«ՄՏԱՀՈԳ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ «ԲԱՎԱՐԱՐՎԱԾ »-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՇՐՋԱՑԱՏԿ Է

Արդեն օրինաչափ դարձած, բայց դրանից ոչ պակաս ապշեցուցիչ պարադոքս. հենց որ չափից ավելի համառ ու հայամետ է հնչում միջազգային հանրության ձայնը Ադրբեջան ահաբեկչական պետության հանցագործ գործողությունների վերաբերյալ, հայկական ղեկավարությունը գլխապտույտ շրջացատկ է կատարում, այն էլ այնպես, որ նույն այդ միջազգային հանրությունը հայտնվում է հիմար վիճակում։

ԵԹԵ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՍԻՋՆԵՐԻՆ, մասնավորապես՝ արևմտյան տերություններից, ապա դրանց մեջ գնալով ավելի հաճախ, «մտահոգ ենք», «անհանգստացած ենք» հերթապահ խոսքերի հետ մեկտեղ, սկսել են հնչել նոտաներ, որոնք ուղղորդված են Բաքվի նկատմամբ ավելի առարկայական գործողությունների. Արցախի ողբերգության համար, նրա համար, որ հաշված ժամերի ընթացքում հայերին համընդհանուր կերպով, ցեղասպանության, պատերազմի, ագրեսիայի միջոցով ստիպեցին հեռանալ իրենց տներից, իրենց հողից, իրենց Հայրենիքից։ Նույնիսկ անչափ լկտիացած արդի աշխարհի համար դա չափից ծայրահեղ է։ Եվ նույնիսկ եթե հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն վարելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու պահանջով նման մեսիջների հետևում ընկած է լոկ հռետորաբանություն և «սեփական խաղ», այդուհանդերձ ուղղությունը տրված էր , և հայկական դիվանագիտությունը կարող էր օգտագործել դա, ուժգնացնել, ուղղելով ի նպաստ ազգային և պետական շահերի։

Եվ հանկարծ կարդում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հատարարությունը, որտեղ նշվում է, որ երկու երկրները «վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը», և «բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին»։ Լավ։ Ճիշտ է, նույն այդ ժամանակ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհվում է հայ զինծառայող։

Ապա հաջորդում է հետևյալը. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։

«Մարդասիրության արժեքները», «բարի կամքը» «Ադրբեջան» բառի զուգորդմամբ իհարկե, շռնդալից են հնչում են։ Երկիրը, որ պատերազմ է սանձազերծել, մոտ մեկ տարի պահել Արցախը սոված ու ցուրտ շրջափակման մեջ, իրականացրել հայ ժողովրդի ցեղասպանություն և հայրենազրկում՝ ստիպելով հեռանալ Արցախից երկու օրում, ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, դատել հայ ռազմագերիներին իբրև ահաբեկիչների, չի կատարել նրանց անհապաղ ազատման պարտավորությունը, որն ամրագրված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որը բանտ է նետել Արցախի նախկին ղեկավարությանը, և այլն. պարզվում է, այդ երկիրն առաջնորդվում է «մարդասիրության արժեքներով» և «բարի կամքով»։

Կարելի է առարկել, թե լավ, գրողի ծոցը գնան ձևակերպումները, գլխավորն այն է, որ մեր տղաները տուն կվերադառնան, իսկ դա անժխտելի արժեք է, ո՞վ կվիճի։ Մինչդեռ փաշինյանական իշխանության համար, դատելով այլ գործողություններից, ձևակերպումներն այնքան կարևոր են, որ հանուն դրանց նա պատրաստ է նույնիսկ հրաժարվել գործուն օգնությունից։ Օրինակ, ՀԱՊԿ-ի առարկայական առաջարկից՝ առաքելություն տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանի տարածքում անցկացնել զորավարժություններ։ Քանզի ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չի տվել Բաքվի գործողություններին։

Այուհետ վերոնշյալ համատեղ հայտարարության տեքստում նորից դեմ ենք առնում Ադրբեջանի «բարի կամքին»։ «Որպես բարի կամքի քայլ` Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունըՈրպես բարի կամքի քայլ` Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը»։

Ամենուր առկա է միայն Ադրբեջանի «բարի կամքը» և ոչ մի բառ Հայաստանի «բարի կամքի» մասին։ Սա պարզապես նվաստացում չէ, սա ծանակում է։

«Ադրբեջանը հայ գերիների հանդեպ այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որով փաստորեն խուսանավում է խոստովանել, որ ոչ միայն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլ նաև Ժնևյան 3-րդ կոնվենցիան,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ -Բաքուն հայ զինգերիներին կարգում է հանցագործ՝ այդպիսով փոխում է նրանց կարգավիճակը, բոլորին վերագրում է ինչ-ինչ հանցագործություններ և իրենց ոչ թե որպես ռազմագերիների է վերադարձնում, այլ՝ իբրև թե հանցագործություններ գործած և դատապարտված անձանց։ Սա վկայությունն է Ադրբեջանի խարդախ, միջազգային իրավունքին ամբողջովին հակադրվող շարունակական քաղաքականության։ 32 գերիներին այս փուլում վերադարձնելը խորամանկ քաղաքականություն է. քաղաքական կեղտոտ առևտուր է, որն արվում է մարդկային ճակատագրերի միջոցով։ Թուրքիան և Ադրբեջանը այսպիսով ձևացնում են՝ իրենք ընդառաջ են գնում այսպես կոչված խաղաղության՝ իրականում մեզ համար մահաբեր խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Ակնհայտ է, որ արդեն առաջադրած պայմաններին նորերն են ավելացնելու, Հայաստանից նոր զիջումներ են պահանջելու»։

Թերևս, ակնհայտորեն՝ այո։ Իսկ եթե տեղի ունեցող ամենին գումարենք հրեշավոր ցինիզմը, երբ Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները նստած են ադրբեջանական բանտերում «ահաբեկչության» համար, իսկ բոլորը, և առաջին հերթին ՀՀ իշխանությունները, որ նույն այդ «ահաբեկիչների» մոտ են գնացել պաշտոնական այցերով, ձևացնում են, թե ամեն ինչ կարգին է, ապա ստացվում է բացարձակ տխուր պատկեր։

Այդ նույն ժամանակ Ալիևը շռայլորեն հարցազրույցներ է տալիս արևմտյան ԶԼՄ-ներին, հայտարարելով, թե իբր՝ «հենց Ադրբեջանն է ենթարկվել բռնազավթման և էթնիկ զտման», իսկ «ղարաբաղյան պորտֆոլիոյի փակումից հետո Հայաստանն ավելի սիրահոժար կգնա համաձայնության», և ինքը՝ Ալիևը ցանկանում է, որ «Հայաստանը և՛ այսօր, և՛ ապագայում երբեք կասկածի տակ չառնի մեր տարածքային ամբողջականությունը և իսպառ հրաժարվի Ադրբեջանին ցանկացած տարածքային պահանջներ ներկայացնելուց»։ Սա ասում է այն երկրի ղեկավարը, որի զինված ուժերը ներխուժել են ԼՂՀ-ի և Հայաստանի տարածք և չեն ցանկանում այնտեղից դուրս կորչել։ Եվ ուշադրություն դարձրեք. Փաշինյանը մշտապես խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, իսկ Ալիևը երբեք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։

Մինչդեռ, բավական էր, որ տեղեկատվական տարածք արտանետվեր «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը», որում լիառատորեն խոսվում է «ադրբեջանցիների մարդասիրության արժեքների» և նրանց «բարի կամքի» մասին, որպեսզի միջազգային հանրության ձայներանգը տեղնուտեղը փոխվի. «մտահոգ ենք», «անհանգստացած ենք», «վրդովված ենք» հայտարարություններից՝ «բավարարված ենք» «ողջունում ենք», «սատարում ենք», «դրական ենք գնահատում» արտահայտությունների։ Իսկ այս իրավիճակում ուրիշ ի՞նչ է մնում անելու միջազգային հանրությանը։ Ի՞նչ է, կուրծք ծեծի, թե իբր՝ Հայաստանը ինչպես կուզի, իսկ մենք, միևնույնն է, պատժամիջոցներ կկիրառենք Ադրբեջանի դեմ, կհրաժարվենք նրա նավթից ու գազից, զենք չենք վաճառի նրան, կպաշտպանենք արցախցիների իրավունքները, տուն կվերադարձնենք նրանց, ադրբեջանական բանտից կազատենք Ռուբեն Վարդանյանին, որպեսզի անձամբ հանձնենք նրան պարգևը «Տաթևի թևերի» համա՞ր։ Ծիծաղո՞ւմ եք, ինչ է։ Մի գլխացավանք պակասեց, էլ ո՞նց «բավարարված» չլինեն։