ՎԵՐԱԴԱՐՁ-ՇՈՈՒ. ԳԵՐԻՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՄԱՇԱ Է ՍԱՐՔՈՒՄ ԱՐԴԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԸ, ԱՅԼԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Հայ գերիների հերթական խմբի հայրենադարձումը տեղի ունեցավ ավելի քան մեկուկես տարի անց այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին Ադրբեջանը վերադարձրեց ապօրինի պահվող ութ հայերի։ Դրանից հետո վերադարձի ոչ մի դեպք չի եղել։ Ավելին, հայ գերիների մեծ մասը տևական ազատազրկման է դատապարտվել շինծու գործերով դատական խեղկատակությամբ, իսկ Բաքվի կողմից պահվող գերիների թիվը շարունակաբար աճել է։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ Արցախում սեպտեմբերյան աղետի հաշվին, երբ գերեվարվեցին Արցախի ութ առաջնորդներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։

Հարկ է հիշեցնել, որ այս տարվա մայիսին Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդիսավոր կերպով հայտարարեց, թե համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին մի քանի գերիների վերադարձման վերաբերյալ։ Սակայն դա տեղի չունեցավ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթներին՝ ընդհուպ մինչև դեկտեմբերի 13-ը։ Բաքվի սուլթանը սովորության համաձայն խաբեց դյուրահավատ Միշելին, բայց վերջինիս մտքով անգամ չանցավ մեղադրել իր ընկեր Իլհամին պայմանավորվածությունը խախտելու համար։ Դե, մեծ բան չէ, հայ գերիներին չվերադարձրեց, գլխավորը՝ ռուսական գազը պարտաճանաչ ուղարկում է Եվրոպա…

Ինչևէ, 3 տարի շարունակ ադրբեջանական գերության բոլոր սարսափներն անցած 32 հայերի վերադարձը կայացավ, ինչի համար, բնականաբար, միայն ուրախանալ կարելի է: Սակայն նույնիսկ այս միանշանակ դրական թվացող իրադարձության շուրջ և՛ Բաքվում, և՛ Երևանում նողկալի շոու կազմակերպվեց, որը գլխովին մատնում է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի իրական նպատակները։ Նպատակներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն ո՛չ մարդասիրության, ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ խաղաղության ու բարոյականության հետ:

«Համատեղ հայտարարությունը», որում խոսվում է գալիք հայրենադարձման մասին, հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին, սակայն այն կայացավ միայն 6 օր անց։ Այդ ընթացքում ամեն կողմից հնչում էին քաղցրումեղցր երեսպաշտ հայտարարություններ «ուրախության» մասին, որ իբր զգում են տարբեր երկրների առաջնորդներն ու նույնիսկ Հռոմի պապը։ Միայն թե Պապի ու մնացած բոլորի մտքով չի անցնում, որ ադրբեջանցի երկու զինվորներից մեկը, ում համար իրենք բուռն ուրախացել են, սպանել է անմեղ մարդու, և ազատ կարձակվի իր երկիր վերադառնալուց անմիջապես հետո։

Այն երկիր, որտեղ հայի սպանությունը համարվում է ոչ թե հանցագործություն, այլ հերոսության բարձրագույն դրսևորում։ Բայց այդ ամենը վաղուց և բարեհաջող կերպով մոռացել են. խաղաղությունը, տեսեք-տեսեք, քթի տակ է…

Ընդ որում աճապարանքով շնորհավորող ոչ մի երկրի և կազմակերպության ղեկավար մի բառ անգամ չասաց նաև այն մասին, որ Ադրբեջանը ՊԱՐՏԱՎՈՐ էր վերադարձնել իր կողմից գերեվարված և ապօրինի պահվող բոլոր հայերին դեռևս 3 տարի առաջ՝ համաձայն 9/10. 11. 2020 եռակողմ հայտարարության։ Որ Ալիևը խախտել է հնարավոր բոլոր միջազգային նորմերը՝ հրաժարվելով ազատ արձակել գերիներին և պատանդներին, նրանց ենթարկելով խոշտանգումների և նվաստացումների, ինչի վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որ նա ոչ մի իրավունք չուներ դատելու և դատավճիռ կայացնելու հայ քաղաքացիների դեմ միայն այն բանի համար, որ նրանք պաշտպանել են իրենց Հայրենիքը։ Որ այդ ամենի և շատ այլ բաների համար պետք դատել առաջին հերթին հենց իրեն՝ միջազգային հանցագործին…

Բայց, իրոք, ինչո՞ւ հիշեցնել այս ամենի մասին, եթե ռուսական գազը կանոնավոր կերպով հոսում է Եվրոպա։

Ալիեվը Ալիեվ չէր լինի, եթե մինչեվ վերջ թքած չունենար գերիներին վերաբերող ամեն ինչում գաղտնիության պահպանում պահանջող միջազգային իրավունքի վրա: «Պաշտպանություն ամբոխի հետաքրքրասիրությունից» հասկացությունը, որն ամրագրված է Ժնևյան երրորդ և չորրորդ կոնվենցիաներում, վերաբերում է նաև ռազմագերիներին և սահմանում է, որ արգելված է ոտնահարել մարդկանց պատիվն ու արժանապատվությունը՝ ցուցադրելով նրանց նվաստացուցիչ կամ իրենց համար չափազանց տհաճ իրավիճակներում: Բայց ի՞նչ են նշանակում Ժնևյան կոնվենցիաները միջազգային հանցագործի կողմից ղեկավարվող ցեղասպան երկրի համար։

Վերադարձի օրը, ինչպես նախկինում բազմիցս եղել է դատարաններում և հանրային այլ վայրերում, նույնիսկ Ադրբեջանի օմբուդսմենի մոտ ընդունելության ժամանակ, հայ գերիներին նկարահանում ու լուսանկարում էին՝ տարածելով մամուլում և սոցցանցերում: Այդ կադրերը, որոնցում ՀՀ քաղաքացիները ներկայացվում էին իրենց համար բացահայտ նվաստացուցիչ իրավիճակում, ցուցադրվեցին ի տես ամենքի, առանց նրանց դեմքերը թաքցնելու, քողարկելու որևէ փորձի։

Այս առնչությամբ ոչ մի բառ, բնականաբար, չհնչեց ո՛չ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների կողմից։ Ընդհակառակը, Փաշինյանն ընդունեց էստաֆետը իր հանցակցից և շարունակեց «վերադարձ-շոուն» արդեն Երևանում՝ հիմնավորապես պատրաստվելով դրան՝ ի փառս իր սեփական սիրելի անձի, ինչպես նաև նպատակադրվելով ցուցադրել անհնարինը՝ Ալիևի մարդասիրությունը։

Զինվորական հոսպիտալի մոտ վերադարձածների հետ հանդիպմանը սպասող հարազատների բազմության մեջ էին նետել հայտնի կերպարների՝ Փաշինյանի վարձու երկրպագուների թվից (օրինակ ՝ «վագրանախշ» տիկնոջը)։ Նրանց հանձնարարություն էր տրված հայտարարել, թե «Բաքվում մեր տղաներին լավ են վերաբերվել, լավ են կերակրել», ինչպես նաև ամեն կերպ ընդգծել «խեղճ Նիկոլի» հսկայական դերը, որը վերջապես հասել է գերիների վերադարձին։

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Տիգրան Քոչարյանը այս առնչությամբ դառնացած գրել է. «Մի հատ էլ "Գերի Travel " տուրիստական բացեք` Աշոտիկ Փաշինյան տնօրենով։ Բա գերի ընկնելու եռամսյա հավաքներ կազմակերպեք, զադեռժկան ինչու՞մն ա»։

Իսկ ողջ այդ նողկալի շոուի յուղոտ վերջակետը, թեպետ՝ ակնհայտորեն միջանկյալ, դրեց ոչ այլ ոք, քան առողջապահության նախարարը։ «Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել, դրա կարիքը չի եղել»,- առանց կասկածի նշույլի հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: Իսկ այն հարցին, թե առաջիկայում նման բուժզննումների անհրաժեշտություն կլինի՞, նույնքան վստահ պատասխանեց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Հիշեցնեմ, որ 32-հոգանոց խմբի բուժզննումը տևել է ընդամենը մի քանի ժամ, սակայն Ավանեսյանը (մասնագիտությամբ իրավաբան) «հետագա հետազոտության անհրաժեշտություն» չի տեսնում: Ասես խոսքը հանգստավայրից վերադարձած մարդկանց մասին է, որտեղ անսպասելիորեն վարակ են հայտնաբերել…

Խոշտանգումների եվ դաժան վերաբերմունքի զոհերի վերականգնման մեթոդաբանությունը վաղուց է կիրառվում աշխարհում, հնարավորություն տալով ծանր փորձությունների միջով անցած մարդկանց վերադառնալ բնականոն կյանքի: 90-ականների վերջից և մինչև 2000-ի կեսերը Երևանում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունում գործում էր վերականգնողական կենտրոն՝ հատուկ նրանց համար, ովքեր վերադառնում էին ադրբեջանական գերությունից: Նրանց վերականգնման գործընթացը ներառում էր բժշկական միջոցառումների մի ամբողջ համալիր, նրանց հետ տարիներ շարունակ աշխատում էին հոգեբանները։ Բայց այդուհանդերձ եղել են դեպքեր, երբ այդ մարդիկ չեն դիմացել, կորցրել են ինքնատիրապետումը, ունեցել են հոգեկան խնդիրներ՝ վտանգ ներկայացնելով շրջապատի համար։ Ցավոք, եղել են նաև ինքնասպանության դեպքեր։

Հիմա մեզ փորձում են ապացուցել, թե Բաքվի զնդաններում 3 տարի անցկացրած մարդիկ ընդհանրապես բուժման կարիք չունեն և կարող են ինքնուրույն, առանց բժիշկների և հոգեբանների օգնության, վերադառնալ իրենց նախկին կյանքին։ Ավանեսյանը հլու-հնազանդ կատարում է իր շեֆի հանցավոր հրահանգները, որին հույժ անհրաժեշտ է համոզել երկրի քաղաքացիներին, թե իբր Ադրբեջանի իշխանությունները «խաղաղասեր ու մարդասեր» են, թե գերեվարված հայերի հետ այնտեղ այնքան լավ են վարվում, որ նրանց օգնություն ցուցաբեելու ոչ մի կարիք չկա:

Փաստորեն Փաշինյանը երկրորդ անգամ է զոհաբերում այդ մարդկանց, ուղարկելով նրանց սովորական կյանք՝ առանց լուրջ մասնագիտական հետազոտության, բուժման և վերականգնման։ Եվ տիկինը, որն իբր ներկայացնում է աշխարհի ամենամարդասիրական՝ բժշկի մասնագիտությունը, պատրաստակամորեն համաձայնում է այդ հանցավոր խաբեությանը՝ հաստատ հասկանալով, թե ինչով է դա սպառնում:

Թեպետ, ո՞ւմ է դա հուզում մի երկրում, որտեղ շարքային քաղաքացիները դատապարտված են մանր խաղաքարի դեր կատարել քաղաքական խաղերում, և նրանց կյանքը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Գլխավորը՝ թույլ չտալ, որ Իլհամի վարկանիշը է՛լ ավելի ընկնի, ձեռքի հետ էլ փորձել բարձրացնել Նիկոլի անհուսալիորեն փլուզված վարկանիշը։ Որպեսզի հնարավորինս շուտ թափահարի «խաղաղության» մասին թուղթը՝ թուրքերին ձեռնտու ցանկացած պայմաններով...