ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ՝ ՀԱՐՎԱԾ «ՌԵՎԱՆՇԻԶՄԻՆ»

Ի՞նչ է սպասվում մեզ գալիք տարում։ Առաջնահերթ խնդիրը լինելու է հայոց անկախ պետության պահպանումը։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ։ Համաձայն որի՝ «Արցախը Ադրբեջան է, և բացականչական նշան», Հայաստանը պարտավորվում է դառնալ տարանցիկ խաչմերուկ Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ նույն ազգի երկու պետություններին առավել բարենպաստ ռեժիմով, ինչպես նաև կանխել իր տարածքում «ռևանշիզմի» ցանկացած դրսևորում՝ բառի ադրբեջանական ընկալումով։

Այսինքն, պետք է փոխել Սահմանադրությունը, դրանից հանել հղումներն Անկախության հռչակագրին։ Ավելին, չի բացառվում, որ հայ-ադրբեջանական պայմանագրի նմանությամբ կնքվի հայ-թուրքական խաղաղության պայմանագիր։ Նշանակում է՝ հարկ կլինի փոխել հանրապետության զինանշանը, բացառելով Արարատ լեռը, և Հայաստանում արգելել ՀՀԿ գործունեությունը, որի հիմքում Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն է, արգելել նաև ՀՅԴ կուսակցության գործունեությունը, որի ծրագրում կենտրոնական տեղը զբաղեցնում է Հայ դատը, այսինքն միջազգային ասպարեզում հայ ժողովրդի իրավունքների բարձրացման հարցը։ Ըստ Ալիևի՝ ամենաիսկական «ռևանշիզմ»։

Ինչո՞վ են պայմանավորված նման եզրահանգումները։ Ոչ միայն նրանով, որ Ալիևն ամեն հարմար առիթով ասում է, թե Բաքվին «ռևանշիզմի» բացառման երաշխիքներ են պետք։ Այլև նրանով, թե ինչպես են արձագանքում իշխող կուսակցության ներկայացուցիչներն այդ պահանջներին։ Այսպես, Գևորգ Պապոյանը, պատասխանելով Ալիևին, ասում է, որ վերջինս չպետք է վախենա ռևանշիզմից, որովհետև հենց դրա համար էլ կնքվում է պայմանագիրը… Այսինքն խաղաղության պայմանագրում նախատեսվում է հատուկ կետ՝ Ալիևին անհրաժեշտ բովանդակությամբ։

Օրինակ՝ այսպիսի. «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլ չտալ իրենց տարածքում այն կառավարությունների, կազմակերպությունների, խմբերի կամ առանձին անձանց ներկայություն կամ կազմավորում, որոնք նպատակադրում ունեն պայքարել մյուս կողմի դեմ կամ հարցականի տակ են դնում մյուս կողմի տարածքային ամբողջականությունը»։ Կամ էլ ինչ-որ այլ ձևակերպումով, կարևոր չէ։ Բայց հենց դրանից է բխում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» այդչափ եռանդուն պայքարը Հայաստանի տարածքում Արցախի պետական ինստիտուտների պահպանման դեմ։

Կառավարությունը սեղմելու է պնդօղակները, ուժեղացնելու է բռնաճնշիչ ապարատը, դաժան գրաքննություն է կիրառելու մամուլի հանդեպ։ Արգելանքի տակ կարող են հայտնվել նաև առանձին քաղաքական գործիչներ։ Բաքուն, օրինակ, կարող է պահանջել հանձնել Ռոբերտ Քոչարյանին…

Մի խոսքով, նման պայմանագրի ստորագրմամբ նախադրյալներ կստեղծվեն նրա համար, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը և անցնի արդեն լիակատար արտաքին կառավարման տակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Անկարան և Բաքուն կարող են, օրինակ, պայմանագրի խախտման մեջ մեղադրել… հայ ժողովրդի պատմության դասագրքերը և պահանջել, որ դրանք գրված լինեն այնպես, որպեսզի հող չստեղծեն «ռևանշիզմի» գաղափարների տարածման համար։ Այդ իսկ պատճառով լավ հոտառություն ունեցող կառավարական պաշտոնյաները արդեն հիմա ներողություն են խնդրում, երբ «շփոթվելով» Լեռնային Ղարաբաղն անվանում են Արցախ…

Ստորագրվելուց հետո խաղաղության պայմանագիրը կներկայացվի խորհրդարանի հավանությանը։ Կհաջողվի՞ արդյոք հասնել նրան, որ խորհրդարանի որոշումից առաջ պայմանագիրը դրվի համաժողովրդական հանրաքվեի, թե՞ Փաշինյանն ամեն ինչ ինքնուրույն կվճռի։ Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում և «Քաղաքացիական պայմանագիրը», պարտավոր են միանշանակ նախանշել իրենց դիրքորոշումն այդ հարցում։

Հասկանալով, որ շուտով հրատապ է դառնալու հանրաքվեի կամ կամ նոր խորհրդարանական ընտրությունների հարցը, «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է իր բուռը հավաքել տեղական իշխանության բոլոր մարմինները և աստիճանաբար իրականացնում է այդ գործընթացը։ Կշարունակվի նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման գործընթացը, որպեսզի ընտրողը հասկանա. «ոչ մի տեղից չենք կարող օգնություն սպասել», պետք է ընդունել Անկարայի և Բաքվի պայմանները, որոնք անցնող տարում արդեն 14 համատեղ զորավարժանքներ են անցկացրել։