«ԿԼԻՄԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ» ԵՎ ԱԴՐԲԵՋԱ՞ՆԸ։ ԴՈՒՔ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԾԱՂՐՈՒՄ ԵՔ
Օրերս Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայընը, անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը», հայտարարեց, թե «կողմերը միմյանց նկատմամբ աջակցություն ցուցաբերեցին շատ առումներով, այդ թվում՝ իրենց միջազգային ձգտումներում, օրինակ՝ նրանում, որ Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ունի»։
ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԳՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՎԵՐՈՆՇՅԱԼ «համատեղ հայտարարությունում» տեղ գտած մի շարք բնորոշումներ պարզապես ծաղրուծանակ են հայերի, Հայաստանի, Արցախի ողբերգության հասցեին։ Օրինակ, Ադրբեջանի «մարդասիրության արժեքները» և «բարի կամքը»։ Ոչ պակաս լկտի է հնչում «կլիմայի հարցերով կոնֆերանսի» և «Ադրբեջան» բառի համակցումը։ Եվ սա արդեն ոչ միայն հայերի, այլ ողջ աշխարհի ծանակումն է, քանզի այն երկիրը, որին պետք էր խստագույն պատասխանատվության ենթարկել Արցախում իրագործած էկոցիդի համար, ոչ միայն «մարսեց» դա, այլև դեռ հնարավորություն է ստանում անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի հարցերով կոնֆերանսը, ընդ որում՝ հայկական ղեկավարության աջակցությամբ։
Եկեք հիշենք այն, ինչ նախորդել էր այս տարվա սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը և այնուհետ Արցախի սրընթաց հայաթափությանը։
Ալիևյան ռեժիմն օգտագործեց հենց բնապահպանական թեմատիկան, որպեսզի փակի Լաչինի միջանցքը և բազմամսյա տոտալ շրջափակման ենթարկի Արցախը։ Հիշենք այսպես կոչված էկո-ակտիվիստներին՝ բնական մորթե մուշտակներ հագած ադրբեջանական «բնապահպաններին», որոնց ձեռքին մարդասպան Ռամիլ Սաֆարովի դիմանկարներն էին, որը կացնով գլխատեց քնած հայ սպային և դրանով Ադրբեջանում հռչակվեց ազգային հերոս, մեռած աղավնիներ թափահարող «բնապահպաններին», որոնց ներվեց հեռահար նպատակներով սադրանքը, որ դեռ այն ժամանակ հասկանալի էին ցանկացած ողջամիտ մարդու։ Սակայն համաշխարհային բազմաթիվ ԶԼՄ-ներ, խաբվելով «բնապահպան» բառին, Բաքվի հանցագործությունները խստիվ դատապարտելու փոխարեն՝ հանդես եկան ի աջակցություն ադրբեջանցիների հնչեցրած իբր բնապահպանական խնդիրների։
Այնինչ իրականում բնապահպանության և կլիմայական թեմատիկայի պարագայում պետք էր առաջին հերթին հիշեցնել աշխարհին այն մասին, որ Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց կորոնավիրուսի համավարակի ժամանակ, Ադրբեջանը պատերազմում օգտագործեց արգելված ֆոսֆորային արկեր, հրկիզեց անտառները, դրանով իսկ, ռազմական ագրեսիայի, խաղաղ բնակչության ոչնչացման, տարածաշրջանում ահաբեկչական խմբեր տարածելու հետ մեկտեղ, իրականացնելով էկոցիդ, որի հետևանքները անդրադարձել են և դեռ երկար են վարակելու ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ողջ տարածաշրջանը և մի բան էլ ավելի։
ԵՐԲ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵՑ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնապահպան Կարինե Դանիելյանը (ցավոք, նա արդեն մեզ հետ չէ) հայտարարեց. « Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է անտառային ամբողջ զանգվածներ, սարսափելի էկոլոգիական վնաս է հասցվում ոչ միայն փոքրիկ Արցախին, այլև ողջ Հարավային Կովկասին և նույնիսկ համայն մոլորակին…Ադրբեջանական զինված ուժերի կողմից ֆոսֆորային արկերի օգտագործումը, որոնցում վտանգավոր է ոչ միայն ինքնին ֆոսֆորը, այլև ուղեկցող տարրերն ու նյութերը, վկայում է շրջակա միջավայրի թունային սաստիկ աղտոտման և էկոլոգիական լայնածավալ աղետի առաջացման մասին, որն, ի դեպ, կանդրադառնա և՛ հենց Ադրբեջանի, և՛ Թուրքիայի վրա, կշոշափի Արցախը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը և այլն, ընդգրկելով շատ մեծ տարածք: Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի օգտագործումը, ի թիվս ամենի, էկոլոգիական հանցագործություն է»։
Ակնհայտ է, որ հողում կուտակված ֆոսֆորը ծայրաստիճան թունավոր է, դրա ներգործությունը կենդանական և բուսական աշխարհի, մարդու վրա մահացու վտանգավոր է, մանավանդ որ արդյունքում թունավոր միացությունները անցնում են ջրին, այդ թվում՝ խմելու, ինչպես նաև սննդամթերքին։ Այսպիսով, ագրեսորի՝ ի դեմս թուրք-ադրբեջանական տանդեմի, սադրած բնապահպանական աղետը կշարունակվի երկար տարիներ։
Իսկ եթե նշենք այն փաստը, որ Արցախն ունի չափազանց հարուստ ու բազմազան ֆլորա և ֆաունա, ապա ահաբեկչական Ադրբեջանի պատճառած էկոլոգիական վնասը համաշխարհային հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես տեղային կամ տարածաշրջանային, այլ համամոլորակային կորուստ։
Ավելորդ չէ հիշեցնել նաև այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը երկար ժամանակ հրաժարվում էր հավաքել իր զինվորների դիերը, թողնելով, որ դրանք քայքայվեն և վտանգավոր թունանյութեր տարածեն։ Ինչը վկայում է այդ երկրի ոչ միայն բարոյական պատկերի, այլև բնապահպանության նկատմամբ վերաբերմունքի մասին։
Այսպիսով, «real ecology»-ի ենթատեքստում Ադրբեջանը վաղուց պետք է քրեական պատասխանաիվության ենթարկված լիներ միջազգային մակարդակով՝ այն հրեշավոր վնասի համար, որ հասցրել է էկոլոգիային։ Եվ ՀՀ իշխանությունները պարտավոր էին այդ մասին ահազանգել միջազգային ամեն հարթակում։
Սակայն դա տեղի չունեցավ և այսօր էլ տեղի չի ունենում, դատելով չարաբաստիկ «համատեղ հայտարարությունից», որի առնչությամբ Օ'Բրայընը հաղորդում է, թե «կողմերը միմյանց նկատմամբ աջակցություն ցուցաբերեցին շատ առումներով, այդ թվում՝ իրենց միջազգային ձգտումներում, օրինակ՝ նրանում, որ Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ունի»։ Ադրբեջանն «իրավունք ունի» կլիմայի հարցերով կոնֆերանս անցկացնելո՞ւ։ Դուք ծաղրում եք։