Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՀԱՐՑԸ ՈՒԺՈՎ ԼՈՒԾԵԼ
Մի քանի օր առաջ, իր ելույթներից մեկով, Ալիևը կրկին անդրադարձավ Սյունիքով Նախիջևանին կապվող երթուղիների խնդրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաև նշել է. «Վերջին շրջանում այս թեմայով գլխավոր նորությունն այն է, որ շատ դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թե միջանցք տերմինը, այլ դրա նկարագիրը:
Պարզ ասած, տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում այն տարբերությամբ, որ կտրուկ ձևակերպումների փոխարեն խոսում են այդ երթուղու վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձևակերպումն են:
Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձևով միջանցք ստանալու համար, որևէ մեկը չի կարող բացառել` հատկապես, որ այս իշխանության առաջին նկարագրական բառը ստախոսությունն է:
Տարբերակ է նաև այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում հարցը ուժով լուծել:
Ամեն դեպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարևոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաև պաշտոնական մակարդակով»։