«Հրապարակ». ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ ՉԻ ԲԱՑԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովի պատգամավորները փակ նիստից հետո կրկին հանդիպել են նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, քննարկել տեղահանվածների կարիքների հարցը և դրանց լուծման ճանապարհները, սակայն դրանից բացի քննարկել են նաև Շահրամանյանի` Արցախը լուծարելու մասին տխրահռչակ որոշման ճակատագիրը։

Հիշեցնենք այդ որոշմամբ Արցախի պետական ինստիտուտները հաշված օրեր անց՝ 2024թ. հունվարի 1-ին, պետք է լուծարվեն։ Շահրամանյանը փակագծեր չի բացել, միայն ասել է, որ ինքն է այդ որոշումն ընդունողը և հետևանքների կրողը, ուստի ինքը գիտի իր անելիքները։

Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Շահրամանյանը չեղարկել է իր իսկ ստորագրած հրամանագիրը։ Մեր աղբյուրները փոխանցեցին նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ստեղծման ուղղությամբ, որը նախորդ նիստում էր մեկնարկել: Դրանով զբաղվում են ԱՀ քաղաքական ուժերի ակտիվի նեղ խմբով, սակայն որոշել են առայժմ խիստ գաղտնիության պայմաններում այդ աշխատանքներն իրականացնել»:

News.am