«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ ՉԵՆՔ․․․»․ ԱՐՑԱԽԻ «ԲԱՐԴԱԿԸ» ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ստեփանակերտի միակ փաբի՝ «Բարդակի» տերը` Ազատը, Արցախից տեղահանվելուց հետո նույն իր փաբը բացել է Երևանում։ Երևանյան «Բարդակը» արցախյանից տասն անգամ մեծ է Ազատն ասում է՝ Երևանում պետք է ավելի լավը ստեղծի դա միակ պայմանն է, որ իրեն լրիվ պարտված չզգա։

Հայկական Արցախում կյանքը միշտ եռում էր։ Այն միայն պատմական կառույցների, եկեղեցիների ու խելահեղ բնության երկրամաս չէր, այլև ակտիվ ապրող երիտասարդ օրգանիզմ։ Ստեփանակերտցի երիտասարդները և քաղաքի հյուրերը զվարճանալու մի քանի վայրեր ունեին, որոնցից ամենանշանավորը «Բարդակ» փաբն էր։ Փաբի կյանքում պատերազմները որոշիչ են եղել 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո էր ստեղծվել, 2020-ի պատերազմից հետո էլ ժամանցային վայրից վերաճել մասունքների պահպանման վայրի։

Փաբի հիմնադիրը (որը երկու պատերազմների մասնակից է)՝ Ազատ Ադամյանը, փաբի դուռը փոխել էր Տիգրանակերտի թանգարանից բերված փայտե դռնով, բակում Խնածախից բերված «Սմերչի» արկ կար, փաբի ներսում էլ երկու ցուցանակ էր կախել՝ Թալիշ գյուղի գյուղապետարանինն ու դեպի Տիգրանակերտ տանող ճանապարհինը։

Создатель и владелец паба 'Бардак' Азат Адамян

Չնայած տեղահանության բարդություններին՝ այդ երկու ցուցանակն Ազատն իր հետ խնամքով հասցրել է Երևան հիմա նրանք երևանյան «Բարդակի» պատերին են։ «Ցուցանակները դրոնի տուփի մեջ դրեցի, բերեցի», -պատմում է։

Բայց այն, որ Երևանը իր վերջնակետը կլինի ու փաբի նոր ծննդավայրը կդառնա, Ազատը ճանապարհին չգիտեր ծրագրերը լրիվ ուրիշ էին։

«Վերջին ամիսներին բլոկադային զուգահեռ ինֆորմացիոն վակուումի մեջ էինք։ Ճանապարհին, երբ ինտերնետ չկար, ընդհանրապես ոչ մի բան չգիտեինք։ Մենք մտածում էինք, որ Հայաստանում ոչ մեկի պետք չենք․․․ Էնպիսի լուրեր էին տարածում` թե, եթե Հայաստանում ասենք` ղարաբաղցի ենք, մեզ չեն ընդունի, մեզ հետ վատ կվարվեն և այլն։ Ես որոշել էի, որ պիտի Ռուսաստան գնամ` բարեկամներիս մոտ լավ ա՝ մարդկանց ասեմ Ղարաբաղից եմ, չիմանան դա որտեղ է, քան թե չկարողանամ ասել որտեղից եմ։ Բայց Տեղ գյուղ որ հասանք, էդ մտքերս փոխվեցին», - ասում է Ազատը։

Սյունիքի Տեղում, որը տեղահանվածների առաջին ընդունման կետերից էր, Ազատին ու իր ընտանիքին այնքան սիրով են դիմավորել, որ քարոզչական կեղծ կարծրատիպերը րոպեական հօդս են ցնդել։

«Մենք Ստեփանակերտում ծանր էինք տանում, որ Հայաստանում մեզ համար ոչ ոք չի պայքարում, փողոց դուրս չի գալիս։ Հիմա, որ Երևանում եմ, ամբողջ օրը աշխատում եմ, Երևանի ռիթմի մեջ եմ, չեմ հասցնում իմանալ, թե երկրում ինչ ա կատարվում, ցույցի գնալն էլ բոլորն էլ տեսել են, թե ինչի ա բերել․․․ (նկատի ունի 2018-ի ցույցերը)», - ասում է Ազատը։

Երևանյան «Բարդակը» արցախյանից տասն անգամ մեծ է։ Ազատը տարածքի մեծությունը ծրագրում է օգտագործել այնպես, ինչպես ստեփանակերտյան «Բարդակում» երբեք չի արել՝ երաժշտական ծրագրեր, համերգային միջոցառումներ կազմակերպելով։ Երևանյան «Բարդակում» Ազատն իր առանձին օֆիսն էլ ունի։

«Ղարաբաղում ինձ օֆիս չունեի, տուն ունեի», - ժպտում է նա։

Ազատն ասում է, որ մանր հարցեր կան, որոնք երևանյան «Բարդակի» կյանքը անհամեմատ հեշտացնում են։ Օրինակ՝ Արցախում զովացուցիչ ըմպելիքների առաքում երեկոյան չէին անում, իսկ Երևանում ցանկացած ժամի առաքում են։

«Արցախյան բոլոր ծրագրերս պետք է տեղափոխեմ այստեղ, փաբը ոտքի կանգնեցնելուց հետո ուզում եմ զբաղվել ճամբարային ծրագրով և գինետան ստեղծումով», - պատմում է նա ու հավելում, որ Երևանում պետք է ավելի լավը ստեղծի ու ունենա դա միակ պայմանն է, որ իրեն լրիվ պարտված չզգա։

Ժաննա ՊՈՂՈՍՅԱՆ, Sputnik Արմենիա