ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ

Հոկտեմբերի վերջին ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում առևանգվել է 6 զինվորական և 10 քաղաքացիական անձ։ Բաքուն հաստատեց իր վերահսկողության տակ միայն 9-ի գտնվելու փաստը, որոնցից 8-ը՝ Արցախի նախկին և ներկա առաջնորդները։ Մարդիկ, որոնց անվան հետ է կապված հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ինչպես սկզբնական շրջանում, այնպես էլ վերջին տարիներին: Մարդիկ, որոնք շատ առումներով դարձել են այդ պայքարի խորհրդանիշը, հերոսական Արցախի ու նրա անկոտրում ոգու խորհրդանիշը։ Մարդիկ, որոնց վերադարձման մասին պետք է անդադրում ու անդադար խոսել միջազգային բոլոր հարթակներում, բոլոր ամբիոններից, բոլոր լեզուներով ու բոլոր մայրաքաղաքներում։

Մարդիկ, առանց որոնց վերադարձի չէր կարելի ոչ միայն մտածել «խաղաղության պայմանագրի» շուտափույթ կնքման մասին՝ Ադրբեջանի գործնականում ցանկացած պայմանով, այլև ծպտուն հանել որևէ բանակցությունների վերաբերյալ

Երեք նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, որոնք, ինչպես էլ որ վերաբերվենք նրանց, ղեկավարել են հայկական երկրորդ հանրապետությունը, կերտել նրա բարօրությունը և ներկայացրել միջազգային ասպարեզում:

Դավիթ Բաբայանը, որը երկար տարիներ եղել է Արցախի պաշտոնական ձայնը, պատմական գիտությունների դոկտոր, մի շարք մենագրությունների հեղինակ, արիություն ու անձնազոհություն ցուցաբերած և իր մերձավորներին փրկելու համար ադրբեջանական իշխանություններին կամավոր հանձնված մարդ։

Լևոն Մնացականյանը, կադրային զինվորական, ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի շրջանավարտ, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ժամանակին աշխատել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: 2018թ. հոկտեմբերին Փաշինյանի իշխանության գալուց հետո հեռացվել է Արցախի պաշտպանության նախարարի և Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Դավիթ Մանուկյանը նույնպես կադրային զինվորական է, Առաջին ազատամարտի մասնակից, Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխղեկավար։ Դավիթ Իշխանյանը, որը մեծ ճանապարհ է անցել՝ Առաջին ազատամարտի շարքային մասնակցից մինչև երեք անգամ ընտրված պատգամավոր և Ազգային ժողովի նախագահ: Երեքն էլ կարողացել են պահպանել ազնիվ և պարկեշտ մարդկանց հեղինակությունը մեր այսչափ բարդ ժամանակներում:

Վերջապես՝ Ռուբեն Վարդանյանը. մարդ, որին կարելի է վստահ անվանել բիզնեսի և բարեգործական գործունեության յուրօրինակ լեգենդ: Հումանիստ և բարերար, որն ահռելի թվով ծրագրեր է իրականացրել կրթության, մշակույթի, մարդու իրավունքների և քաղաքակրթական բնույթի ոլորտներում: Համաշխարհային մասշտաբով լայն համբավ և հարգանք վայելող անձնավորություն:

Հայրենասեր, որը թողեց իր առավել քան բարեկեցիկ կյանքը և հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, որպեսզի տեղափոխվի Արցախ, պայքարի հանուն իր Հայրենիքի և օգնի նրան: Նա ժողովրդի հետ անցավ դաժան շրջափակման միջով և 9 ամիս շարունակ անդադար աշխատեց բնակչության առանձնակի խոցելի խավերի վիճակն ինչ-որ կերպ թեթևացնելու համար, թեև հաստատ ուներ հեռանալու հնարավորություն։ 50 միլիոն դոլար էր ներդրել Արցախում տարբեր նախագծերում և մոբիլիզացրել իր միջազգային կապերը՝ հանրապետությանը օգնելու համար։

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծման և գործունեության» և «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» մեջ: Ճիշտ ինչպեսև իր բախտակից ընկերներն են մեղադրվում «ահաբեկչության», «ծայրահեղականության», զինված խմբավորումներին անդամակցման, «սահմանն ապօրինի հատելու» մեջ և այլն։

Մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են սեփական Հայրենիքի ազատության համար պայքարին և հայկական հողում ժողովրդավարական հայկական պետության ստեղծմանը, ահաբեկչության մեջ մեղադրում է հանցավոր պետությունը՝ Ադրբեջանը։ Այն Ադրբեջանը, որտեղ 1988-1991թթ. հայ բնակչության դեմ իրականացվել են բազմաթիվ ցեղասպանություններ, այդ թվում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում։ Այն Ադրբեջանը, որը բազմիցս ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ՝ ցեղասպան մեթոդների և էթնիկ զտումների կիրառմամբ: Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ խախտում է միջազգային անխտիր բոլոր կոնվենցիաներն ու իրավական նորմերը, ստորագրված բոլոր համաձայնագրերն ու պայմանավորվածությունները։

Արցախի առաջնորդներին մեղադրում է իր երկիրը միջնադարյան միապետության վերածած բռնապետ ու բռնակալ Ալիևը, որը մերկացվել է կոռուպցիոն և քրեական անթիվ հանցագործությունների մեջ։ Ալիևը, որը իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2004 թվականի փետրվարին հրամայեց սպանել հայ սպային Բուդապեշտում, իսկ հետո հերոսացրեց ու պարգևատրեց մարդասպանին։ Ալիևը, որը «հայի սպանությունը հանցագործություն չէ» հրեշավոր արտահայտությունը վերածել է պաշտոնական կարգախոսի, հայատյացությունը՝ պաշտոնական քաղաքականության, իսկ ռազմական տեռորը՝ Արցախի և Հայաստանի հետ խնդիրների լուծման միակ մեթոդի։

Արցախի դեմ 44-օրյա ռազմական ագրեսիայի ժամանակ օգտագործել է արգելված զինամթերք (սպիտակ ֆոսֆոր) և միջազգային ահաբեկիչ-վարձկանների: Կազմակերպել Արցախի 9-ամսյա շրջափակումը, որը միջազգային փորձագետները բնորոշել են որպես ցեղասպանություն։

Եվ սա, իհարկե, Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալիևի հանցագործությունների բնավ ամբողջական ցանկը չէ։

Ահա այս պետությունը և դրա այս նախագահը մեղադրում են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներին և առաջնորդներին ահաբեկչության ու ծայրահեղականության մեջ և պատրաստվում դատել նրանց: Պատրաստվում են հրապարակավ նվաստացնել նրանց անձնական արժանապատվությունը, իսկ հանձին նրանց՝ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Պատրաստվում են բերանը ջուր առած աշխարհի աչքի առաջ հրապարակայնորեն դատափետել այն մարդկանց, որոնց ողջ մեղքը իրենց ազգին ծառայելն է։ Եվ ակնհայտորեն հույս ունեն այդ կերպ ահաբեկել հայերի ներկա և գալիք սերունդներին այն աստիճան, որ չմտածեն Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու մասին: Ստիպել վախենալ այնքան, որ մոռանան Հայրենիքը։

Ի՞նչն է ավելի շատ այդ ամենի մեջ. վրեժխնդրությո՞ւնը տարիներ շարունակ խոցված ինքնասիրության ու թերարժեքության բարդույթի համար, և ցանկությունը՝ վերջապես լիարժեք հետ բերելու տանուլ տվածը հիմա, երբ Երևանում գահին են նստեցրել ամեն ինչում իրեն աջակցող հանցակցին։ Անօգնական իրավիճակում հայտնված խիզախ ու արի մարդկանց նկատմամբ սեփական հզորության և իշխանության ցուցադրումը և նրանց հաշվին կրկին ու կրկին ինքնահաստատվելու ձգտո՞ւմը։ Հայտնի մարդկանց օգտագործո՞ւմը որպես հաղթաթուղթ՝ շարունակվող կեղտոտ խաղում:

Կրկնահանցագործի հոգեբանությունը հասկանալ նորմալ մարդու համար դժվար է, բայց ակնհայտ է, որ Ալիևի շարժառիթը այդ ամենն է՝ միասին վերցրած, և էլի բազմաթիվ հանգամանքներ։ Իսկ ամենասարսափելին այն է, որ Երևանում նստած իր հանցակցին միանգամայն ձեռնտու է այս իրավիճակը, քանի որ Հայաստանում այդ մարդկանց ներկայությունը նրան բացարձակապես պետք չէ, ավելին՝ խիստ վտանգավոր է։ Քանզի հենց նույն Ռուբեն Վարդանյանի համեմատ Փաշինյանի բացարձակ ոչնչությունն ու ողորմելիությունը շատ ավելի ակնբախ կդառնան։

Ամենևին պատահական չէ, որ հայ հասարակության ողջամիտ հատվածն այսօր խոսում է Բաքվում ու Երևանում ընթացող զուգահեռ գործընթացների մասին. քաղբանտարկյալների, որոնք ճաղերի հետևում են հայտնվել բռնակալների և հանցագործների կամքով։ Բաքվում հայ առաջնորդներին մեղադրում են և դատելու են ազգային գաղափարին ու ազգային շահերին հավատարմության և նվիրվածության համար, Երևանում նույնը քրեորեն պատժելի է դարձել տասնյակ մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն իշխանությունների ազգադավ քաղաքականությանը: Բաքվում հայտնի հայերին պատրաստվում են դատել երկարամյա ծառայության և իրենց ժողովրդին առջև մեծ ավանդի համար, իսկ Երևանում դավաճանների իշխանությունը հետապնդում և դատում է նրանց, ովքեր չեն պատրաստվում համակերպվել Արցախի հանձնման և Հայաստանի թուրքացման հետ։

Բաքվում բռնապետի և կոռուպցիոների իշխանությունը, առաջնորդվելով տոհմազուրկ քոչվոր-նվաճողների պարզունակ հոգեբանությամբ, ցանկանում է ստիպել բնիկ ժողովրդին մոռանալ իր բազմահազարամյա Հայրենիքը, իր սրբավայրերն ու սրբազան պայքարը: Երևանում մանկուրտների և երիտթուրքերի իշխանությունը նպատակադրվել է արմատապես վերաձևել ժողովրդի բազմահազարամյա պատմությունը, մտածելակերպն ու հիշողությունը և ստիպել նրան ապրել այսրոպեական, զուտ նսեմ ու շահադիտական պահանջմունքներով՝ «հաց և թամաշա» սկզբունքով։

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խոսել ոչ միայն Ադրբեջանին և Թուրքիային, այլև փաշինյանական Հայաստանին ամեն ճշմարիտ հայկականի քաղաքակրթական դիմակայության մասին։ Քանզի սկզբունքորեն վերոնշյալ երեքի միջև ոչ մի տարբերություն չկա. բոլորն էլ մահացու վտանգավոր են Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի համար։