Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻՆ․ ԱՅԴՊԻՍԻ ԽՈՍՔԵՐ ՇԱՏ ԵՆՔ ԼՍԵԼ, ԴԱ ՈՒՂՂԱԿԻ ԶՐՈ ԵՐԱՇԽԻՔ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կգա ժամանակը՝ մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դտարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել, ասելով, որ Արցախի էջը փակված չէ:
Անդրադառնալով արցախահայերի վերադարձի թեմային, նա ասաց, որ դա պետք է հենց արցախահայությանը հարցնել. «Իրենցից յուրաքանչյուրը պետք է ասի, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալու Արցախ: Որ վերադարձը ցանկալի է, դա միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ: Թե ինչպիսի պայմաններ, ես հիմա չեմ կարող ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»,-ասաց երրորդ նախագահը:
Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը, թե արցախահայերի վերադարձի համար պայմաններն ապահովելու համար Ադրբեջանի Սահմանադրությանը պետք է ապավինել, Սերժ Սարգսյանն ասաց, որ դա չի կարող լինել երաշխիք. «Այդպիսի խոսքեր շատ ենք լսել, դա ուղղակի զրո երաշխիք է»:
Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ-ն լուծարվել
Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հայտարարությունը ոչինչ չի նշանակում,- ասաց Սերժ Սարգսյանը:
«Այսինքն որեվէ մեկի հայտարարությամբ կարող է Հայաստանի Հանրապետությունը լուծարվե՞լ: Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ-ն լուծարվել»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ Հայաստանում գործունեության մասին՝ նա ասաց. «Նախ, Արցախի իշխանությունները չեն լուծարվել, երկրորդը, այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է. ի՞նչ է նշանակում՝ լուծարում են, ենթադրենք լուծարում են, իրենք հո հավերժ չե՞ն լինելու: Դա բնականաբար, շատ կախված է նաև այն մարդկանցից, որոնք բռնի տեղափոխվել են Հայաստան: Եթե նրանք ցանկություն չունենա, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել»:
Էս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի
Ես չգիտեմ՝ խաղաղության պայմանագրում ինչ կա գրված,- նշեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ լուրերի այդ պայմանագրում Արցախի մասին նշում չի լինելու:
«Որեվէ մեկը տեղյա՞կ է, թե այնտեղ ինչ է գրված: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ հնարավոր է՝ հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել. Եթե ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ այդ փաստաթուղթը:
Սա Հայաստանի կառավարիչների գործելաոճն է: Դուք հիշո՞ւմ եք որևէ լուրջ պայմանագիր, որ Հայաստանի կողմից մինչև 2017-ը ստորագրվել է և ստորագրվել է գաղտնի: Չի եղել նման բան: Հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը հրապարակվել էին նախօրոք, ԼՂ խնդրի շուրջ բանակցային փաստաթղթերին բոլորը տեղյակ են եղել: Էս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ իշխանությունները իրենց մեղադրում են, որ տարիներ շարունակ բանակցել են մի բան, հանրությանն ասել մեկ այլ բան, Սերժ Սարգսյանն ասաց. «Ո՞վ է ասում, ձեր մասին էլ կարող են շատ բան ասել, դա իրականությո՞ւն է»:
Դատախազությունն ուզում է իր կարած գործը ավարտին հասցնել
Դատախազությունն ուզում է իր կարած գործը ավարտին հասցնել, բայց հաջորդ նիստին կլսեք նաև պաշտպանների խոսքը,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ այսօր Երեվանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը միջնորդեց Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։ Դատախազը նույն միջնորդությամբ հանդես եկավ նաև գործով անցնող Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
News.am-ի նյութերով