Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ ԷՐ «ԳՈՀԱՑՆԵԼ» ԲԱՔՎԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՒՄ
Բաքվի համար կարևոր են, այսպես կոչված, անկլավների և դեպի նրանց ճանապարհների, ինչպես նաև Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու խնդիրները։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, թե Բաքուն «գոհ է խաղաղության պայմանագրի առաջարկներից»։
Նա հավելել է, որ միջանցքի, ինչպես նաև հայերի Արցախ չվերադառնալու հարցերը նույնպես կարևոր են մնում Ադրբեջանի համար։
«Ներկայիս իշխող ռեժիմի համար դեռևս մինչև իշխանության գալը Արցախի ժողովուրդն արդեն թշնամի էր և բեռ, որից պետք էր ազատվել։ Ուստի, հայերին Արցախ վերադարձնելու խնդիր չեն դնում»,- նկատել է փորձագետը։
Նա չի բացառել, որ Ադրբեջանը կարող է ձեռք բերել նաև արտատարածքային միջանցք, որի նկատմամբ Հայաստանը վերահսկողություն չի ունենա։
«Եթե հետևեք Հայաստանում իշխող ռեժիմի պահվածքին, ապա կտեսնեք, որ նրանք անընդհատ զիջում են։ Նրանց համար ամենակարևորը իշխանության մնալն է։ Նրանց համար այնքան էլ կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ։
Եթե չունենայինք այսպիսի ապաշնորհ իշխանություններ, ապա վերոհիշյալ բոլոր հարցերը լուծված կլինեին դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշեց խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Այդ ժամանակ էր պետք լուծել բոլոր հարցերը, բայց Հայաստանի իշխանությունները փոխարենը շրջվեցին դեպի Արևմուտք, որի պատճառով էլ զիջեցին Արցախը։ Ռուսաստանը նույնպես լքեց մեզ՝ Հայաստանին մեղադրելով դեպի Արևմուտք շրջվելու մեջ, որը մեզ հերթական անգամ աճուրդի հանեց, իսկ հիմա Բաքվում նոր պայմանագրեր է կնքում»,- ընդգծել է Խաչիկյանը։
Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները կոտրեցին ժողովրդին, զիջեցին Արցախը, 120 հազար հայի դարձրեցին փախստական։
«Մի՞թե, իշխող ռեժիմը մտածում է Հայաստանի ապագայի մասին, երբ խոսում է երկիրը թուրքական և ադրբեջանական բանակների համար խաչմերուկի վերածելու ցանկության մասին։ Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ իշխանությունները կարողանան գոնե մի բան անել ու գոնե Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունն ապահովել»,- տարակուսանք է հայտնել քաղաքագետը։
Խաչիկյանը հիշեցրել է, որ միջազգային հարաբերությունները հիմնված են ուժի և շահերի վրա։
«Ադրբեջանը զգում է իր ուժը և կանգ չի առնի, քայլ առ քայլ կխեղդի մեզ։ Այս ողբերգության վերջը չի երևում»,- եզրափակել է նա։