«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը նախաձեռնվել է 2018-2019 թվականներին՝ Թումոյում անցկացված աշխատարանների ընթացքում ուսանողների կողմից մի շարք հայկական պատմամշակութային հուշարձանների սկանավորմամբ:

Լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով Թումոյի ուսանողներն այս ընթացքում թվայնացրել են Դիլիջանի ազգային պարկում գտնվող Մաթոսավանքը, Արագած լեռան վրա գտնվող Ամբերդ ամրոցը, Քարվաճառի Դադիվանք վանական համալիրը, Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը և մի շարք այլ վայրեր: Մինչ այս պահը սկանավորվել է 230 վայր, իսկ Հայաստանի մնացյալ բոլոր կարևոր հուշարձանները կթվայնացվեն առաջիկա տարիների ընթացքում:

Նախաձեռնության շրջանակում թվայնացվել են Արցախի մի շարք կարևորագույն հուշարձաններ: 2020 թվականի 44-օրյա պատերազմին անմիջապես հաջորդող շաբաթների ընթացքում Թումոյի աշխատակիցները բարձրորակ եռաչափ սկանավորման միջոցով թվայնացրել են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և Բերձորում գտնվող 46 պատմամշակութային վայր, այդ թվում՝ Տիգրանակերտը, Ծիծեռնավանքը, Հակի կամուրջը և մի շարք այլ հնագիտական վայրեր, վանական համալիրներ և հուշարձաններ: Արցախում և Հայաստանի սահմանամերձ հատվածներում գտնվող ևս 30 պատմական և մշակութային կոթողներ են սկանավորվել 2022 թվականի նոյեմբերին:

Արդյունքում ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս մանրամասնորեն փաստագրել և ուսումնասիրել պատմամշակութային կարևորություն ունեցող հայկական հուշարձանները՝ նպաստելով դրանց երկարաժամկետ պահպանմանը: Դրանք կարևոր ռեսուրս են կրթական և մշակութային աշխատանքների, ինչպես նաև թվային մեդիա արտադրության համար: Ավելին, եռաչափ պատկերները գիտական հաստատություններին և գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պահպանման և վերականգնման աշխատանքներ:

Աշխատանքները ներկայում մեծ տեմպերով շարունակվում են Հայաստանում. սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, իսկ առաջիկա 2-3 տարվա ընթացքում նախատեսվում է սկանավորել 300 հայկական հուշարձան:

Զուգահեռաբար մշակվում են սկանավորման տվյալները՝ ստեղծելով բարձրորակ և ամբողջապես գունավորված եռաչափ վիզուալիզացիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն մանրամասնորեն չափագրել և ուսումնասիրել պատմական վայրերը, այլև «շրջել» դրանց տարածքում: Այս ինտերակտիվ մոդելները պատմական ակնարկների և համապատասխան այլ տեղեկատվության հետ միասին հանրությանը հասանելի դարձնելու համար 2024 թվականին կհրապարակվի շարունակաբար թարմացվող օնլայն հարթակ:

«Շատ կարևոր է, որ այս թվային արխիվը հասանելի է լինելու լայն հանրությանը և որ այն փաստագրում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պատմամշակութային վայրերը: Արխիվը մասնագետներին թույլ կտա վնասման և ոչնչացման վտանգի տակ հայտնված հուշարձանների առավել արդյունավետ մոնիթորինգ իրականացնել` նպաստելով նաև վերականգնման և վերակառուցման հետագա աշխատանքներին»,- նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: