ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑԵԼ ԵՆ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԼՈՆԴՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լոնդոնն աջակցել է բրիտանական ներդրումներին Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններում՝ միաժամանակ հայտարարելով, որ մտադիր չէ մասնակցել վերջերս հայերի կողմից լքված տարածքներում իրականացվող նախագծերին, հաղորդում է Eurasianet-ը։

«Բրիտանական կառավարությունը խրախուսում է բրիտանացի ձեռներեցներին մասնակցել Ադրբեջանի տարածքների վերականգնմանը, հիմնականում Լեռնային Ղարաբաղից դուրս, որին Բաքուն տիրացավ վերջին տարիներին»,- գրել է կայքը և նշել, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակ դռների հետևում դեռ խրախուսում է ձեռնարկատերերին ներդրումներ կատարել Ղարաբաղում ադրբեջանական նախագծերում։

Հոդվածի հեղինակ Ջեյմս Դաուսեթի խոսքով՝ նոյեմբերի սկզբին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը առցանց միջոցառում է անցկացրել գործարարների համար, որտեղ Ադրբեջանի իշխանությունների ղարաբաղյան ծրագրերին մասնակցությունն անվանվել է «նավթից և գազից դուրս ամենամեծ առևտրային հնարավորությունը»։ Նա նշել է, որ բրիտանական էներգետիկ, ճարտարապետական ​​և հանքարդյունաբերական ընկերությունները պայմանագրեր են կնքել Բաքվի հետ Ղարաբաղում աշխատելու համար, իսկ ոմանք արդեն ակտիվորեն իրականացնում են կոմերցիոն նախագծեր։ «Վեբինարը հազիվ էր հիշատակում Ղարաբաղից հայ փախստականների ճգնաժամը սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, որը հաջորդեց տարածաշրջանի իննամսյա շրջափակմանը», – ավելացրել է հեղինակը:

Մեկ այլ միջոցառման ժամանակ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կարևորել է բռնազավթված տարածքներում բրիտանական բիզնեսի ճարտարապետական ​​հնարավորությունները։ Այնուամենայնիվ, մասնակիցներին ուղղված իր խոսքում դեսպանատան պաշտոնյա Էդեն Քլեյթոնը շեշտել է տարբերությունը 2020 թվականին նվաճված «պատմականորեն գերակշռող ադրբեջանական» հողերի և Ղարաբաղի հայկական տարածքների միջև, ինչպիսին Ստեփանակերտն է:

Դաուսեթը նշել է, որ բրիտանական ճարտարապետական ​​Chapman Taylor ընկերությունը Բաքվից Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագծի պատվեր է ստացել դեռևս 2020 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի հետ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, իսկ 2021 թվականի մարտին ընկերության ներկայացուցիչները գնացել են պատերազմից տուժած քաղաքը և համաձայնեցրել ադրբեջանցիների հետ պայմանագրային մանրամասները։

Eurasianet-ը նաև հայտնել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Շուշիի վերականգնման վերաբերյալ թափանցիկության և հանրային քննարկումների բացակայության մասին, քանի որ առցանց պաշտոնական մրցույթ չի հրապարակվել: Դեսպանատունը Eurasianet-ին ասել է, որ «ներկայումս ներգրավված չէ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից վերջերս նվաճված տարածքը վերականգնելու ջանքերում» և որ աջակցում է ղարաբաղցի հայերի վերադարձին իրենց տները։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100632 մարդ։

Նոյեմբերին The Guardian-ը հայտարարել էր, որ բրիտանական նավթագազային British Petroleum (BP) ընկերությունը ֆինանսավորում է ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։ Ավելի ուշ American Enterprise Institute-ը (AEI) հայտարարել էր Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման դեպքում BP-ի հեղինակությանը սպառնացող վտանգի մասին։

Armenia Today