Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ. ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ Է

Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան դառնալու է երկրի տակ դրված պայթուցիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է համաձայնի երկու կողմի ազգային փոքրամասնությունների մասով խաղաղության պայմանագրում նույնանման ձևակերպմանը կամ այդ կետն առհասարակ պետք է չլինի։

Խոսքը հայերի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Արցախի տարածքում ապրելու և ադրբեջանցիների` Հայաստան վերադարձի մասին է։

«Սա բավականին սուր հարց է, որի վրա լուրջ խաղադրույք են անում ադրբեջանցիները, որովհետև այս հարցի շուրջ վաղուց իրենց դիրքորոշումն ունեն։ Այսինքն` նրանք նպատակ ունեն վերադարձնել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիներին։ Նրանց թվաքանակը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 300 000-ի։ Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պայմանական ադրբեջանական փափուկ ուժ է հանդիսանալու հետագայում և Հայաստանի տակ դրված պայթուցիկ է լինելու»,– նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով` պաշտոնական Բաքուն պատեհ առիթի դեպքում հայտարարելու է, թե ադրբեջանցիների իրավունքները կամ անվտանգությունը չեն պաշտպանվում։ Դրանից ելնելով և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան առիթ են փնտրելու Հայաստանի տարածք զինված ուժեր մտցնելու համար։ Քաղաքագետը վստահ է` եթե ադրբեջանական ԶՈւ–ն մուտք գործի Հայաստան, այլևս երբեք դուրս չի բերվի։ Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ այդ տարածքներում կլինի թուրքական կամ ադրբեջանական Հայաստան, այսինքն` կլինի «Կիպրոս 2», ինչպես այնտեղ է` հունական ու թուրքական Կիպրոսի հատվածներով։

«Ադրբեջանը, մասնավորապես, պատերազմից հետո, կիրառել է հայելային անալոգիաների սկզբունքը, օրինակ` պետք է լինեն և՛ Լաչինի, և՛ Զանգեզուրի միջանցքներ։ Այժմ էլ խոսքը փախստականների մասին է։ Սա է Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարության իմաստը»,– նշեց քաղաքագետը։

Եթե ադրբեջանցիները պատրաստ են վերադառնալ Հայաստան, ապա որքանո՞վ են հայերը պատրաստ ապրել Ադրբեջանում կամ ներկայիս Արցախում։ Հակոբյանը շեշտեց` արցախցիների մի հատվածը գուցե պատրաստ է վերադառնալ իրենց բնակավայրեր, բայց միայն միջազգային ու բավականին ամուր երաշխիքների պայմաններում։ Խոսելով ադրբեջանցի փախստականների մասին` քաղաքագետն ընդգծեց` նրանցից շատերը կվերադառնան, բայց ուժի տեսանկյունից երաշխիքներ ստանալու պարագայում։

Նշենք, որ դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ցանկության դեպքում «Խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել 5-10 օրվա մեջ։ Նա նշել էր, որ ժամանակ կանցնի, հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն և ինչ–որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։

Sputnik Արմենիա