Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ՔՊ-Ն ՍՏԱՑԵԼ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «ժողովրդավարության քողի տակ թաքնված իշխանականների» հերթական քայլ որակեց ԱԺ-ում ՔՊ պատգամավորների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 4 տարի ղեկավարած Հայկուհի Հարությունյանի դեմ քննադատական արշավը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՔՊ-ականները երկու օր քննադատեցին հանձնաժողովի անդամի պաշտոնին հավակնող Հայկուհի Հարությունյանին, որը 2019 թվականից ղեկավարում էր հանձնաժողովը, այնուհետև որևէ մեկը չմասնակցեց քվեարկությանը։
«Ժողովրդավարության մասին օրուգիշեր խոսող իշխանությունը երկու օր խորհրդարանի դահլիճում թիրախավորել էր սահմանադրական անկախ մարմնի՝ Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, ով, պարզվեց՝ անցած 4 տարիների ընթացքում համարձակվել է ՔՊ-ական պատգամավորների, կուսակցական պաշտոնյաների մասով վարույթներ հարուցել, կոռուպցիոն դրսևորումներ, շահերի բախման դեպքեր կամ պաշտոնի հետ անհամատեղելիություն գտնել իշխանականների գործունեության մեջ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը։
Ըստ նրա՝ իշխանական պատգամավորները բոլոր թույլատրելի սահմաններն անցան՝ «մարդկային, անձնական, քաղաքական, բարոյական նաև իրավական»։
Ըստ Թովմասյանի՝ ՔՊ պատգամավորները սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ Հարությունյանը նրանց դեմ խոսեց․ «4 տարի նրանք լռում էին, ոչինչ չէին խոսում Հայկուհի Հարությունյանի մասին, իսկ երբ նրանց կոշտուկները տրորեց, անմիջապես թիրախավորեցին անկախ մարմնի ղեկավարին»։
Թովմասյանը նշեց, թե պատգամավորները խոսում էին կուսակցությունների վերահսկողությունից՝ Հայկուհի Հարությունյանին մեղադրելով, որ լավ չի աշխատել կուսակցությունների ֆինանսավորման հաշվետվությունների ուղղությամբ։
«Եվ այս մասին խոսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, որոնք 525 անանուն նվեր է ստացել․ անհասկանալի է՝ ումից և ինչի դիմաց, և սա բացահայտել է անկախ աուդիտորական ընկերությունը։ ՔՊ-ն ստացել է նաև անթուլատրելի չափով դրամական նվիրատվություններ՝ դարձյալ գաղտնի պահելով՝ ումից։ Կարծում եմ, որ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կատարվողն անթույլատրելի է և կարծում եմ, որ քաղհասարակությունը, միջազգային հանրությունը պետք է իրենց վճռական դատապարտող խոսքն ասեն ժողովրդավարության քողի տակ թաքնված իշխանականներին։ Հատվում են բոլոր կարմիր գծերը», - ասաց նա։