ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆԸ. ԿԱՐԾԻՔ` ՖՐԱՆՍԻԱՅԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի մնացած հայ գերիներին, Ադրբեջանի վրա պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրվի, քան այժմ։ Հակառակ դեպքում, Բաքուն ծանր զիջումներ է սպասելու Երևանից։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայից քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։

 

Մնացած գերիներին, այդ թվում՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելու համար միայն փափուկ ուժի կիրառումը բավարար չէ, անհրաժեշտ է բիրտ ուժ, հավելեց Հիլդա Չոբոյանը։

«Այնուամենայնիվ, մենք պետք է դիմենք բոլոր հնարավորություններին՝ ազդելու Ադրբեջանի վրա»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ իրական ուժը, որը կարող է ճնշում գործադրել Բաքվի վրա, ԱՄՆ-ն է, բայց նրանք ևս իրենց շահերն են հետապնդում Հայաստանում և տարածաշրջանում, ուստի պետք է ուշադիր լինել այս հարցում։

Քաղաքական գործիչը չի հավատում, որ Ռուսաստանն այս հարցում ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա։

«Ադրբեջանը ճնշում է զգում միջազգային հանրության կողմից, Արցախի գրավումից հետո Ադրբեջանի իմիջն ընկել է քաղաքական և հոգեբանական մակարդակներում, ինչը չի կարելի ասել տնտեսական համագործակցության մասին»,- ընդգծեց Չոբոյանը։

News.am