Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԽՈՍԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԻՑ

Փաշինյանի հարցազրույցում, այնուամենայնիվ, մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչո՞ւ է նա շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը:

Ինչ էլ ասի, ոնց էլ փաթեթավորի, ում գլխին էլ փորձի պատասխանատվությունը ջարդել, դա միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

Փաշինյանը, անխոս, գիտակցում է, որ նման բաները մարսվող չեն և որ անկախ իր կամքից, պետական մեքենայի ջանքերից ու քարոզչական «պերեդոզից», մեկ է` գալու է հատուցման պահը:

Պատմությունը խմբագրել, սրբագրել, ջնջել պարզապես անհնար է և նա, իրեն սպասարկող մարդիկ` անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ են ներկայացնում, պատմության մեջ մնալու են որպես հող հանձնող, սեփական հայրենիքը դավաճանող և թշնամու առաջ ծնկի եկող կերպարներ:

Դա է պատճառը, որ Փաշինյանը գիտակցելով այս ամենը շարունակում է կեղծել, ստել և արդարանալ` անիմաստ ջանքեր գործադրելով փորձում է փրկվել պատմության դատավճռից»:

Aysor.am