ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԻ ԿԱՍՏԱ. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎՐԵԺ ԼՈՒԾԵՑԻՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանում բռնկվեց հերթական սկանդալը։ Նախ՝ իշխանության ներկայացուցիչների հասցեին ամբիոնից կոշտ քննադատություն հնչեց այն անձի կողմից, որը 4 տարի ղեկավարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Իսկ դրա արդյունքը դարձավ մի եզակի փաստ. նրա թեկնածության օգտին՝ որպես այդ հանձնաժողովի անդամի, չտրվեց ոչ մի ձայն, պատգամավորներից ոչ մեկը չմասնակցեց քվեարկությանը։

Խոսքը Հայկուհի Հարությունյանի մասին է, որը խիստ տհաճ մի շարք գնահատականների տարափ տեղաց ՔՊ-ական պատգամավորների գլխին, խմբակցության ամենավուլգար անդամներից մեկին՝ Լուսինե Բադալյանին անվանեց «քաղաքականապես խակ», իսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին՝ ոչ իր «հերոս»։ Բացի այդ, Հարությունյանը պահանջեց, որ Թորոսյանը բացատրի, թե ինչպես է նախարար եղած ժամանակ իր տիկնոջ ղեկավարած կազմակերպության հետ պայմանագրի արժեքը աճել ավելի քան 350 միլիոն դրամի: Ի պատասխան Թորոսյանը սպառնաց զրպարտության համար դիմել դատարան, սակայն հարյուրտոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ նա դա չի անի:

Մինչդեռ իշխող կուսակցության անփոխարինելի և «ահեղ» ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է թափահարել կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսը՝ որպես իր հիմնական «բրենդներից» մեկը։ ՔԿ-ն և Գլխավոր դատախազությունը, նրա աչալուրջ հսկողության ներքո, շարունակում են բացահայտել գանձագողերին, կոռուպցիոներներին, կաշառակերներին ու ապօրինի հարստացած այլ անձանց և բռնագրավել նրանց գույքը: Միայն թե կոռուպցիայի դեմ պայքարող փաշինյանական մարտիկների «ցանցն են ընկնում» առայժմ միայն տխրահռչակ «նախկինները», մեկ էլ քավության նոխազները՝ ստորին կամ լավագույն դեպքում միջին օղակի չինովնիկների թվից։ Եվ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ակնհայտ կոռուպցիայի մասին մամուլի ոչ մի հաղորդագրություն կամ լրագրողական հետաքննություն հետագա զարգացում չի ստանում պաշտոնական հետաքննության կամ, առավելևս, քրեական պատժի տեսքով։

Այս մասին, իհարկե, վաղուց ու լավ հայտնի է, և Հայկուհի Հարությունյանի հետ կապված պատմությունը լոկ ևս մեկ համոզիչ ապացույցը դարձավ այն համերաշխիքի, որ գործում է «Քաղաքացիական պայմանագրի» մեկ հանցավոր շղթայով կապված «էլիտար» անդամների միջավայրում։ Այդ հանցավոր ու արյունոտ շղթայի օղակներից են ոչ միայն դավաճանությունն Արցախին ու Հայաստանին, ոչ միայն բացարձակ աջակցությունը Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը՝ հանուն սեփական կուշտ ու ապահով կյանքի։ Այդ մարդիկ սերտորեն կապված են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, որոնց մասին ամենից լավատեղյակն իրենց շեֆն է, որն ամեն անկյունում պարծենում է կոռուպցիայի բացահայտման գործում սեփական հաջողություններով։

Միայն թե այդ լավատեղյակությունը ծառայում է ոչ թե հանցագործների բացահայտմանն ու պատժմանը՝ ի խրատ այլոց, այլ լոկ Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդմանը՝ թինակիցների դեմ նրա կուտակած ահռելի կոմպրոմատի հաշվին։ Ինչպես նաև իր անձնական բարեկեցության աճին՝ «իր մասնաբաժնի» հաշվին։ Այդ առումով լավագույն նմուշներից մեկը հենց այն պատգամավորն է, որը կասկածելի ակտիվ էր Հարությունյանի թեկնածության քննարկման ժամանակ, իսկ հետո սպառնաց նրան դատարանով։ Մինչդեռ դատարանում վաղուց պիտի հայտնված լիներ ինքը, ընդ որում՝ մեղադրյալի աթոռին։ Եվ բնավ ոչ միայնակ:

Խոսքը մեկուկես տարվա վաղեմության աղմկահարույց պատմության մասին է, որն այսօր արդեն բարեհաջող կերպով մոռացվել է Հայաստանին պատուհասած պատմական նշանակության ողբերգական իրադարձությունների խորապատկերին։ Նախորդ տարվա հունիսին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հաշվետվություն ներկայացվեց կորոնավիրուսի համավարակի ընթացքում առողջապահության նախարարության կողմից ծախսված բյուջետային միջոցների ստուգման արդյունքների մասին։ Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը և գերատեսչության ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը ցնցող փաստեր ներկայացրեցին առողջապահության նախկին և ներկա նախարարներ Արսեն Թորոսյանի և Անահիտ Ավանեսյանի ահավոր իրավախախտումների, չարաշահումների և վատնումների մասին:

Այս ամենի մասին «ԳԱ»-ն գրել է բազմիցս, փաստեր ներկայացնելով Փափազյանի և Ջանջուղազյանի ելույթներից, որոնք ապացուցում են տասնյակ և հարյուր միլիարդավոր դրամների մասշտաբային վատնումները։ Ընդ որում ընդգծվում էր, որ ներկայացված տվյալները վերջնական չեն, այսինքն գանձագողության ծավալները շատ ավելի մեծ են եղել։ Այս բոլոր փաստերը պետական կառույցների ներկայացուցիչների կողմից հնչեցվեցին խորհրդարանի պատերի ներսում, հրապարակավ, ուղիղ եթերում և հենց Թորոսյանի ու Ավանեսյանի ներկայությամբ։ Եվ ի՞նչ ունենք մեկուկես տարի անց։

Ոչինչ: Հաշվեքննիչ պալատի զեկույցն ուղարկվել է արխիվ, ասես այն չի էլ եղել։ Իրավապահ մարմինները չնչին իսկ շահագրգռվածություն չցուցաբերեցին նշված փաստերը հետաքննելու հարցում։ Կոռուպցիայի դեմ քաջարի պայքարող Նիկոլ Փաշինյանն ու իր գրպանային գլխավոր դատախազը ձևացրեցին, թե ոչինչ չեն լսել ու ոչինչ չգիտեն: Թորոսյանն առաջվա պես ԱԺ պատգամավոր է, թեև Նիկոլի սիրելիների շարքից հետ է մղվել քաղաքական «հետնախորշ»։ Իսկ նրա առաջադրած Ավանեսյանը շարունակում է նախարար աշխատել ։

Կարելի է միանգամայն վստահ լինել, որ այս երկուսի մութ գործերի հետաքննություն չի անցկացվելու, և նրանք ոչ մի պատիժ չեն կրելու, քանի դեռ իշխանության ղեկին է նա, ում գիտությամբ նրանք այդ ամենն արել են այն ժամանակ, իսկ այսօր հուսալիորեն քողարկում է իրենց մեղքերը։ Նա, ով ջանադրաբար «չի նկատում» կոռուպցիոն բնույթի կասկածելի գործարքների և չարաշահումների մասին մամուլում տեղ գտած բազմաթիվ հաղորդագրությունները, որտեղ առկա են բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց հարազատների, ընկերների և ծանոթների անունները:

Եվ ոչ թե պարզապես «չի նկատում», այլ հենց ինքն է զբաղվում առնվազն քաղաքական կոռուպցիայով՝ պետական բարձր պաշտոնների խցկելով իր թանկագին կողակցուհու մերձավոր ու հեռավոր ազգականներին. հիշենք թեկուզ վերջերս Գյումրիի ավագանիում տեղի ունեցած սկանդալը։

Քանի դեռ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի շոշափում Փաշինյանի մերձավոր թիմակիցների շրջանակը, սա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտ ու ճղճղան արշավ, որը ծառայում է բացառապես որպես իշխանական շրջանակներում մոլեգնող հանցավորության և ամենաթողության քողարկում: Ուստի արժե՞ արդյոք զարմանալ, որ դեկտեմբերի 12-ին ՔՊ խմբակցությունը միահամուռ տապալեց Հարությունյանի ընտրությունը, որի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարման ժամանակահատվածում իշխող կուսակցության անդամների դեմ 25 քրեական գործ է հարուցվել։

Իսկ Փաշինյանի այն հնարավոր պատրանքները փարատելու համար, թե իր «հակակոռուպցիոն գործունեության» առանձնահատկությունները տեսանելի չեն արտաքին դիտորդներին, այդ թվում՝ նրանց, ովքեր անվերջ գովաբանում են իր «հաջողությունները» ժողովրդավարության ոլորտում, հիշեցնենք ընդամենը երկու փաստ։

Աշխարհում մարդու իրավունքների մասին մարտին հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում Հայաստանի մասին բաժնում ասվում էր հետևյալը. «Երկրում համակարգային կոռուպցիայի ժառանգություն է մնում բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, հանքարդյունաբերության, պետկառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների և պետական սուբսիդիաների։ Եղել են մեղադրանքներ պետական միջոցների յուրացման և առևտրային կասկածելի գործունեության մեջ պետական պաշտոնյաների ներգրավվածության վերաբերյալ»:

Նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին Երևանում կայացած մամլո ասուլիսում, ի թիվս Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետ կապված բազմաթիվ այլ խնդիրների, կոչ արեց նաև «ազատել պետական կառույցները կոռուպցիայից և քաղաքական ազդեցությունից»: