Foreign Policy in Focus․ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԱԾՈ ՎԱՌԵԼԻՔՆ Է, ՈՉ ԹԵ ՀԱՅԵՐԸ

Վաշինգտոնի պաշտոնատար անձինք կրկնապատկում են Կովկասով անցնելիք նոր էներգետիկ միջանցքի ստեղծման ջանքերը, այն կմիավորի Եվրոպան և Ասիան, գրել է FPIF-ը։

Ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա կենտրոնացնելով՝ նրանք հույս ունեն այդ երկու երկրները կապել էներգետիկ խողովակաշարերով՝ չնայած վերջերս Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժմանը, որի հետևանքով ավելի քան 100 000 էթնիկ հայեր սեպտեմբերին հեռացան այդ տարածքից։

«Տարանցիկ միջանցք, որը կկառուցվի Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ, կարող է հսկայական բարիք դառնալ ամբողջ տարածաշրջանի երկրների և համաշխարհային շուկաների համար»,- Կոնգրեսին նոյեմբերին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենը։

ԱՄՆ նպատակները

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ պաշտոնատար անձինք հետապնդել են աշխարհաքաղաքական նպատակներ Կովկասում։ Տարածաշրջանը դիտարկելով որպես ռազմավարական առումով կարևոր տարածք, որը կմիավորի Եվրոպան և Ասիան, նրանք ձգտել են տարածաշրջանն ինտեգրել Եվրոպային՝ միաժամանակ նրան հեռացնելով Իրանից և Ռուսաստանից, որոնք սերտ կապեր են պահպանում տարածաշրջանի հետ։

«Կովկասը չափազանց կարևոր է որպես խաչմերուկ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև»,- ասել է սենատոր Ջեյմս Ռիշը (R-ID) անցած տարի։ «Առևտրային, էներգետիկ համաձայնագրերը, ենթակառուցվածքը և ներդրումները, այդ ամենը կարող է նպաստել տարածաշրջանի ավելի լավ ինտեգրմանը տրանսատլանտյան ընկերակցությանը»։

ԱՄՆ պլանավորման կենտրոնում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի էներգետիկ ռեսուրսները, հատկապես նավթը և բնական գազը, ԱՄՆ պաշտոնատար անձինք Ադրբեջանը դիտարկում են որպես ԱՄՆ-ի կողմից գլխավորվող Կովկասի բանալի, որը կօգնի Եվրոպային ազատվել ռուսական էներգետիկայից կախվածությունից։

«Վերջին տասնամյակի ընթացքում մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ջանադրաբար աշխատել ենք՝ փորձելով օգնել Եվրոպային աստիճանաբար ազատվել ռուսական գազից և նավթից ունեցած կախվածությունից»,- նշել է սենատոր Քրիստոֆեր Մերֆին սեպտեմբերի լսումներում։ «Այդ ռազմավարության մասն է ադրբեջանական գազի և նավթի մեծ քանակության մատակարարումը Եվրոպա»։

Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ ուշադրության պատճառներից մեկն էլ նրա դիրքն է։ Ռուսաստանի հետ հյուսիսում, արևելքում Կասպից ծովի և հարավում Իրանի հետ սահմանը դրդում է ԱՄՆ պաշտոնյաներին երկիրը դիտարկել որպես «եվրասիական էներգետիկ քաղաքականույթան էպիկենտրոն»։ Միացյալ Նահանգներն աշխատել է, որպեսզի Ադրբեջանը ներկայանա որպես մեկնակետ Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի համար, որը օգուտ կբերի Արևմուտքին և կզսպի Հյուսիս-Հարավ միջանցքը, որը օգուտ կբերի Իրանին և Ռուսաստանին։

ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարը մեծ հնարավորություններ է խոստանում։ Խողովակաշարը վերահսկվում է էներգետիկ կոնսորցիումի կողմից՝ բրիտանական BP նավթային հսկայի գլխավորությամբ։ «Մեզ դա պետք է, որպեսզի շարունակենք գործել»,- Կոնգրեսին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Յուրի Կիմը։

ԱՄՆ տեսակետից, կարևոր աշխարհաքաղաքական ձեռքբերում է Հարավային գազային միջանցքը։ Այն կանցնի Ադրբեջանից մինչև Եվրոպա։ 2020թ. Եվրոպա բնական գազի առաջին մատակարարումների պահից այդ միջանցքն ունեցել է վճռական նշանակություն Եվրոպային էներգիայով ապահովելու հարցում Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ։

«Այդ Հարավային գազային միջանցքը չափազանց կարևոր է Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իտալիայի և գուցե Արևմտյան Բալկանների երկրների էներգետիկ բազմազանության ապահովման համար»,- ասել է Կիմը։ «Մենք չենք կարող թերագնահատել, թե որքան կարևոր է այն»։

Նոր երթուղի՞

Քանի որ խողովակաշարերով նավթը և գազը տեղափոխվում են Ադրբեջանից Արևմուտք, ԱՄՆ պաշտոնատար անձինք փորձել են ամրապնդել Արևելք-Արևմուտք միջանցքը՝ լրացուցիչ խողովակաշարեր ստեղծելով, որոնք կանցնեն Հայաստանով։ Խողովակաշարը Հայաստանի միջով ոչ միայն ևս մեկ երթուղի կավելացնի միջանցքին, այլև Հայաստանին կշեղի Ռուսաստանից, որը ռազմական ներկայություն ունի երկրում և որն էներգիայով ապահովում է Հայաստանին։

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ պլանների գլխավոր մարտահրավերներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտությունը։ Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան տարածաշրջանի առիթով, ԱՄՆ պաշտոնատար անձինք Արևելք-Արևմուտք ավելի լայն էներգետիկ միջանցքին Հայաստանի ինտեգրման քիչ տարբերակներ են տեսնում։

«Եթե չլիներ սառեցված Ղարաբաղյան հակամարությունը,- ասել են ամերիկացի դիվանագետները 2009թ.,- Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կարող էր անցնել Հայաստանով՝ կրճատելով հեռավորությունն ու շինարարության արժեքը և Հայաստանին տրամադրելով գազի այլընտրանքային աղբյուր, ինչպես նաև այդքան անհրաժեշտ տարանցման մուտքեր»։

Բայց վերջին տարիներին տարածաշրջանային դինամիկան արագ փոփոխվել է։ Ադրբեջանը բավականաչափ փողեր է ստացել Արևմուտքի համար էներգետիկ կենտրոն լինելու իր գործունեությունից, նա սկսել է ավելի շատ փող ծախսել զենքի վրա։ Քանի որ Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանին ավելի ժամանակակից զենք են վաճառել, Ադրբեջանն ստեղծել է մեծ զինանոց և գերազանցություն ապահովել Հայաստանի նկատմամբ։

«Այնտեղ, որտեղ արևմտյան մյուս երկրները չեն ցանկանում Ադրբեջանին ցամաքային մարտական համակարգեր վաճառել, քանի որ վախենում են դրդել Ադրբեջանին դիմել պատերազմի [Լեռնային Ղարաբաղը] վերադարձնելու և տարածքներ օկուպացնելու համար, Իսրայելն իրավունք ունի իրականացնել զենքի վաճառք և մեծ շահ է ստանում այդ գործարքներից»,- տեղեկացրել են ամերիկացի դիվանագետները 2009թ.։

Ադրբեջանը, ոգևորված այս ամենից, կատարեց իր քայլը։ Երբ 2020թ. սեպտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեցին մարտական գործողություններ, Ադրբեջանի զինված ուժերը օգտվեցին Իսրայելի և Թուրքիայի առաջավոր սպառազինությունից և զավթեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները։

Բայց մինչ Ադրբեջանի զինված ուժերը կարողացան ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը, միջամտեց Ռուսաստանը՝ հասնելով հրադադարի և տարածաշրջան ուղարկելով մոտ 2 000 խաղաղարարների։ Չնայած տարբեր դիտորդներ այդ արդյունքն անվանել են Ռուսաստանի հաղթանակ, գործարքը երկար չտևեց։

Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը փորձեց զավթել Լեռնային Ղարաբաղի մնացած մասը՝ զինվելով իսրայելական զենքի հավելյալ մատակարարումներով։ Ադրբեջանի ներխուժումից հետո ավելի քան 100 000 էթնիկ հայեր հեռացան այդ տարածքից և անցան Հայաստան, որտեղ մնում են այսօր։

Հիմա, երբ Ադրբեջանը իր վերահսկողության տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղը, ԱՄՆ պաշտոնատար անձինք վերականգնում են իրենց ջանքերը, որպեսզի համոզեն Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր կնքել, որը կարող էր նոր էներգետիկ միջանցքի հիմքը դառնալ։

«Այս տարածաշրջանում աշխատելու բան կա»,- նոյեմբերին Կոնգրեսին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենը։

Պետդեպարտամենտում պաշտոնյաները դիտարկում են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող նոր էներգետիկ միջանցքի կառուցման պլանները։ Ինչպես նշել է Օ՛Բրայենը, «տեխնիկատնտեսական հիմնավորումը փաստացի կատարված է USAID-ի ֆինանսական աջակցությամբ, ուստի մենք գտնվում ենք այն փուլում, երբ դիտարկվում է, թե ինչ տնտեսական ապագա կարող է լինել այնտեղ»։

Խոչընդոտներ

ԱՄՆ պլանների ճանապարհին կան մի քանի խոչընդոտներ։ Դրանցից մեկն այն է, որ ավելի հանդուգն դարձած Ադրբեջանը կներխուժի Հայաստան և կզավթի տարածքներ, որոնք նա ցանկանում է նոր խողովակաշարերի համար։ Եթե Ադրբեջանը շարունակի զենք գնել Թուրքիայից և Իսրայելից, նա կարող է ուժով զավթել հայկական հողեր, ինչը, ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, կարող է տեղի ունենալ։

«Ես կարծում եմ, որ հայերն անհանգստացած են և զգում են սպառնալիքը այդ միջանցքի կողմից և այն, որ դա կարող է նշանակել նոր հողերի զավթում Ադրբեջանի կողմից»,- ասել է կոնգրեսական Ջեյմս Կոստան (դեմոկրատ Կալիֆոռնիայից) նոյեմբերի լսումներում։

Սրա հետ կապված հնարավորությունն այն է, որ Ադրբեջանը կարող էր ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանիի հետ։ Դա կարող է նպաստել հայկական հողերի զավթման Ադրբեջանի գործողություններին՝ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման համար, որը օգուտ կբերի Ռուսաստանին։

Չնայած Ռուսաստանը աջակցում է Հայաստանի հետ անվտանգության պակտին, հարաբերությունները փչացել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթման պատճառով, ինչը հնարավոր է դարձնում այն, որ Ռուսաստանը կանցնի Ադրբեջանի կողմը։

Խնդիր է նաև Ադրբեջանի կառավարությունը։ Երկար տարիներ քննադատները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել են այն բանում, որ նա գլխավորում է կոռումպացված և բռնաճնշող վարչակարգ։

Ներքին հաշվետվություններում ամերիկացի դիվանագետները խիստ քննադատում են Ալիևին։ Նրանք ոչ միայն նրան համեմատել են ավազակի հետ, այլև ենթադրել են, որ երկիրը «կառավարվում է ֆեոդալիզմի նման, որը գոյություն ուներ Եվրոպայում միջին դարերում»։

Քանի որ քննադատները Վաշինգտոնին կոչ են արել վերանայել ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի հետ, Կոնգրեսի որոշ անդամներ սկսել են կասկածի ենթարկել ԱՄՆ ռազմավարությունը, հատկապես այն հարցում, որը վերաբերում է Ալիևի հետ ԱՄՆ գործընկերությանը։

Միացյալ Նահանգները, գուցե, «ոչ ճիշտ հաշվարկ է կատարել՝ ավելի շատ ադրբեջանական ռեսուրսներ տեղափոխելով Եվրոպա»,- ասել է սենատոր Մերֆին սեպտեմբերին։

Կոնգրեսի այլ անդամներ կասկածի տակ են դրել պետդեպարտամենտի հավաստիացումներն այն մասին, թե նոր էներգետիկ միջանցքը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանում։

«Ես չեմ կարծում, որ խաղաղ գործընթացը այնքան լավ է ընթանում, որքան նկարագրում են ոմանք»,- ասել է Կոստան նոյեմբերի լսումներում։ «Տեղի է ունեցել հենց էթնիկ զտում՝ հայերի վտարմամբ իրենց պատմական հայրենիք Լեռնային Ղարաբաղից»։

Չնայած դրան՝ պետդեպարտամենտի պաշտոնյաները նախկինի պես վստահ են իրենց պլանների հարցում։ Շարունակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման ջանքերը՝ նրանք հուսով են, որ կկարողանան ստեղծել նոր էներգետիկ միջանցք, որը կանցնի Հայաստանով, անգամ եթե դա նշանակի, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած էթնիկ հայերը երբեք չեն կարողանա վերադառնալ իրենց տները։

«Անհրաժեշտ կլինի որոշ ջանքեր գործադրել, որպեսզի օգնենք այդ մարդկանց ինտեգրվել հայկական կյանքին»,- Կոնգրեսին նոյեմբերին ասել է AID ներկայացուցիչ Ալեքսանդր Սոկոլովսկին։ «Նրանցից շատերը երազում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, բայց այժմ նրանք մտադրություն ունեն կյանքի համար վաստակ ունենալ Հայաստանում»։

News.am