ԸՍՏ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՝ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ Է ՄՆԱՑԵԼ

Նախագահ Ջո Բայդենը կողմ է Ուկրաինային աջակցությանը, բայց այնքան էլ վստահ չէ, որ կկարողանա իրականացնել այդ աջակցությունը, գրել է Politico ամերիկյան պորտալը։

Նա Զելենսկուն լիակատար վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա հաղթել և խոստացել է, որ Սպիտակ տունը հավատարիմ կմնա դաշնակցային հարաբերություներին։ Բայց հանրապետականների դիմադրությանը հանդիպելով՝ Բայդենը չի կարողացել Զելենսկուն տալ այն, ինչը ցանկանում էր՝ ամուր խոստում։

«Մենք բանակցություններ ենք վարում անհրաժեշտ ֆինանսավորումն ստանալու համար։ Չեմ խոստանում, բայց հուսով եմ, որ կկարողանանք հասնել դրան. ես կարծում եմ, որ կկարողանանք»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։

Մինչ այդ Բայդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինա մատակարարել հակաօդային պաշտպանության միջոցներ, հրետանի և այլ սպառազինություն՝ քանի դեռ կարող ենք», ինչը նույնը չէ, ինչ ասում էր Վաշինգտոնը Կիևին՝ «այնքան, որքան կպահանջվի»։

Սա վկայում է այն մասին, որ Բայդենը չի կարող ազատ գործել համաշխարհային ասպարեզում։ Քաղաքականության բևեռացումը երկրի ներսում խափանում է նրա՝ իր ցանկացածն անել կարողանալու ունակությունը, այս դեպքում՝ Զելենսկուն հավաստիացնելը, որ ԱՄՆ-ն միշտ նրա կողքին կլինի։

Հանրապետականների մեծ մասը Ներայացուցիչների պալատում և Սենատում քվեարկել է մեծ քանակությամբ զենք Ուկրաինա ուղարկելու օգտին։ Բայց նրանք սկզբում ցանկանում են, որ Բայդենը համաձայնի ավելի կոշտ սահմանային քաղաքականությանը։ Արդյունքում՝ Զելենսկին մնացել է դատարկաձեռն։

Բայդենը հանրապետականներին մեղադրել է այն բանում, որ նրանք ԱՄՆ-ին դրել են այնպիսի վիճակի մեջ, որ նրանք չեն կարող Ուկրաինա ավելի մեծ քանակությամբ զենք ուղարկել՝ հղում կատարելով ռուս մեկնաբաններին, որոնք շնոհակալություն են հայտնել հանրապետականներին օրենքի ընդունումը հետաձգելու համար։ «Եթե ռուս քարոզիչները գովաբանում են ձեզ, գուցե, եկել է ժամանակը վերիմաստավորելու այն, ինչ դուք անում եք»,- ասել է նա։

Բայդենը հայտնել է Ուկրաինային ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին՝ 200 մլն դոլարի չափով։ Բայց Զելենսկու երկօրյա այցի նպատակը հետևյալն էր. արդյո՞ք կլինի այդ տրանշը վերջիններից մեկն ինչ-որ ժամանակով։

Զելենսկու ներկայությունը քիչ բան կփոխի ԱՄՆ ներքաղաքական իրավիճակում։ Սահմանային բանավեճերը իսկական գայթաքար են։

Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը, որն Ուկրաինայի մոլի կողմնակիցն է, երեքշաբթի հայտարարել է, որ սահմանի մասին բանակցությունները մինչև տարեվերջ չեն ավարտվի։

Հետախուզական տեղեկությունների որոշ հրապարակումներ օգնել են ապացուցել Զելենսկու դիրքորոշումը։ Ամերիկյան հետախուզության վերջերս գաղտնազերծված գրությունը վկայում է, որ Ռուսաստանը կորցրել է 315 000 զինծառայող իր մինչապատերազմյան 360 000-անոց բանակից (կամ 87 տոկոս), ինչը Կրեմլից պահանջում է մոբիլիզացնել հանրությանը և նոր զինվորներ զորակոչել։

Զելենսկին պարծեցել է, թե ինչպես են ուկրաինական զորքերը դուրս մղել ռուսական ռազմանավերն իրենց տարածքային ջրերից։ Նա նաև նշել է, թե ինչպես է Ուկրաինան վերադարձրել Ռուսաստանի զավթած հողերի 50 տոկոսը։

Բայց Ներկայացուցիչների պալատում Ուկրաինայի օգնության հանրապետականների աջակցությունը հասել է գագաթնակետին, և շատ պահպանողականներ երդվել են ոչ մի լրացուցիչ փող չհատկացնել։

Օրենսդիրները թերահավատորեն են տրամադրված արագ ֆինանսավորման հանդեպ, նրանք հասկացրել են, որ Զելենսկու դիմումը քիչ բան է արել իրենց կարծիքը փոխելու համար։

Բայց Զելենսկին պնդել է ATACMS-ների մատակարարման հարցում։ Ընդունելությունը Սպիտակ տանը ավելի ջերմ է եղել։ Բայդենը գովել է Ուկրաինային, որ նա դիմացել է Ռուսաստանի գրոհին, չնայած ավելի քիչ ուժեր ունենալուն։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր երկրին աջակցելու համար։ Բայց այդ խոսակցությունը Զելենսկուն նոր հավաստիացումներ չի բերել, չնայած նա ասել է, որ Ուկրաինայի ճակատագիրը կախված է իրեն աջակցելու Ամերիկայի պատրաստակամությունց։

Ազգային անվտանգության գծով փորձագետները անհանգստություն են հայտնել, որ Ուկրաինայից հրաժարումը կուժեղացնի ոչ միայն Պուտինին, այլև վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը։ Ռուսաստանը կարող է իրեն թոււյլ տալ ռմբակոծել ուկրաինական քաղաքները։ Դա կարող է կոտրել պատերազմի ընթացքը՝ Ռուսաստանին թույլ տալով վերադարձնել տարածքներ։ Իսկ Եվրոպան ի վիճակի չէ լիովին լրացնել իր բացերը, երբ բանը հասնում է զինամթերքների մատակարարմանը, որոնց կարիքն ունի Ուկրաինան։ Եվ եթե անգամ Պենտագոնը կարողանա ինչ-որ փողեր գտնել, որպեսզի դրանք վերաբաշխի, այդ միջոցների օգտագործման սահմանափակումները նշանակում են, որ սարքավորումների գնման և Կիև ուղարկման վրա ամիսներ կծախսվեն։ «Պարզ ասած՝ շատ ուկրաինացիներ կմահանան, եթե այդ փողերը չփոխանցվեն»,- ասել է պետդեպարտամենտի նախկին աշխատակից, ներկայում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում աշխատող Մաքս Բերգմանը։

News.am