«ԱՅՈ, ՍԱ ՎՐԵԺԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ է». ՈՎ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԱԽԵՆՈՒՄ ՌԵՎԱՆՇԻՑ ՝ ԱԼԻԵՎԸ, ԹԵ՞ ՆԻԿՈԼԸ

«Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, և այդպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը: …Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել և մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել՝ ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եվ մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության և փրկության վերահաստատումը: Եվ այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու»։

Սա մեջբերում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կիրակնօրյա քարոզից: Քանի՞ մարդ կարող է կրկնել այս խոսքերը Հայաստանում և Սփյուռքում։ Հազարավո՞ր, հարյուր հազարավո՞ր, միլիոնավո՞ր։ Ամեն դեպքում՝ բավականաչափ թվով մարդիկ, որպեսզի չմեռնի Արցախը վերադարձնելու երազանքը, պահպանվի անսահման սերն Արցախի նկատմամբ և խոր գիտակցումը, որ Արցախը մեր Հայրենիքն է, որի համար հարյուրամյակներ շարունակ հազարավոր հայեր զոհել են իրենց կյանքը: Եվ ինչպես Հայաստանի ցանկացած այլ սրբազան, անգին և կարևորագույն մաս, այն պետք է վերադարձվի։

Բնավ պատահական չէ, որ այդքան սինքրոն, բառացիորեն միաձայն հակահայկական ուժերը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ջանում են արմատախիլ անել այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ։ Պատահական չէ, որ այդքան վախենում են հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակությունից՝ հուսահատ փորձելով խոչընդոտել դրան։ Ընդ որում՝ բերելով ամենասուտ, ստոր ու ցինիկ փաստարկը, թե իբր՝ դա կխանգարի տարածաշրջանում խաղաղությանն ու սպառնալիք կդառնա Հայաստանի համար։

ՀՀ իշխանությունները ոչ միայն պարզապես հանձնեցին Արցախը թուրքերին և ոչ միայն երազում են մեկընդմիշտ տարանջատել այն Հայաստանից։ Նրանք ձգտում են Արցախն ու արցախցիներին դարձնել թշնամիներ և Հայաստանի Հանրապետության անցյալ, ներկա և ապագա բոլոր դժբախտությունների մեղավորներ: Այս մասին շատ է գրվել ու խոսվել, դրան են ուղղված եղել փաշինյանական ոհմակի գործողություններն ու քաղաքականությունը իշխանավարման ավելի քան 5 տարիների ընթացքում։ Բայց այսօր, երբ նրանք հասել են իրենց ուզածին և ազատվել «բեռից», դա դրսևորվում է առանձնակի ակներևաբար, նողկալիորեն և ամոթալի։ Նաև այն պատճառով, որ գործնականում ոչ մի տարբերություն չկա, թե ինչ են ասում և ինչ են ուզում Արցախի հարցում Բաքուն և դավաճանների թիմի ներկայացուցիչները Երևանում։

Դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Բաքվին երաշխիքներ են անհրաժեշտ, որ Երևանը չի փորձի «ռևանշ վերցնել» Ղարաբաղի հարցում, հավելելով, որ Ադրբեջանին հայտնի է, թե ինչ է «արդեն կատարվում Հայաստանում»: Միանգամայն հնարավոր է, որ այդ «երաշխիքները», չնայած նման պահանջների անհեթեթությանը, կամրագրվեն «խաղաղության պայմանագրում»։

Հիմա մի քանի մեջբերում Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչներից։

«Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,- նոյեմբերի 11-ին հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ «Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի՝ լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ», - հայտարարեց նույն ինքը մեկ ամիս անց և կոչ արեց ադրբեջանական ղեկավարությանը «չանել հայտարարություններ, որոնք կարող են ռևանշիստական տրամադրություններ արթնացնել Հայաստանում»։

«Հայաստանի Հանրապետությունում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»,- սա արդեն Էդմոն Մարուքյանն է: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես դեմ է Հայաստանում Արցախի պետական մարմինների գործունեությանը: «Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողով ու կառավարություն ես պահպանում, որ վաղը, մյուս օրը հարձակվես Ադրբեջանի վրա ու սեպ խրես հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մե՞ջ. դա չեղավ խաղաղություն»,- վրդովվեց Աղազարյանը, որն, անկասկած, Ադրբեջանում «բանականության» բազմաթիվ եղբայրակիցներ կգտնի իր համար, հենց որ Փաշինյանի հրամանով «բարեկամություն» հաստատվի։

Ժամանակային առումով վերջին օրինակը ոմն պատգամավոր Գևորգ Պապոյանի հայտարարությունն է, որը հնչեցրեց հետևյալ բառակույտը. «Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը: Գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ-ի ԱԺ-ն լուծարեն, գան Հայաստանում ԼՂ ԱԺ-ի նիստ անե՞ն: Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի գլուխը կերան, չպիտի թույլ տանք, որ Հայաստանի գլուխն էլ ուտեն: Հերի՛ք է»։

Այստեղ, իհարկե, ճիշտ ժամանակն է տալ ծեծված հարցը. իսկ ովքե՞ր են դա ասում: Ինչ-որ մանր մարդուկներ, որոնք հասել են իշխանության և մնում են այնտեղ բացառապես անձամբ Փաշինյանին իրենց նվիրվածության շնորհիվ, համաձայնում հնչեցնել ցանկացած հակահայկական հայտարարություն, միայն թե մնան կերամանի մոտ, որոշել են, թե իրենք կարող են ոչ միայն հանձնել Արցախը, այլև արգելել մեզ մտածել այն վերադարձնելու մասին։ Երևակայել են, թե կարելի է ինչ-որ «խաղաղության պայմանագրով» փակել Արցախի թեման և երաշխիքներ տալ մարդակեր Ալիևին, թե հայ ժողովուրդը կմոռանա իր Հայրենիքի մի հատվածի մասին և այլևս երբեք, համենայն դեպս՝ տեսանելի ապագայում, պայքարի չի ելնի հանուն նրա, լոկ այն պատճառով, որ այդպես է գրված երկու հանցագործների խզբզոցով թղթի վրա։

Հասկանալի է, որ Ալիևը մահու չափ վախենում է ռևանշից, քանի որ հասկանում է, որ հայերն աստիճանաբար ուշքի են գալիս և Ազգային-ազատագրական շարժման գաղափարները վաղ թե ուշ անխուսափելիորեն կրկին գերակշռելու են հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ: Դրա համար էլ նա Փաշինյանից երաշխիքներ է պահանջում, թե դա տեղի չի ունենա, իսկ Հայաստանի թուրքամետ ռեժիմի անդամները ջերմեռանդորեն հավաստիացնում են նրան, թե իբր՝ իրենք ի վիճակի են կանխել ազգային մտածողության վերածնունդն ու վերադարձը պայքարի ակունքներին։

Ո՛չ Ալիեվը, ո՛չ էլ սրանք, դատելով ամենից, չեն գիտակցում, թե որքան ողորմելի ու ծիծաղելի են իրենց ճիգերը՝ արմատախիլ անելու այն, ինչը ազգի մտածելակերպի անքակտելի մասն է, բխում է նրա բազմահազարամյա պատմությունից, և նույնիսկ հանգամանքների բերումով խլացված լինելով մի որոշ ժամանակ, չի կարող ոչնչացվել որևէ երաշխիքով ու պայմանագրերով:

Մտամուխ եղեք. փաշինյանները, սիմոնյանները, աղազարյաններն ու պապոյանները փորձում են արգելել մեզ երազել Արցախը վերադարձնելու մասին, այսինքն՝ գործնականում արգելել հայերին հայ լինել։

Հարցն այստեղ նույնիսկ այն չէ, որ դա արվում է Ալիևին հաճոյանալու համար, որպեսզի ամեն գնով ստորագրի տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը»։ Հարցն այն է, որ հենց իրենք էլ մահու չափ վախենում են ռևանշից, քանզի դա ռևանշ կլինի ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Դա ռևանշ կլինի նաև դավաճանների ոհմակի նկատմամբ, որոնք փորձում են ոչնչացնել Հայաստանի բուն էությունը՝ որպես ազգային արժեհամակարգի, գաղափարների և հոգեկերտվածքի եզակի համալիր, որում Հայրենիք հասկացությունը ենթադրում է ոչ թե որոշակի թվով քառակուսի կիլոմետրեր, այլ ներառում մեծ երազանք մեծ վերադարձի մասին։

Այդ երազանքը, որն իրականացավ Արցախի պարագայում 1994 թվականին՝ ողջ հայ ազգի վեցամյա վիթխարի ջանքերի և ինքնազոհության գնով, Փաշինյանի ռեժիմը փորձում է ոչ միայն սպանել, այլև հուսալիորեն թաղել: Նրանց կարճ խելքով՝ դա կարող է երաշխավորել իրենց արած ամենի համար ռևանշի բացակայությունը և հետագա անհոգ կյանքը՝ որպես շնագայլեր ու մակաբույծներ հայոց պետականության և հայոց երազանքի մարմնի վրա։ Այստեղից էլ՝ Սիմոնյանի մոլեգնությունը, Մարուքյանի բացարձակ կոլաբորացիոնիզմը, Աղազարյանի տխմարությունը և Պապոյանի զազրելիությունը։

Ռևանշը նրանցից կխլի այն անհոգ ու ապահով կյանքը, որին նրանք վերջապես հասել են, և որից ոչ մի դեպքում չեն ուզում զրկվել։ Արցախի համար վրեժը կլինի նրանց նողկալի բարօրության վերջը։

Անասնաֆերման ողջ ուժով հուսահատորեն պաշտպանում է իր կերատաշտն ու արտաքնոցը: Քանի որ գիտի. ռեվանշ լինելու է։ Վրեժ լինելու է: Վերադարձ լինելու է: