ՀԱՂԹԱՆԱԿԱԾ «ԹԱՎԻՇԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 932 731 մարդ։ Այս մասին վկայում են երկրի բնակչության 2022 թվականին անցկացված երրորդ մարդահամարի ամփոփ տվյալները, որոնք հրապարակվել են հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Ընդ որում, 2011 թվականին բնակչության երկրորդ մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը կազմում էր 3 018 854 մարդ, իսկ 2001 թվականի առաջին մարդահամարով՝ 3 213 011։ Քաղաքային բնակչության բաժինը կազմում է 63,8%, գյուղական բնակչությանը՝ 36,2%, ընդ որում 2011 թվականի համեմատ՝ քաղաքաբնակների թիվն աճել է (63,3% 2011 թվականին), իսկ գյուղական բնակչության թիվը՝ նվազել (36,7% 2011 թվականին)։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԵԹԵ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ՏԵՂ ԵՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁԱՄԲ ԴՐԱ ՂԵԿԱՎԱՐԸ ժողովրդագրությանն ու Հայաստանի բնակչության թվաքանակին, ապա ներկայացված թվերն ուղղակիորեն վկայում են այն մասին, որ խոստացված դրական շարժեր այստեղ, մեղմ ասած, չկան։ Մինչդեռ «սարեր» էին խոստանում։

Հիշեցնենք, 2019 թվականի ամռանը Ստեփանակերտում Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի առաջիկա 30 տարիների գերխնդիրների հայտնի ցանկը։ Այդ «մոնումենտալ աշխատության» մեջ, բացի ամենայնից, նշված էր նաև մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակը։ Եվ ահա այսօր, 5 տարի անց պարզվում է, որ երկիրը նույնքան հեռու է հայտարարված նշաձողից, որքան տարիներ առաջ։ Սկզբունքորեն դա բոլորովին էլ չի զարմացնում։ Եթե հիշենք 30 տարվա համար Փաշինյանի ֆանտաստիկ գերխնդիրների ողջ ցանկը, ապա կպարզվի, որ դրա գործնականում բոլոր կետերում գրանցված է հետընթաց։ Տվյալ դեպքում չենք գնահատի դրանց իրականալիությունը և առհասարակ օրակարգի լրջությունը, որի կետերից մեկը, օրինակ, նախատեսում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակ աշխարհի առաջնությունում։ Հիմա խոսքը փոքր-ինչ այլ բանի մասին է։ Այս կառավարությունը ոչ միայն հռչակել է անիրագործելի նպատակներ, այլև ֆանտաստիկ արագությամբ շարժվում է այդ նպատակների հակառակ ուղղությամբ։

Թեպետ, վերադառնանք բնակչության թվաքանակի հարցին։ Այսպիսով, համաձայն ներկայացված թվերի, վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 86 123 շնչով։ Ասենք ուղղակի. մեզ համար, Հայաստանի համար դա փոքր թիվ չէ։ Սակայն կա ցուցանիշ, որի վրա սույն ենթատեքստում պետք է առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացնել։ Ահա ուրեմն. երկրի բնակչության այդ կրճատման մոտավորապես կեսը տեղի է ունեցել հաղթնակած «թավիշի» ժամանակաշրջանում։ Համաձայն հենց նույն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 2 մլն 972 հազար մարդ։ Այսինքն, 5 տարուց էլ պակաս ժամանակահատվածում երկրի բնակիչների թիվը նվազել է 40 հազարով։ Ուղիղն ասենք, սա նվազման բավական բարձր տեմպ է նույնիսկ նախորդ ժամանակահատվածների համեմատ։ Բայց է՛լ ավելի տպավորիչ է դա դիտվում, կրկնեմ, 30 տարվա ընթացքում երկրի բնակչության թիվը գրեթե կրկնապատկելու գերհավակնոտ խնդրի խորապատկերին։

Իհարկե, այս իշխանությունը երբեք չի խոստովանի իր հերթական խայտառակ ձախողումը։ Չի խոստովանի, որ իր կազմաքանդած Հայաստանում երկրի գնալով ավելի մեծ թվով քաղաքացիներ նախընտրում են չապրել։ Եթե մի քանի տարի առաջ կային մարդիկ, որոնք պայծառ ապագայի հույսեր էին կապում «թավիշի» հետ, ապա այժմ նույն այդ «թավիշը» նույնանում է դժնի ու ողբերգական ոչ վաղ անցյալի, ահռելի կորուստների, իսկ մոտ ապագայում՝ կանխատեսվող դժբախտությունների ու աղետների հետ։