Լուիս ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 2023 Թ-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհավանական է, բայց 1915 թ-ից հետո այսօր մենք հայերի դեմ նոր Ցեղասպանության ականատեսն ենք դառնում։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

 

«Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նոր զեկույցը Սան Պաուլոյի համալսարանի համար է արվել, և, ըստ էության, փոխլրացնում է այն զեկույցին, որը պատրաստել էի անցյալ տարի օգոստոսին։ Սա արվել է Արցախի նախագահի խնդրանքով, ով այսօր գտնվում է Բաքվի բանտում՝ ինչպես Արցախի մյուս առաջնորդները, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։

Հոկտեմբերին ես Հարավային Ամերիկայի խոշորագույն համալսարանին՝ Սան Պուլոյի համալսարանին եմ միացել, և մենք փորձում ենք քննարկել իրավունքին և օրենքին առնչվող հարցեր։ Անհավանական է, բայց 1915 թ-ից հետո այսօր մենք հայերի դեմ նոր Ցեղասպանության ականատեսն ենք դառնում։ Արցախի հայությունը 2023թ-ի Ցեղասպանության զոհերն են, և սա չի կարելի անտեսել։ Մինչ օրս այն պետությունները, որոնք որ ժխտում էին Ցեղասպանությունը, այսօր սկսել են, նույնիսկ ԱՄՆ-ն, հետազոտություններ անցկացնել այդ ուղղությամբ»,- ասաց Մորենո Օկամպոն։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու միակ ձևը այն է, որ ապացուցենք՝ նրանք ցեղասպանության զոհ են։

«Կարևոր է խոսել Ցեղասպանության մասին, որովհետև նախ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու միակ ձևն այն է, որ ապացուցենք՝ նրանք ցեղասպանության զոհ են։ Հետևաբար՝ նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, իրավունք ունեն փոխհատուցում ստանալու, և ամենակարևորը՝ բանտում գտնվող առաջնորդները պետք է ազատ արձակվեն, նրանք այսօր Բաքվում գերության մեջ են։ Նրանք, ըստ էության, պատանդ են, ինչո՞ւ են պատանդ, որովհետև Ադրբեջանը փորձում է ուղերձ ուղարկել հայերին՝ նայեք Լեռնային Ղարաբաղին, եթե վերադառնաք, մենք ձեզ նվաստացնելու ենք, բանտարկելու ենք կամ ոչնչացնելու ենք։ Հետևաբար՝ մենք այդ մարդկանց պահում ենք բանտում որպես ապացույց։ Այդ պատճառով նրանց պետք է ազատել ինչքան հնարավոր է արագ։ Այս ամենը Ցեղասպանություն է, և, ըստ էության, այս նոր զեկույցը փոխլրացնում է այն պատկերը, որը ես նկարագրել էի օգոստոսին»,- ընդգծեց Լուիս Մորենո Օկամպոն։

Alpha News