություն արարքների հանդեպ ու հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ` հանուն արժանապատիվ կյանքի և իրավունքի գերկայության երկիր ունենալու համար

Հենց այսպիսի պետականությամբ և արժեհամակարգով է, որ մարդը կլինի պաշտպանված սեփական երկրում՝ իրավունքի գերակայության հիմնարար երաշխիքներով»,- գրել է Թաթոյանը։

News.am